Քննչական կոմիտեին օրերս հաջողվեց պարզել «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեին ուղարկված՝ Երեւան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթեցնելու մասին սուտ հաղորդագրության հեղինակին:
Հիշեցնենք, որ հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով մարտի 24-ին: Պատկան մարմինների իրականացրած ստուգումների միջոցով պարզվել էր, որ հաղորդագրությունը կեղծ է, որեւէ պայթուցիկ նյութ այդպես էլ չէր հայտնաբերվել ո՛չ օդանավակայանում, ո՛չ էլ առավել եւս Երեւան-Մոսկվա չվերթի օդանավում:
Դրանից հետո քննչական կոմիտեն ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ գործողություններ էր իրականացնում` բացահայտելու հաղորդագրություն ուղարկած օգտատիրոջ ինքնությունն ու արարքի դրդապատճառները: Ի վերջո հնարավոր եղավ բացահայտել, որ էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել էր նամակը, ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը: Նա ինտերնետային ցանցին է միացել երրորդ երկրի սերվերի միջոցով` իր հետքը կորցնելու նպատակով:
Պարզվել է նաեւ, որ ադրբեջանական տվյալ IP հասցեի օգտատերը նման մի շարք այլ գործողություններ էլ է իրականացրել, որից հետո դադարեցվել է երրորդ երկրի IP հասցեի միջոցով ինտերնետին համակցումը:
Իրավասու մարմիններից 7 օր պահանջվեց խուլիգանության հեղինակին բացահայտելու համար, մինչդեռ, ինչպես նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ, կիբեռ հանցագործություններն ավելի օպերատիվ միջամտություն եւ բացահայտում են պահանջում, մանավանդ որ դրա հնարավորությունները կան: Հակառակ դեպքում մի հանցագործությունը կարող է նման հանցագործությունների մի ամբողջ շղթայի պատճառ դառնալ կամ վերաճել իսկապես ահաբեկչական գործողությունների:
Փորձագետը հավաստում է, որ այս դեպքում եւս հնարավոր էր շատ ավելի կարճ ժամանակում պարզել, թե ով էր օդանավակայանի էլհասցեին կեղծ հաղորդագրություն ուղարկել եւ փարատել հասարակության կասկածները. «Զարմանալի է, որ ադրբեջանական օպերատորի IP հասցեն միանգամից չէր հայտնաբերվել: Ճիշտ է, խուլիգանություն կատարած օգտատերը երրորդ երկրի սերվերի միջոցով էր ուղարկել նամակը` իր հետքը կորցնելու մտադրությամբ, սակայն անգամ նման դեպքերում շատ արագ հնարավոր է լինում պարզել նամակի հեղինակին` հատուկ գործիքների միջոցով:
Աշխարհում նման խուլիգանություններ շատ են լինում, եւ դրանք հայտնաբերելու համար համապատասխան միջոցներ են մշակվել, որոնք թույլ են տալիս արագ բացահայտել սպառնալիքներ ուղարկողներին: Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բավականաչափ զարգացած երկիր է եւ այդ միջոցներն ու գործիքները հասանելի են նաեւ մեր մասնագետներին: Այնպես որ ակնկալվում էր, որ շատ ավելի օպերատիվ գործողություններ կձեռնարկվեին»:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: