Դեռեւս երեք-չորս տարի առաջ, երբ իմ մասին որեւէ վիրավորական, հայհոյական, խայթող բառ էի կարդում, ձեռքերս ակամա ձգվում էին դեպի համակարգչի ստեղնաշարը` իմ կողմից էլ թունոտ ինչ-որ մի բան գրելու` թող իմանա, որ ես կարող եմ պատասխանել: Երբեմն այդպես էլ վարվում էի: Ժամանակի ընթացքում հասկացա, որ նման ձեւով վրեժխնդիր լինելը եւ ի պատասխան քեզ պատճառած ցավի ուրիշին ցավեցնելը առնվազն հիմարություն է, իսկ մեծ հաշվով` մթնոլորտի մեջ թույնի, թարախի ավելորդ արտանետում: Դա փոքր, գուցե աննշան օրինակ է, թե ինչպես մենք պետք է զսպենք մեր մեջ նստած գազանին` այդ բառի տակ հասկանալով ոչ թե կենդանական աշխարհի ներկայացուցչին, այլ ներսի մութ ուժերին, չարքերին:
Հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի զարհուրելի սպանությունը, բացի վրեժխնդիր լինելու եւ արյուն հեղելու ցանկութունից, որի մասին մենք արդեն գրել ենք, առաջ է բերել մեր իրականության համար սովորական մեկնաբանություններ՝ «բա, իհարկե, մեր երկրում, այդ իշխանությունների օրոք…»: Հայաստանը եւ մեր մակարդակի երկրներն իսկապես ունեն առանձնահատկություններ, բայց տարբերությունն այլ տեղ պետք է փնտրել:
Նորվեգիայում «հանցավոր ռեժիմ» չկա, իշխանությունը լեգիտիմ է, «ժողովրդի արյունը չի խմում», եւ ընդհանրապես՝ այնտեղ մարդիկ զուտ նյութական առումով ապրում են մեզնից առնվազն 20 անգամ ավելի լավ: Այդ երկրում Անդերս Բրեյվիկ անուն-ազգանունով մարդասպանը խլել է 77 հոգու կյանք: Մեր եւ Նորվեգիայի նման երկրի տարբերությունն այն չէ, որ մեզանում գազաններ կան, իսկ այնտեղ չկան:
Տարբերությունն այն է, թե ինչպես ենք մենք արձագանքում գազանությանը: Նորվեգական հասարակությունը չի էլ քննարկում այն հարցը, թե պե՞տք է արյդոք Բրեյվիկին գնդակահարել կամ նույնիսկ ցմահ ազատազրկում տալ: Առավելագույն պատիժը 23 տարի է, ուրեմն պետք է նստի 23 տարի: Ավելին` Բրեյվիկը բանտից պայքարում է իր իրավունքների համար, եւ դա միանգամայն նորմալ է համարվում: Դա ի վերջո բերում է նրան, որ նման երկրներում գազանությունն ավելի քիչ է, եւ, ի դեպ, ժողովրդի արյունը ոչ ոք չի խմում: Վրեժխնդրության, արյունախմության մասին մտածելուց առաջ պետք է նախեւառաջ ինքդ սանձես քո միջի գազանին:
Այդ ամենի առիթով մի հնդկական առասպել հիշեցի: Բոդհիսատվան (դա, փոքր-ինչ պարզեցնելով, Բուդհայի անուններից մեկն է) որոշ ժամանակ որոշում է ապրել անտառում՝ Մեծ կապիկի տեսքով, եւ օգնել բոլոր նրանց, ովքեր իր կարիքն ունեն: Մի անգամ նա փրկում է անդունդի մեջ հայտնված մարդու կյանքը: Նրանք հասնում են անտառ, եւ քանի որ Բոթհիսատվան մարդուն շալակելուց հոգնած է լինում, պառկում է քնելու եւ պատվիրում է մարդուն հետեւել, որ ոչ մի գազան նրանց չմոտենա: Փրկվածը, սակայն, մտածում է. «Ես հյուծված եմ, անտառային հատապտուղներով եւ մրգերով չեմ կազդուրվի, ինձ միս է պետք: Ավելի լավ է՝ ես սպանեմ այս դյուրահավատ կապիկին եւ ուտեմ նրան»: Նա վերցնում է մի հսկայական քար եւ ուզում է Բոթհիսատվային սպանել, բայց շտապելով վրիպում է եւ միայն վիրավորում է իրեն փրկողին: Վերջինս արթնանում է, հասկանում է, թե ինչումն է բանը եւ շատ է տխրում: «Ինձ ոչ թե իմ վերքն է անհանգստացնում, այլ քո մեղքը, որը ես չեմ կարողանա լվանալ»: Նա ուղեկցում է անշնորհակալ մարդուն մինչեւ անտառի ծայրը ու բարի ճանապարհ մաղթում: Եվ հանկարծ մարդու ամբողջ մաշկը ծածկվում է թարախային վերքերով, նա դառնում է բորոտ: Ներքին թարախը դուրս է գալիս ջրի երես:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարծում եմ՝ նշված երկու դեպքում էլ խնդիրը գազանությունը չէ, առավել ևս գազանության ՛՛զսպումը՛՛:
Կոնկրետ ՛՛մեր՛՛ դեպքում գործ ունենք բարոյական տարրական նորմերի խարխլման հետ, երբ բարձր ամբիոններից Մարդը հռչակվում է բարձրագույն արժեք, իսկ իրականում տարվում է մարդու մեջ մարդուն փչացնելու ինքնակործան քաղաքականություն: Ի՞նչ գազանության մասին է խոսքը, երբ երկու կիսասոված ՛՛քյալերի՛՛ համար մարդու արժեքը հավասարվել է ասենք՝ 10 հազար պայմանական միավորի, մնացածը, ինչպես ասում են տեխնիկայի՝ տվյալ դեպքում բութ գործիքների գործ է:
Եթե փորձում ենք զուգահեռներ տանել Բրեյվիկի հետ, ապա ըստ իս՝ ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ չարիքի արմատը ինքնավերարտադրվող և հանուն պաշտոնի ամեն զոհողության գնացող կարիերիստների պատճառած հոգևոր ավերածությունն է, այն դեպքում, երբ նրանք տիրանում են պետական կառավարման լծակներին և սկսում վերարտադրվել:
Հիշեցնեմ, որ Բրեյվիկը սառնասրտորեն գնդակահարեց 77՝ հիմնականում երիտասասարդ մարդկանց, որոնք մասնակցում էին նորվեգական ՛՛ՀՀԿ՛՛- ի ՛՛բազեական հերթական հավաքին՛՛, և նրա ՛՛հիմնավորումն՛՛ այն էր, որ կարիերիստները, հանուն իրենց խմբային շահերի վտանգում են երկրի և ամբողջ Եվրոպայի ապագան, մասնավորապես մուսուլմանների առաջ փռելով իրենց ՛՛Արի տուն՛՛ ծրագիրը, և պատահական չէր, որ նա բերում էր հայերիս ցեղասպանության օրինակը, ինչը դաս չէր դարձել Եվրոպայի համար:
Իսկ գազանությունը փնտրեք քրեակատարողական հիմնարկներում, որտեղ մարդկանց վերադաստիարակելու փոխարեն դարձնում են մարդակերներ, որպեսզի իրենց և բոլորիս իրավունքների համար պայքարող համարձակներին գցելեն այնտեղ, հոգիներն ՛՛աղան՛՛ ու իրենց իշխանությունը հնարավորինս երկարաձգեն: