«Կինո ենք նկարելու, ցույց տանք»
Շենգավիթ համայնքի Արտաշատի խճուղու 26 տան բնակչուհին՝ 76-ամյա Թամարա Սիմոնյանն աչքին հարված էր ստացել մարտի 16-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Նա պատմում է, որ առավոտյան մի խումբ մարդիկ, առանց ներկայանալու, հավաքվել են իրենց տնից դուրս գտնվող հաշվիչի մոտ:
«Տղայիցս բանալի ուզեցին: Տղաս ասաց, որ տանտերը տանը չէ, եւ զանգեց հեռախոսով աշխատանքի մեջ գտնվող մյուս տղայիս: Նա ասաց, որ կվերադառնա մեկ ժամվա ընթացքում: Նրանք չբավարարվելով այդ պատասխանով, երկաթե ձող՝ լոմ բերեցին, որպեսզի ջարդեն փականը: Տղաս չթողեց: Տղայիս բաեւիկները խփեցին, վերեւից ներքեւ ընկավ, ցխեցին քիթ-մռութը»,- հուզված նկարագրում է տիկին Թամարան:
Մայրը տեսնելով, որ տղան արյան մեջ է, փորձում է միջամտել, հանգստացնել կողմերին: «Ես մոտեցա, որ չթողնեմ, խփեցին՝ աչք ու ունքս ջարդեցին: Այնպես էին հարվածել, որ ակնոցս մի կողմ էր ընկել, ապակին՝ մի այլ կողմ: Ես գիտակցությունս կորցրել էի, եւ այդ ժամանակ օգնություն էի խնդրում, որպեսզի ոստիկաններ գան»,- շարունակում է նա:
Տիկին Թամարան չի հիշում, թե ո՞վ է կանչում շտապօգնություն:
Կարդացեք նաև
Նրա պատմելով՝ հաշվիչի ետեւից եկողները կլինեին 30-40 հոգի: Նրանց հետ, ի դեպ, եղել էր տեսախցիկով մեկը, որին դիմել էր որդին, որպեսզի նա ներկայանա: Նա ներկայացել էր. «Կինո եմ նկարելու, կտեսնեք»: Սակայն «կինոյի» դրվագները գլխավորապես տանտերերի ընդվզման մասին էին, տեսախցիկը բացառապես նրանց էր ուղղված եղել:
Շտապօգնության մեքենան եկել էր, եւ որդուն՝ Գարիկ Պապոյանին տարել էին հիվանդանոց, կարել պատռված շուրթը: Բուժհաստատությունից հետո էլ որդուն տարել էին ոստիկանության բաժին, բացատրություն վերցնելու:
Երեկվա դրությամբ նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար, իսկ այս ընտանիքը փոքրիկ, 3 ամսական թոռնիկի հետ մնացել է մարտի 16-ից մինչ օրս առանց հոսանքի: Հաշվիչը չի փոխարինվել այլ հաշվիչով, մինչ վեճի իրավական լուծումը:
«Ես իմ աչքով տեսել եմ հաշվիչի աշխատանքը: Սա արված էր կանխամտածված»,- ասում է տիկին Թամարան:
Գարիկ Պապոյանն էլ դեպքից հետո, երբ մենք հանդիպեցինք, պատմեց, որ այդ մարդկանց ինքն ասել էր, թե տանտերը տանը չի, եւ որ հաշվիչն էլ իրենը չի:
Դարպասների մոտ, բացի իրենց տարածքը սպասարկող էլեկտրիկից, ՀԷՑ-ի վերահսկողական բաժնի աշխատակիցներն էին՝ մոտ 40 հոգի:
«Լոմը ես բռնեցի, որ չկոտրեն հաշվիչը, քաշքշեցին, մեջքով ընկա: Տեսա՝ մեկը նկարում է կամերայով: Երբ ասացի՝ ով է, ինչու ես նկարում, նրանցից մեկն ասաց. նկարի, նկարի, հեսա կինո ենք ցույց տալու»:
Ինչ-որ մեկը ոտքով հարվածել էր հաշվիչը պաշտպանող Գարիկին: Ըստ նրա, հրահրում էին, որպեսզի կռիվ լինի:
Ի դեպ, տանտերը՝ Գարիկի եղբայրը, ազատամարտիկ է, 2-րդ կարգի հաշմանդամ, կինն էլ 3-րդ խմբի հաշմանդամ:
Այս ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնտեղից պատասխանել են, թե չեն կարող միջամտել: Թե ՀԷՑ-ի աշխատակիցներից երկուսին, թե տանտերերին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի
Հ.Գ.- ՀԷՑ-ի կողմից ակտ էր կազմվել, եւ պահանջվել էր 500 000 դրամ, ինչն առարկել էր տանտերը:
«Առավոտ» օրաթերթ
01.04.2016