Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմությունը եվրոպացի դիտորդ չէ»

Ապրիլ 02,2016 15:00

«Սինջար» եզդիների ազգային միավորում
կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին` ԸՕ-ի նախագծի մասին

– Ակտիվորեն քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը, համաձայն որի՝ հաջորդ խորհրդարանում պարտադիր պետք է ներկայացված լինեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների չորս ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ ազգային փոքրամասնությունների մասնակցությունը նախատեսված է Հայաստանում գործող կուսակցական ցուցակներով: Դա ընդունելի՞ տարբերակ եք համարում:

– Ես կարծում եմ, որ դա ամենաընդունելի տարբերակն է, քանի որ այդ կերպ առավել քան հավանական է, որ քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ կանցնեն Ազգային ժողով: Հակառակ դեպքում, եթե այն թողնվի զուտ համայնքային կառույցներին, ապա ԱԺ-ում ներկայացված փոքրամասնությունների պատգամավորների արդյունավետությունը կնմանվի նախագահին առնթեր Ազգային փոքրամասնությունների խորհրդին, որը ընտրում են հենց համայնքային կառույցները: Իսկ փոքրամասնությունների այդ խորհուրդը ոչնչով աչքի չընկնող կոմունիստական մտածողությամբ անձանց հավաքատեղի է:

– Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օրինակ, ընդվզում են այդ դրույթի դեմ, քանի որ չեն կարող մարդկանց պարտադրել անդամակցել իրենց կուսակցություններին: Ենթադրվում է, որ ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչներն էլ խորհրդարանում կհայտնվեն ՀՀԿ-ի ցուցակով: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Իհարկե, կուսակցությունների մտահոգությունը տեղին է: Ես կողմնակից լինելով այն հանգամանքին, որ Ազգային ժողովում պետք է լինեն փոքրամասնությունների ներկայացուցիչներ, պետք է ավելացնեմ, որ այն չպետք է դառնա ճնշման գործիք այս կամ այն քաղաքական ուժի դեմ: Ուստի շատ կարեւոր է, որպեսզի չֆիքսվի, թե որ համայնքներից պետք է լինեն ցուցակներում ընդգրկված: Թող լինեն հանրության կողմից ճանաչելի եւ վստահելի դեմքեր՝ անկախ նրանից, թե որ փոքրամասնության համայնքից են:

– Ի՞նչ այլ առաջարկներ եւ մոտեցումներ ունեք ազգային փոքրամասնությունների մասնակցության մասով եւ ընդհանրապես:

– Ես արդեն նշեցի, թե ինչպես եմ պատկերացնում ազգային փոքրամասնությունների մասնակցությունը: Մի բան հստակ է` չպետք է թվաքանակի վրա ֆիքսվել: Իսկ եթե ֆիքսվենք թվաքանակի վրա, ապա փոքրամասնություններից միայն եզդիական համայնքը պետք է տեղեր ստանա, քանի որ մնացյալ բոլոր համայնքները միասին վերցրած՝ 20 000 քվեարկող չունեն: Այսինքն՝ այս դեպքում կստացվի, եթե, ասենք, 2000 անդամ ունեցող համայնքին տալիս են 1 տեղ, ապա եզդիականին պետք է տան 5 տեղ նվազագույնը: Ահա սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ չպետք է կոնկրետ համայնքներ նշել: Կամ լինել բացարձակ անկեղծ եւ տեղ հատկացնել միայն այն համայնքին, որը ունի անհրաժեշտ ձայներ: Թե չէ՝ կստացվի, որ 300 հոգանոց մի համայնքի զրկում ենք ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից, իսկ, ասենք, 1500 հոգանոց համայնքին տալիս ենք հնարավորություն: Այս երկու դեպքում էլ իրենք չունեն այնքան ձայն, որ կարողանան պատգամավոր ընտրել:

– Այս փուլում նախագծի ակտիվ քննարկումներ են ընթանում, դրանց որեւէ ձեւաչափում մասնակցո՞ւմ եք, ի՞նչ տպավորություններ ունեք, իշխանական կողմը իսկապե՞ս ցանկություն ունի ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը մեծացնելու, թե՞ ամենը միայն խոսքեր են` վերարտադրություն ապահովելու համար:

– Գիտեք, ես կարծում, որ իշխանության ներսում ինչ-որ բան փոխվել է: Իմ համոզմամբ՝ իրենք էլ են հասկանում, որ այսպես այլեւս անհնար է երկիրը պահել: Եթե իրենք իսկապես գոնե մեկ տոկոս մտածում են Հայաստանի ապագայի մասին, ապա պետք է լրջագույն փոփոխություններ անեն, իսկ եթե փորձելու են թոզ փչել, ապա դա իրականության մեջ բան չի փոխի: Ի վերջո պատմությունը եվրոպացի դիտորդ չէ, որ տանես Գառնի-Գեղարդ ու տպավորություն ստեղծես, թե ամեն ինչ լավ է: Պատմությունը դատում է արդարացիորեն, եւ եթե այս անգամ էլ իշխանությունները սխալվեն, ապա շատ ավելին են կորցնելու: Կորցնելու են սերունդների ապագան, կորցնելու են մեր հայրերի պայքարի արդյունքում ձեռք բերված պետականությունը: Սրա դեմ վստահ եմ, որ պետք է կանգնել եւ գոնե այս անգամ թույլ չտալ իշխանություններին գնալ սխալ ճանապարհով: Եթե իրենք չփոխվեն որակապես, ապա հասարակությունը պետք է նրանց փոխի ֆիզիկապես:

 
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930