Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ծայրահեղությունների

Ապրիլ 02,2016 13:24
Arcax

Ամեն անգամ, երբ լարվում է իրավիճակը սահմանին, Հայաստանի ներսում ի հայտ է գալիս երկու տիպի ծայրահեղություն: (Թե ինչ են երբեմն խոսում եւ գրում արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները, չեմ ուզում քննարկել, նրանց մեջ հաճախ խոսում է «աբիժնիկությունը»): Այստեղ՝ Հայաստանում, ծայրահեղությունները երկուսն են՝ «վայ, կորանք, պատերազմ է սկսվել» եւ՝ «հեսա թուրքերին կջարդենք, կփշրենք»: Թե՛ ավելորդ տագնապները եւ թե՛ հակառակորդին թերագնահատելը հասուն մտքի արգասիքներ չեն:

Իրականությունն, իմ կարծիքով, հետեւյալն է.

1/  1992 թվականին սկսված պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է եւ շարունակվելու է տարիներ, գուցե տասնամյակներ: Երկու կողմերից էլի կլինեն զոհեր ու վիրավորներ:

2/ Հայաստանն ու Արցախը չեն կործանվի, աշխարհի երեսից չեն ջնջվի, մենք շարունակելու ենք ապրել մեր հողում: Ով չի ուզում, իր գործն է:

3/ Արցախ – Ադրբեջան շփման գիծը էական փոփոխություններ չի կրի (Հայաստան-Ադրբեջան պետական սահմանն ընդհանրապես քննարկման առարկա չի): Ադրբեջանն ուժ չունի դա անելու, մերոնք ուժ ունեն, բայց դա չեն անի՝ քաղաքական հաշվարկներից ելնելով:

4/  Արցախցիներն ընկրկողը, նահանջողը չեն  (հավատացեք, դա գիտեմ ոչ միայն համացանցից կամ գրքերից):

5/  Ի հեճուկս պատերազմի, Հայաստանն ու Արցախը պետք է լինեն ազատ եւ ժողովրդավարական երկրներ,  զարգացած տնտեսությամբ եւ մշակույթով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ներածականին մէջ նշվում են միայն Հայաստանի բնակիչները եւ «արտասահմանում ապրող նախկին հայաստանցիները»:

    Իսկ արտասահմանում ապրող ոչ-հայաստանցի հայերը՞…
    Այդ աստիճա՞ն անհետացած ենք ուրեմն…

    Գիտցէք միայն թէ իսկապէս ահաւոր տագնապի մէջ ենք,
    մենք ալ… «այդտեղ»:

    (Հիւսիսային Ամերիկայում յատկապէս ցնցված ենք, նկատի ունենալով որ, պատերազմի բռնկման պատճառներին վերաբերող բազմաթիւ վարկածների ամենահաւանականներից մին այն է, թէ՝ Թուրքիոյ միջոցաւ, ԱՄՆ-ի կողմէ Ռուսաստանի դէմ հարված մըն է կատարվածը… Ռուսաստանի ազդեցութեան տակ գտնվող տարածքաշրջանը ծանրօրէն անկայուն դարձնելու միտումով… )

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հայդուկ ջան, դուք ավելի բարի եք Հայաստանի նկատմամբ, քան այստեղից հեռացած-նեղացածները: Դրա համար այդ համատեքստում չեք հիշատակվում:

      • Հ.Շ. says:

        Մենք ուղղակի պաշտում ենք Հայաստանը: Բառին ոչ թէ փոխաբերական, այլ տառացի իմաստով: Չափազանց մեծ ու բազմերանգ յուզում կայ այս օրերին մեր գիտակից շրջանակների մէջ՝ տխրութիւն, խռովք, զայրոյթ, մտահոգութիւն, Ցեղասպանութեան վէրքերի վերաբորբոքում… Կը ջանանք միջազգային ուշադրութիւնը զարթնեցնել, այլազան մակարդակների վրայ: Կը հանդիպինք ընդհանրապէս անտարբերութեան, երբեմն ալ վիրաւորական արտայայտութիւնների: ( Իսկ եթէ վերեւ նշած վարկածս ճիշդ է, այս անգամ, Հիւիսային Ամերիկայում, թշնամի հողի վրայ ենք: Այդ ալ բառացիօրէն: )

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930