Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին, ասել է, թե Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ըստ «Ինտերֆաքսի», Վլադիմիր Զայնետդինովը ասել է, որ ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով:
ՀԱՊԿ մամուլի քարտուղարը հավատացրել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են Հայաստանի իշխանության հետ: «Հայաստանի պաշտպանության նախարարությունից սպառիչ տեղեկություններ ենք ստացել ռազմական բախման վերաբերյալ: Գտնում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ