Խորհրդարանում «4+4+4» ձեւաչափով դեռ շարունակվող քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նկատեց, որ մինչեւ 2003 թվականը քվեարկածների ցուցակները բաց էին, այդ ժամանակ փակվեցին, եւ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո քաղհասարակության եւ հասարակություն վերահսկողությունը մահացածների եւ բացակայողների քվեարկության մասով անհնար է դառնում:
Դավիթ Հարությունյանը հերքեց`ասելով, որ մինչեւ 2003 թվականը այդ ցուցակները չեն հրապարակվել: Այդ կարծիքին էր նաեւ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը:
ՀԱԿ-ական Արամ Մանուկյանը եւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հակառակն էին փորձում ապացուցել`ասելով, որ տեղամասերում հնարավոր էր պատճենահանում անել: Դավիթ Հարությունյանը հորդորեց հիշել`ի՞նչ էր այդ տարիներին պատճենահանումը, եւ քանի պատճենահանման ապարատ էր ՀՀ-ում հանդիպում:
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մերթ ընդ մերթ հիշեցնում էր, թե ժամը քանիսն է:
Կարդացեք նաև
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն այս առիթով իր ելույթում նկատեց. «Եթե տվյալ տեղամասում մի վերահսկող աչք, խելքը գլխին մարդ եղավ, էդ բոլոր ապարատուրաները հեչ են: Ամենը նա կվերահսկի»: Իրենց դիտարկումներում եւ առաջարկներում, Արմեն Ռուստամյանի կարծիքով, ընդդիմադիրները ելնում են այն կանխավարկածից, որ 2000 տեղամասերում չեն կարողանալու 2-3 մարդ ունենալ. «Դա ապահովենք, հեշտացնող գործիքները տանք»:
«Ձեր առաջարկած լուծումները ընտրությունների նկատմամբ վստահություն չեն հարուցում»,- իր խոսքում ասաց «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Երբ Հրայր Թովմասյանը հակադարձում էր Լեւոն Բարսեղյանի բազմաթիվ դիտարկումներին ու փաստարկներին`խորհրդային ինչ որ ֆիլմից դրվագներ պատմելով, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը ցածր ձայնով երգում էր. «Արեգակին պետք է հեռվից նայել, սիրել…»:
Այն ընթացքում, երբ Հրայր Թովմասյանն ասում էր, որ ազատ-արդար ընտրությունների անցկացման համար ամենասրտացավն է, Հովհաննես Մարգարյանը բորբոքվեց. «Նստած մատդ տնկում, ասում ես`սրտացավը ես եմ: Սրտացավ ես, ցուցակները փակցրու, գտնենք ընտրակեղծարարներին»: «Փակցնեմ`դո՞ւ ես գնալու ԵԴ»,- հակադարձեց Հրայր Թովմասյանը:
«Գոնե վերջին տարիներին քվեատուփ չեն գողանում, վստահված անձանց չեն գողանում, տանում`ծեծում»,- ընդդիմախոսներին քաղաքական հայտարարություններից զերծ մնալու կոչ արեց Հովհաննես Սահակյանը:
Նաիրա Զոհրաբյանն, ի վերջո պնդեց, որ հանդիպումն ընդհատվի: 15 րոպե քննարկումից հետո, կողմերը համաձայնության եկան քննարկումը հետաձգել: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի, ժամը 18.00:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ