«Մամուլում չեն գիտակցում երգիծանկարչության, առհասարակ պատկերային տեքստի, պատկերային քննադատական խոսքի ուժը։ Սա խնդիր է, որ պայմանավորված է նաև խմբագրության ֆինանսական միջոցներով։ Երբ կրճատումներ են արվում, առաջին կրճատվողը լինում է նկարիչը կամ երգիծանկարիչը։ Այսօր մեր մամուլը դատարկվում է երգիծանկարներից։ Մամուլն է ինչ-որ բան կորցնում, ոչ թե երգիծանկարիչը կամ երգիծանկարչությունը»,- Հայաստանի ժուռնալիստների միությունում այսօր բացված երգիծանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգիծանկարիչ Էդիկ Պողոսյանը։
Ապրիլի 1-7-ը միությունում կցուցադրվի 22 երգիծանկարչի 256 աշխատանք։
Ցուցահանդեսը նախաձեռնել է Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան։
Ասոցիացիայի հիմնադիր նախագահ, երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ցուցահանդեսը նվիրվում է հայ մամուլի անկախացման 25-ամյակին. «Եթե անկախություն ենք ձեռք բերել, ուրեմն մամուլը նույնպես պետք է անկախ լինի։ Իհարկե, չեմ ընդունում այն հումորը, երբ չափ ու սահման անցնում են։ Կարծում եմ՝ հայհոյանքով հումորն իր հետ հայհոյանք է բերում, նույն կերպ սիրո դեպքում սեր է ստեղծվում»,- ասաց երգիծանկարիչը։
Կարդացեք նաև
Նա համաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե երգիծանկարի ժանրը Հայաստանում մահանում է։
«Մենք փորձում ենք վերակենդանացնել երգիծանկարի ժանրը: Շատ հզոր պոտենցիալ ունենք, բայց ինքնամաքրվելու կարիք կա, ինչպես երգիծանկարչության, այնպես էլ մյուս բոլոր ոլորտներում, քանի որ մենք մեր սանդղակը իջեցրել ենք։ Ցանկացած սանդղակ իջեցնելիս պետք է մտածել, որ այն ինքնուրույն չի բարձրանալու։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի պաշտպանի ինչպես դասական երաժշտությունը, այնպես էլ երգիծանքը․երգիծանքը նույնպես մշակույթ է»,-եզրափակեց Ս. Թորոսյանը։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ