«Գնում ենք թուրքերի հերն անիծենք, մեզ ինչ կա, կորցնելու բան չունենք, թո՛ղ իրենք մտածեն». Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մի խումբ կամավորներ հավաքվել են Ազատամարտիկների միության դիմաց: Նրանք ցանկանում են գրանցվել՝ անհրաժեշտության դեպքում այցելելու համար առաջին գիծ: Կամավորների շարքում ինչպես մեծահասակներն են, այդպես էլ երիտասարդները, նրանց աջակցում են նաեւ երեխաները:
Մասնավորապես 6-ամյա Տիգրանը իր նկարով եկել է քաջալերելու հավաքվածներին: Նկարը Տիգրանը այսպես էր մեկնաբանում. «Հայերենիքն են պաշտպանում»:
Կամավոր Ալբերտ Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ եթե իրենց թողած լինեին, արդեն Բաքու հասած կլինեին. «Դիրքերում մեր երեխեքն են, եւ մենք մեր երեխաներին թիկունք պիտի կանգնենք: Հնարավոր է, որ նրանք արահետները այնպես չեն ճանաչում, ոնց որ մենք: Հայրենիքից քաղցր բան չկա: Այս հողը մերն է եւ կա, իսկ թուրքը թպրտա, նա թուրք էլ կմնա: Թուրքը էդքան պլոճիկ չունի, որ մեր սահմանները անցնի: Մի օր գալու է, որ Բաքվում թեյ ենք խմելու, իսկ Ալիեւն է թեյ մատուցելու»:
Նա հավելեց, որ «թուրքն իր պոզերը տնկել է», ամեն տարի երկու անգամ «տնկում է»՝ «Պետք է գնանք պոզերը ջարդենք». «Մեզ ոչ ոք չի կանչել, մեր հոգու կանչն է: Մեր երիտասարդները մեր էստաֆետան վերցրած, ինչպես մենք ենք մեր պապերից վերցրել, իրենք էլ մեզնից են վերցրել ու այդպես էլ շարունակում են»:
Կարդացեք նաև
Ազատամարտիկների միության աշխատակից Ալվարո Շեկյանն էլ հավելեց, որ հայրենիքը նման է երեխային, եթե երեխան հիվանդանում է, ապա տանում են հիվանդանոց, նույնն էլ իրենք՝ վտանգի պահին համախմբվում են եւ պատրաստ են մասնակցել բոլոր գործողություններին: Նա ընդգծեց, որ Ազատամարտիկների միությունը ժամանակ առ ժամանակ նման այցեր է կազմակերպում, խաղաղ ժամանակ էլ են մեկնում դիրքեր՝ զինվորներին աջակցելու համար:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ստեփանակերտ