Տավուշի մարզի Բերդի քաղաքային զբոսայգին քաղաքապետարանի, ՀՕՖ-ի միջոցներով հիմնանորոգվել է: Այնտեղ առկա 3 կարուսելները ներկվել են, զբոսայգում ծառատունկ է արվել: Քաղաքային զբոսայգու կամարը նորոգվել է, կառուցվել է հենապատ, բազալտից նստարաններ են տեղադրվել:
Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի հրապարակում խաղամիջոցներ տեղադրելուց, ծառատունկ կատարելուց հետո այն դարձել է մանուկների սիրված վայրը: Տեղադրվել են գեղեցիկ նստարաններ: Այդ զբոսայգին կառուցապատվել է քաղաքապետարանի, ՀՕՖ-ի եւ անհատ բարերարի միջոցներով: Վերջինս չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:
Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանից տեղեկացանք, որ մինեւ հունիսի 1-ը Բերդի թիվ 4 դպրոցի մոտ եւս մեկ խաղահրապարակ կձեւավորվի, որից կօգտվեն քաղաքի 4-րդ դպրոցի, 3-րդ մանկապարտեզի եւ հարակից թաղամասերի երեխաները: Քաղաքապետն ասաց, որ մինչեւ ապրիլի վերջը նախատեսվում է 40 նստարան տեղադրել քաղաքի զբոսայգիներում եւ խաղահրապարակներում, 10 նստարան արդեն տեղադրված է: Բերդի տարբեր հատվածներում տեղադրվել են նոր աղբամաններ:
Բերդի համայնքային ճանապարհները որոշակի չափով տուժել էին քաղաքի խմելու ջրի ցանցում կատարված նորոգման աշխատանքներից հետո: Քաղաքապետարանը հարթեցրել է այդ ճանապարհները, բարեկարգել, առանձին հատվածներում կատարել հողի հեռացում: Մայիսից Բերդում կսկսվի գիշերային լուսավորության ցանցի շինարարությունը, ընդհանուր առմամբ կտեղադրվի 400 լամպ: Քաղաքի հարավային մուտքին գտնվող աղբյուրը նորոգվել, բարեկարգ տեսք է ստացել:
Կարդացեք նաև
Բերդի մի խումբ բնակիչներ մեզ հետ զրույցում դրական գնահատեցին սահմանամերձ քաղաքում իրականացված բարեկարգման աշխատանքները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ