Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղա ե՞նք բերում`դուք Վենետիկի հանձնաժողովը, մենք ԵԱՀԿ/ԺՀՄԻ՞Գ-ը»

Ապրիլ 01,2016 23:46

Լեւոն Զուրաբյանը եւ Հրայր Թովմասյանը լեզվակռիվ են տալիս

Խորհրդարանում արդեն չորս ժամից ավելի ընթանում են «4+4+4» ձեւաչափով քննարկումները: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը «սպառնաց»`մինչեւ օրակարգը չսպառվի`չենք գնալու:

Քննարկվում են վարկանիշային քվեարկության եւ ընտրողների ցուցակների հրապարակման հարցերը: «Ընտրական օրենսգրքի նախագծում տարածքային ընտրացուցակները բավական խոշոր փոփոխություն են, ընտրություններից կարճ ժամանակ առաջ այդպիսի փոփոխություն կատարել չի կարելի»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ դա իշխանության եւ «մաֆիոզ պարագլուխների սիմբիոզ» է:

«Ընտրություններից ընդամենը 9 ամիս առաջ մեր քաղաքական դաշտում նոր օրենքներ են սահմանվում, նոր ռազմավարություն, նոր մոտեցումներ: Չի կարելի քաղաքական դաշտն այդպիսի իրավիճակի մեջ դնել: Դա լրջագույն փոփոխություն է Ընտրական օրենսգրքում, որն ազդում է ժողովրդի քվեարկության վրա: Դա ընդամենը քաղաքական մեկ ուժի քմահաճույքն է: Քաղաքական ամբողջ դաշտը դեմ է դրան: Այստեղ իշխանության, տեղական մաֆիոզների եւ օլիգարխների հետաքրքիր սիմբիոզ է: Դրա իմաստը հետեւյալն է. իշխող կուսակցությունը նրանց օգնում է խորհրդարանում հայտնվել, իսկ նրանք իշխող կուսակցությանն օգնում են ձայներ հավաքել»,- հայտարարեց Զուրաբյանը:

Պատգամավորը կոչ արեց ԸՕ-ի նախագծից հանել այս դրույթը եւ անցնել  «փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգի»:

Քվեարկածների ցուցակների հրապարակման հարցի քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը հիշեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Դավիթ Հարությունյանն՝ իր դասընկերոջը, որի պահվածքը շատ նման է Լեւոն Զուրաբյանի պահվածքին. «Հարց եք տալիս ու ասում`դե ասեք, դե ասեք: Թույլ տվեք ասել»:

Նմանատիպ եւ այլ լիրիկական զեղումների արդյունքում իշխանության ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ Հրայր Թովմասյանը ներկայացրեցին Վենետիկի հանձնաժողովի հրապարակած վերջին փաստաթուղթը, համաձայն որի՝ քվեարկածների ցուցակները հրապարակման ենթակա չեն, բայց ինչ-որ կերպ կարող են հասանելի դառնալ: Այդ ինչ-որ կերպը իշխանությունն արդեն առաջարկել է`վստահված անձինք եւ դիտորդները երկու ժամ կարող են ծանոթանալ:

Հրայր Թովմասյանն անգամ ասաց, որ եթե հրապարակեն այդ ցուցակները`ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ կարող է կայացնել. «Եթե մտադիր եք սնանկացնել Հայաստանը…»:

Տիգրան Եգորյանը հարցադրումներ արեց այս առիթով: Հրայր Թովմասյանը վրդովվեց. «Ես առաջին կուրսի քննության չեմ եկել, որ այդ տոնով հարցեր ես տալիս»:

Թեեւ բոլորը կոչ էին անում ըստ էության խոսել, բայց տարբեր բանախոսներ անընդհատ շեղվում էին էությունից եւ վեճի բռնվում:

Քվեարկածների ցուցակների հրապարակման հարցի քննարկման ժամանակ մեկ առ մեկ անդրադարձ եղավ այն բոլոր փաստարկ-հակափաստարկներին, որոնք այս ընթացքում արդեն բազմիցս հնչել են: «Տղա ե՞նք բերում`դուք Վենետիկի հանձնաժողովը, մենք ԵԱՀԿ/ԺՀՄԻ՞Գ-ը»,- Հրայր Թովմասյանի դիտարկումներին հակադարձեց Լեւոն Զուրաբյանը:

Նրա հարցին`համաձա՞յն եք, որ ցուցակների հրապարակումը արգելված չէ, Հրայր Թովմասյանը հակադարձեց. «Ցուցակների հրապարակումը արգելված է ՀՀ-ում»: Դավիթ Հարությունյանը ձայն խնդրեց: Լեւոն Զուրաբյանը հորդորեց. «Ձանձրալի ելույթներ չունենաք»: «Մենք ձեզանից չենք վարակվում»,- չուշացավ Հրայր Թովմասյանի պատասխանը:

Վիճելի այս հարցի շուրջ կողմերն անդրդվելի են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930