Լրահոս
Օրվա լրահոսը

4 երեխաներն առանց մայր են մնացել, մինչդեռ որեւէ բժիշկ պատասխանատվության չի ենթարկվել

Ապրիլ 02,2016 14:00

Մեր երկրում բժշկի սխալն ապացուցելը գրեթե անհնար է, հատկապես, երբ հիվանդի հարազատները հաշտվում են դատավճիռ դարձած հիվանդության հետ: Եվ եթե վշտից գլուխները կորցրած՝ նրանք չեն բողոքում եւ մտածում են մի ճար գտնեն, որ հաշմանդամ դարձած հիվանդի կյանքը փրկեն, որեւէ մի վերահսկող կառույց չի հետաքրքրվում, թե իր ոտքով ծննդաբերելու գնացած երիտասարդ կինն ինչո՞ւ է հիվանդանոցից հաշմանդամ դարձած դուրս եկել, որը ծննդաբերելուց հետո անգամ չի էլ իմացել՝ ինչ սեռի երեխա է ունեցել:

31-ամյա Ռայայի 4 երեխաներն այսօր մեծանում են առանց մայրական խնամքի: Մայրը՝ Ռայա Ամլիկյանը, կա, բայց միայն ֆիզիկապես է ներկա նրանց կյանքում: Երեք տարի առաջ փոքրիկ Մերուժի ծնվելուց հետո Ռայան ուժգին ցնցումներ է տարել, ապա ընկել է կոմայի մեջ եւ այլեւս դուրս չեկել անկողնուց: Ռայայի աչքերը բաց են, բայց նա ոչ տեսնում է, ոչ լսում, ոչ էլ արձագանքում երեխայի լացին ու հարազատների կանչին: Այդ վիճակում է արդեն երեք տարի՝ 2013 թվականի օգոստոսի 10-ից: Այդ օրվանից ի վեր Ռայայի 4 երեխաների ճակատագիրն այլ ընթացք է ստացել: Նորածին Մերուժիկը տատի, պապի ու հոր գրկում է մեծանում, մյուս երեխաներն էլ, որոնք ստիպված այցելում են գիշերօթիկ դպրոց, մորից կարոտն առնում են այն ժամանակ, երբ շաբաթ-կիրակի օրերին նրանց տանում են մորը տեսության:

Ռայայի մայրը՝ տիկին Վիոլետան, պատմում է, որ դստեր ծննդաբերությունը կիսարյան հատումով է եղել: Կրասնոդարում ապրող ծնողներին զանգել, աչքալուսանք են տվել, թե Ռայան տղա է ունեցել եւ նրա մոտ ամեն ինչ կարգին է, սակայն մեկ-երկու օր անց հայտնել են, որ ծննդկանը վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ պառկած է:
Այդ օրվանից ի վեր ծնողներին մի հարց է տանջում՝ ի՞նչ պատահեց, ինչի՞ հետեւանքով երիտասարդ Ռայան դարձավ հաշմանդամ: Սակայն որեւէ բժշկից այդ պատասխանը չեն ստանում: Ռայան ծննդաբերել է «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն»-ում, որը քաղաքացիների շրջանում առավել հայտնի է Հանրապետական ծննդատուն անունով:

Երբ նրան անգիտակից վիճակում ծնողները տեղափոխել են Կրասնոդար՝ հետազոտության, արտերկրի բժիշկները բացատրել են, որ հայաստանցի բժիշկները ցնցումներից Ռայային հանելու համար դեղը բարձր դոզայով են ներարկել, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ծննդկանի գլխուղեղն այտուցվի: Մայրն ասում է, որ աղջկա ուղեղի թաղանթը վնասվել է, եւ որ այժմ Ռայան ապրում է սրտի աշխատանքի հաշվին: Այս միջադեպի հետ կապված որեւէ բժիշկ պատասխանատվություն չի կրել:

Ծնողներն էլ անճարությունից ու վշտից՝ հարցին հասարակական հնչեղություն չեն տվել:
«Աչքներիս ոչինչ չի գալիս: Որ բողոքեցի, աղջկաս կյանքը վերադարձնելո՞ւ են: Նրան բուժելո՞ւ են ինձ տան: Ռայայի եւ նրա 4 երեխաների մեղքն այդ բժիշկների վզին է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռայայի մայրը՝ տիկին Վիոլետան, որն արդեն երեք տարի գիշեր-ցերեկ քուն չունի, դստերն է խնամում, մեծ դժվարությամբ կերակրում, պառկելուց առաջացած պառկելախոցերը մշակում:

Ռայայի առողջական վիճակի պատճառով ընտանիքի անդամներն էլ ուժասպառ են եղել: Երեխաները, որոնք ապրում են հոր հետ, ժամանակ առ ժամանակ այցելում են մորը տեսության: Նրանց խնամքով հայրական տատիկն է զբաղվում: Ռայայի ընտանիքը բնակվում է վարձով: Հայրն առավոտից երեկո աշխատում է, որ բնակարանի վարձը, Ռայայի դեղերի գումարն ու սննդի հարցերը հոգա: Մայրն էլ դստերն է խնամում: Ընտանիքը թե՛ հոգեբանական, թե՛ ֆինանսական աջակցության կարիք ունի:
Օր օրի Ռայայի վիճակը դեպի վատն է գնում. բժիշկները ոչ մի հույս չեն տալիս, որ ընտանիքի համար մի լույս կբացվի, որ Ռայան կրկին ոտքի կկանգնի եւ երեխաների գլխին կլինի: Մայրն ասում է, որ 15 օր է՝ Ռայան գրեթե չի ուտում, մայրը մի կերպ մեկ-երկու գդալ կերակրում է:

Մոր խոսքերով՝ Ռայայի ուղեղի բջիջները մահացած են, եւ եթե անցյալ տարի գլխուղեղի կաթված տանելուց հետո աղջիկը սկսել է ոտք ու ձեռքը շարժել, ինչը մինչ այդ չի արել, ապա արդեն քանի օր է՝ ընդհանրապես անշարժ է եւ ուժասպառ պառկած:
«Չգիտենք՝ այս վիճակից դուրս կգա՞, թե՞ չի գա: Կրասնոդարի բժիշկներն ասացին, որ եթե նախնական շրջանում լիներ, գուցեեւ վերականգնվեին բջիջները, բայց հիմա արդեն շատ ուշ է»:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930