Ապրիլի 17-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում եւս կայանալու են համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուներն են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը: Վերջինս նորանշանակ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի քենակալն (բաջանաղ) է: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում չի սատարելու թեկնածուներից որեւէ մեկին, այսպես ասած՝ ազատ է թողնելու:
Այդ առիթով «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում` ազատ թողնել: Նման բան չի կարող լինել: Առավել եւս, երբ կա ՀՀԿ-ի Թալինի շրջանային եւ Արագածոտնի մարզային կառույցների որոշում այն մասին, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն սատարում է գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի թեկնածությունը: Կուսակցության կանոնադրության համաձայն՝ շրջանային եւ մարզային կառույցների որոշումները պարտադիր են շրջանային եւ մարզային կառույցների բոլոր անդամների համար»:
«Առավոտ» օրաթերթ
01.04.2016