Ըստ վիճակագրական տվյալների, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդկանց 90 տոկոսն անընդհատ ենթարկվում է ծանր սթրեսի: Ավելին, նրանց մեկ երրորդ մասը ունենում է ամենօրյա սթրես, իսկ մնացածը` շաբաթական 1-2 անգամ: Բացի այդ, հիվանդների 75-90 տոկոսը, ովքեր դիմել են բժշկական օգնության եւ ունեցել են այլ հիվանդության ախտանիշներ, պարզվել է, որ դրանք եւս սթրեսի հետեւանքներ են եղել:
Edaplus.info-ն մթերքների ցանկ է ներկայացնում, որոնք կարելի է օգտագործել սթրեսի ժամանակ, շուտ են ազատում սթրեսից եւ չեն թողնում ավելի խոր հետեւանքներ:
1. Ընկուզեղեն
Այս մթերքներից հատկապես պիստակը, նուշը, պնդուկը կամ արախիսը պարունակում են մագնեզիում եւ ֆոլաթթու: Նրանք նյարդային համակարգը ոչ միայն պահպանում են սթրեսից, այլեւ օգնում են, որպեսզի օրգանիզմը հաղթահարի սթրեսը: Նուշը հայտնի է հակաօքսիդանտային հատկությամբ, այն պարունակում է նաեւ վիտամիններ B1, E եւ ցինկ, որոնք սերոտոնինի` կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչ են եւ օգնում են չեզոքացնել սթրեսի հետեւանքները:
Կարդացեք նաև
2. Կանաչ թեյ
Այս թեյը պարունակում է ամինաթթու-տիանին: Այն հեռացնում է անհանգստության զգացումը եւ բարելավում է քունը, հետեւաբար, այս թեյի սիրահարներն ավելի քիչ են հակված սթրեսի: Այն նաեւ ունակ է վերականգնելու մարդու հոգեվիճակը:
3.Հացահատիկային մթերքներ
Հատկապես առանձնանում են սպիտակ հացը, վարսակը եւ այլ բարդ ածխաջրեր: Նրանք նպաստում են սերոտոնինի ստեղծմանը եւ դանդաղ մարսմանը:
4.Հապալաս եւ ցիտրուսային մրգեր
Այս մթերքները իրենցում ներառում են վիտամին C եւ հակաօքսիդանտներ, որը օգնում է հաղթահարել սթրեսը:
5.Ծնեբեկ եւ բրոկոլլի
Սրանք պարունակում են մեծ քանակությամբ վիտամին B եւ ֆոլաթթու, որոնք էլ մարդուն օգնում են պահպանել հանգստությունը:
6. Մուգ շոկոլադ
Սթրեսի ժամանակ հաճախակի օգտագործվող մթերք, որն օգնում է, որպեսզի ուղեղը հանգստանա, քանի որ օրգանիզմի կողմից արտադրվող սթրեսի հորմոններն այն պահում են ցածր մակարդակի վրա:
7. Յուղոտ ձուկ
Առանձնանում են սաղմոնն ու թունանը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթու, որն էլ իր հերթին վերահսկում է կարտիզոլ հորմոնի մակարդակը եւ թեթեւացնում լարվածությունը:
8.Ավոկադո
Այս միրգը հարուստ է վիտամին B-ով, որն ունի դրական ազդեցություն նյարդային համակարգի վրա, որն էլ օգնում է մարդու նյարդային համակարգին թուլանալ եւ հանգստանալ:
9.Արեւածաղկի սերմեր
Հաճախ կարելի է տեսնել սթրեսի ժամանակ գտնվող մարդկանց, որոնք ինքնաբերաբար օգտագործում են այս մթերքը: Առաջին հերթին այս մթերքը օգնում է իջեցնել արյան բարձր ճնշումը, որն առաջացել է սթրեսի հետեւանքով եւ երկրորդ՝ վերացնել այն:
10.Հնդկահավի միս
Այս թռչնի միսը պարունակում է տրիպտոֆան` կարեւորագույն բնական ամինաթթու, որն էլ նպաստում է սերոտոնինի ստեղծմանը:
Սթրեսի դեմ պայքարելու միջոցներից, բացի մթերքները, հոգեբանները առանձնացրել են հետեւյալը: Նախ եւ առաջ, այդ ժամանակ որքան հնարավոր է՝ պետք է գտնվել ֆիզիկապես ակտիվ վիճակում` վազել, քայլել, լողալ, պարել, ձիավարել, յոգայով զբաղվել եւ այլն: Կարեւորը շատ շարժվելն է եւ նվազագույնը պետք է լինի կես ժամ:
Երկրորդ կանոնը, ըստ հոգեբանների, այն է, որ հնարավորինս պետք է ծիծաղել լիաթոք, քանի որ այն օգնում է պայքարել սթրեսի դեմ: Ծիծաղը նվազեցնում է ցավը, բարձրացնում է իմունիտետը, թուլացնում է նյարդային լարվածությունը, բարելավում է ներքին օրգանների աշխատանքը, խթանում է էնդոֆրինի` երջանկության հորմոնի արտադրությունը, որը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:
Անհրաժեշտ է նաեւ հրաժարվել մի շարք վնասակար նյութերից, որոնք մեր օրգանիզմը ավելի են վնասում: Այդպիսի մթերքների շարքին են պատկանում սեւ թեյը, սուրճը, կոլան եւ էներգետիկ ըմպելիքը, քանի որ պարունակում են կոֆեին, որն էլ ունակ է գրգռել նյարդային համակարգը եւ առաջացնել անքնություն:
Սթրեսի ժամանակ անհրաժեշտ է հրաժարվել քաղցրավենիքներից, ալկոհոլից եւ ծխախոտից, քանի որ այն սրում է իրավիճակը եւ «պարգեւում» տրամադրության անկում:
Յուղոտ սնունդից եւս պետք է հրաժարվել, որը խանգարում է կանոնավոր մարսողությանը եւ վատ ազդում քնի ռեժիմի վրա, որը ինքնին արդեն խախտվել է սթրեսի պատճառով:
Հոգեբանները խորհուրդ են տալիս լսել լավ երաժշտություն, խաղալ կենդանիների հետ, գնալ մերսման սրահ, կարդալ հետաքրքիր գիրք, հաճախակի լինել բնության գրկում, վաննաներ ընդունել եւ քնել:
Ինչ-որ մեկը մի անգամ ասել է, որ կյանքը լի է սթրեսներով, եթե ձեզ չեն սիրում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում սիրել եւ սիրված լինել, որը երբեք թույլ չի տա վատ նորությունների եւ նախանձ մարդկանց` ազդել ձեր վրա:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2016