Մի խումբ լրագրողներ ապրիլի 1-3-ը ճանաչողական այց են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ընթացքում լրագրողները այցելել են զորամասեր, արտադրամասեր, Ստեփանակերտի օդանավակայան, հանդիպում են ունեցել Արցախի քաղաքական գործիչների հետ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասերից մեկում լրագրողները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին: Նա նշեց, որ զորամասում ամեն ինչ կարգավորված է՝ վերկացից մինչեւ քուն. «Մարտական խնդիրն է, որ զինվորը պետք է լինի միշտ պատրաստակամ՝ դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգության, իսկ պատերազմի վերսկսման դեպքում՝ իր առջեւ դրված խնդիրը փայլուն կերպով կատարի»:
Սենոր Հասրաթյանի խոսքերով՝ զինվոր-սպա հարաբերություններում նախ եւ առաջ կարեւորում են մարդկային հարաբերությունները. «Բնական է, յուրաքանչյուր երիտասարդ, որ հասարակությունից, ընտանիքից մտնում է զորամաս, հարմարվողականության որոշակի շրջան է ապրում, բայց արդյունքում մենք ունենում ենք իրոք պատրաստված զինվոր»:
Սենոր Հասրաթյանը նաեւ ընդգծեց, որ վերջին տարիներին իրենք խուսափում են բանակը հասարակության հայելին է արտահայտությունից. «Բանակը բանակ է, հասարակությունը՝ հասարակություն: Բանակը հասարակության պաշտպանն է, եւ անում է հնարավոր ամեն ինչ, որ մեր նորակոչիկները ավելի շուտ հարմարվեն զինվորական ծառայությանը, եւ իրենց պարտականությունները կատարեն հավուր պատշաճի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ