Ինչպես հաղորդում է РИА новости գործակալությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին գործակալությունը տեղեկացել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՌԴ պաշտպանության նախարարությունը ապրիլի լույս 2-ի գիշերը գրանցել է ղարաբաղյան հակամարտության սրում: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ այդ տարածաշրջանը գտնվում է ՌԴ ՊՆ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: «Այդ կապակցությամբ ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսային արտակարգ բանակցություններ է սկսել իր գործընկերների՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ՝ հակամարտության գոտում իրավիճակի կայունացման անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասված է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության ուղարկած հաղորդագրության մեջ: