Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում մտածել, որ ՀԱԿ-ը շոու է սարքում»

Ապրիլ 02,2016 14:30

Լյուդմիլա Սարգսյանը` «4+4+4»-ի եւ այն մասին, թե ինչու ինքը
չէր մասնակցում ԸՕ-ի նախագծի մեկ այլ ֆորմատով քննարկմանը

– Օրերս մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանն առաջարկներ ներկայացրեց Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Դրանք ներառում էին բոլոր այն հինգ կետերը, որոնք ընդդիմադիր դաշտի բոլոր սուբյեկտների կողմից վիճահարույց են որակվում: Սակայն ՄԻՊ-ի առաջարկներն արժանացան նույն ընդդիմության սուր քննադատությանը:

– Ըստ իս՝ այստեղ թյուրըմբռնում կա: ՄԻՊ-ի կողմից ներկայացված փաստաթուղթը ես չեմ դիտարկում որպես ՄԻՊ գրասենյակի առաջարկներ: Ըստ էության, իրենք հետազոտել են քաղաքական դաշտի առաջարկները եւ ներկայացրել են այդ հետազոտությունների արդյունքը, համաձայն որի՝ որոշակի կետերով քաղաքական ուժերը փոփոխություն են պահանջում: Դա պայմանավորված է կամ ՄԻՊ-ի անփորձությամբ, կամ էլ ձեւակերպումներն են սխալ ընտրված: Այդ փաստաթղթում չկա հստակ փաստարկում, որ դա իրենց առաջարկներն են եւ անհրաժեշտ են համարում, որ ԸՕ-ի նախագծում դրանք փոփոխվեն: Հետեւաբար ես չեմ համարում, որ դրանք ՄԻՊ-ի առաջարկներն են: Ես չեմ համարում նաեւ, որ ՄԻՊ-ի գրասենյակն այդ հետազոտությունն էլ լիարժեք էր կատարել, քանի որ բազմաթիվ առաջարկներ կան տարբեր քաղաքական եւ հասարակական շրջանակների կողմից արծարծված, որոնք հրապարակված փաստաթղթում տեղ չէին գտել: Ընդամենը, քաղաքական դաշտի կողմից արված որոշ առաջարկների հավաքագրում էր արված: Ներկայացված պահանջ պատկան մարմիններին այդ փաստաթղթում չկար:
Ես կողջունեի, եթե ՄԻՊ-ի գրասենյակը, ուսումնասիրելով հանդերձ այդ բոլոր առաջարկները, ներկայացներ սեփական առաջարկները, թե ինչո՞ւ է անհրաժեշտ համարում այս կամ այն կետի փոփոխությունը: Դրանով ցույց կտային նաեւ, որ կարեւորում են ԸՕ-ն, արդար ու թափանցիկ ընտրական համակարգի գոյությունը, ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնումը` հենց ընտրական գործընթացներով:

– ՀԱԿ կուսակցությունից ձեր նախկին գործընկերներն առաջարկեցին «4+4+4» ձեւաչափով քննարկումներ ԸՕ-ի շուրջ՝ ակնկալելով նաեւ լայն համախմբում այդ ձեւաչափի շուրջ: Նախօրեին կայացավ առաջին հանդիպումը. այն բավական աղմկահարույց էր, նաեւ զավեշտներով ուղեկցվեց: Ի՞նչ տպավորություններ ստացաք, այդ ֆորմատի շուրջ համախմբում հնարավո՞ր է, ինչպես ՀԱԿ-ն է անկալում:

– Հետեւել եմ այնքան, որքան լրատվամիջոցներին թույլ էր տրվել լուսաբանել: Տեղյակ եմ, որ ձեւաչափի նախնական տարբերակը խախտվել է, «Ժառանգությունը» չի ներկայացել, թեեւ նախնական համաձայնությունը տրված է եղել: Դա անլուրջ եմ համարում: Պետք է հետեւողական լինել տրված խոստմանը: Անախորժություն եղավ նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կապված, անգամ ցանկանում էին չմտնել խորհրդարանի շենք: Տպավորությունս այդքան էլ դրական չէր, քանի որ աշխատանքային մթնոլորտ այդ քննարկման ժամանակ, չտեսա: Կողմերը նախ պետք է փորձեն ապահովել աշխատանքային մթնոլորտ` զերծ մնալով փոխադարձ վիրավորանքների եւ ռեպլիկների դաշտ մտնելուց: Նպատակը պետք է լինի ոչ թե քաղաքական շահարկությունը, այլ բովանդակային քննարկումները, եւ դա պետք է լինի ավելի կառուցողական դաշտում, որպեսզի նախագծում հնարավոր լինի ինչ-որ բան փոփոխել: Իսկ եթե դա արվում է քաղաքական դրդապատճառներից մղված, PR ապահովելու համար, արդեն անիմաստ է դառնում:

Այս ամենից հետո պարտություն՝ չասեմ, բայց մեկնարկը շատ ոչ բարեհաջող եմ համարում: Շատ կցանկանայի, որ այդ ձեւաչափի արդյունքում կարողանային ձեռքբերումներ ունենալ հօգուտ ԸՕ-ի: Դա առայժմ տեսանելի չէ:
ՎՍԴՀԿ-ի առաջարկած փաթեթում մենք չենք էլ ներառել հայտնի հինգ կետերը, ուղղակի հայտարարել ենք, որ միանում ենք ընդդիմադիր քաղաքական դաշտի կողմից առաջ քաշվող կետերին: Բայց շատ լավ հասկանում ենք, որ ԸՕ-ի նախագիծն այնպիսի տրամաբանությամբ է կառուցված, որի փոփոխմանն իշխանությունը երբեւէ չի գնա: Այդ հինգ կետերից մեկի ընդունումն ուղղակի կնշանակեր փոխել ողջ նախագծի տրամաբանությունը: Սա քաղաքական ուժերն էլ շատ լավ հասկանում են, ինչպես նաեւ հասկանում են, որ շատ լուրջ փոփոխություններ չեն կարող լինել: Ամեն դեպքում նախաձեռնել են այդ ֆորմատը: Ես հաջողություն եմ մաղթում: Եթե կարողանան թեկուզ փոքրիկ դետալներ շտկել, ես կհամարեմ, որ դա էլ ձեռքբերում է:

– «6+4+3» ձեւաչափի վերածված «4+4+4»-ի քննարկումների առաջին փուլի ավարտից հետո արդեն ՀՀԿ-ական գործիչները հեգնում էին` ասելով, որ ՀԱԿ-ը շոու է փորձում ապահովել: Հանդիպումից հետո, Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ չեն պատրաստվում զիջել: Դուք շոուի տպավորություն ստացա՞ք:

– Ես չեմ միանա իշխանության հեգնախառն կարծիքներին: Չեմ ուզում մտածել, որ ՀԱԿ-ը շոու է սարքում: Բայց կցանկանայի արդյունք տեսնել: Իսկ եթե իշխանական կողմն արդեն այդպես է արձագանքում, այդ ձեւաչափի գործունեությունը պետք է դադարեցնել. արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ այդ առաջարկները չեն ընդունվելու: Իսկ եթե շարունակում են այդ ձեւաչափով քննարկումները, կարող է իրոք տպավորություն ստեղծվել, որ դա շոու է: (Այսօր երեկոյան 18. 00-ին նախատեսված է այդ ձեւաչափի երկրորդ հանդիպումը-Ն. Գ.):

– Այս օրերին ԸՕ-ի նախագծի ակտիվ քննարկումներ են գնում` տարբեր ձեւաչափերով, դուք որեւէ մեկին մասնակցո՞ւմ եք: Ի՞նչ տպավորություն ունեք՝ իշխանությունները իսկապե՞ս քաղաքական կամք են դրսեւորում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը վերականգնելու առումով:

– Ես կմասնակցեմ արտախորհրդարանական կուսակցությունների ֆորմատով նախատեսված քննարկմանը: Նախօրեին խորհրդարանում կայացած քննարկմանը, որին ներկա են եղել այն խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր խմբակցությունների տեսակետը չեն ներկայացնում, չեմ մասնակցել բացթողնման պատճառով: Ինձ զանգահարել են, ես չեմ պատասխանել: Քննարկումները դեռ շարունակվում են, առաջարկներ կան, մասնակցության հնարավորություններ կլինեն:
Ինչ վերաբերում է իշխանության քաղաքական կամքին` դրա պատասխանը կլինի ավելի ուշ, այն կուրվագծվի ԸՕ-ի վերջնական տարբերակի ձեւավորման ժամանակ եւ ընտրական գործընթացներում:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
01.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930