Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել CD»

Ապրիլ 02,2016 12:30

Նման գնահատանքի արժանացրեց Պուչինիի հանրահայտ ստեղծագործության
երեւանյան կատարումը օպերային դիվա Հասմիկ Պապյանը

Շուրջ 15 տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ)՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ներկայանում է նաեւ համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների (շուրջ 15) համերգային եւ թատերականացված կատարումներով:

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀԱՖՆ-ն հանդես եկավ հերթական՝ Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված մատուցմամբ, որն իրականացրել է ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը: Վերջինիս մասնակցությամբ ՀԱՖՆ-ն նախկինում մատուցել է Լեոնկավալոյի «Պայացներ», Վերդիի «Ռիգոլետո», Պուչինիի «Տոսկա» եւ «Մադամ Բաթերֆլայ» օպերաները:

index2

Տեսարաններ «Բոհեմից»:

«Բոհեմում» դերերգերով հանդես եկան սոպրանոներ Իրինա Զաքյանը (Միմի), Ֆրանսիայից Լուսինե Լեւոնին (Մյուզետ), տենոր Տիգրան Օհանյանը (Ռուդոլֆ), բարիտոն Դավիթ Բաբայանցը (Մարսել), Գերմանիայից բարիտոն Գուրգեն Բավեյանը (Շոնար), Բուլղարիայից բաս Պլամեն Կումպիկովը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (Բենուա), բաս Հովհաննես Ներսիսյանը (Ալսինդոր), մասնակցությամբ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային եւ Կարինե Առաքելյանի ղեկավարած Ձայնի պահպանման վոկալ- երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերի:

index1

Սուքիաս Թորոսյանը, Հասմիկ Պապյանը եւ Ռուզաննա Սիրունյանը:

Հայաստանցի եւ հրավիրյալ հայ երգիչները հանդիսատեսին ծանոթ էին, բացառությամբ՝ Պլամեն Կումպիկովի: Նա մինչ բեմելը «Առավոտին» նախ հայտնեց, թե իր հայրենիքում եւ արտասահմանյան թատրոններում «Բոհեմ» ներկայացման մեջ հանդես է եկել շուրջ 60 անգամ, հետո էլ առանց մանրամասնելու հավաստիացրեց, որ սա իր առաջին համերգային այցը չի լինի մեր երկիր: Գուցե հանդիսատեսին ծանոթ չէր միայն Տիգրան Օհանյանի անունը, որը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող է, սովորել է նախ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի, ապա ուսումը շարունակում է պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այս տարվանից էլ ընդգրկված է Ազգային օպերային թատրոնի Երիտասարդ օպերային երգիչների ծրագրում:

Մասնագիտական խոսքը թողնելով երաժշտագետներին, միայն փաստենք, որ օպերայի վերջում հանդիսատեսի կողմից, որի շարքում կային ճանաչված շատ անուններ, երկար ժամանակ չէին դադարում բրավոները: Մենք միայն ավստրիաբնակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանից կարծիք խնդրեցինք, որն այս օրերին հրավիրված էր Երեւան՝ մասնակցելու ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի համար ժյուրիի աշխատանքներին: Հեղինակավոր օպերային թատրոնների ցանկալի հյուրը հայտնեց միայն հետեւյալը, ինչը ներկայացնում ենք առանց մեկնաբանության. «Բոհեմի» այս կատարումը պետք էր ձայնագրել եւ թողարկել CD»:

3

Իրինա Զաքյան (Միմի), Տիգրան Օհանյան (Ռուդոլֆ):

Տեղեկացնենք, որ Պուչինիի «Բոհեմ» օպերան Երեւանի թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1936թ., բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանի եւ ռեժիսոր Լեւոն Քալանթարի կողմից: Գլխավոր՝ Միմիի եւ Ռուդոլֆի դերերգերով հանդես են եկել Հայկանուշ Դանիելյանը եւ Արսեն Ավագյանը: Երկրորդ անգամ հիշյալ օպերան 1945թ. բեմադրել են դիրիժոր Միքայել Մալունցյանն ու ռեժիսոր Գոհարինե Մելքումյանը: Գլխավոր դերերգերն էլ կատարել են Ելենա Ֆանարջյանն ու Գալուստ Գաբրիելյանը: Վերջին անգամ «Բոհեմը» Երեւանում ներկայացվել է 1985թ., Նորայր Սարգսյանի ռեժիսուրայով եւ Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, իսկ գլխավոր դերերգերի իրենց մեկնաբանությունն են բերել Հասմիկ Պապյանը եւ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930