«Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անցկացվող հանդիպումներից առանձնապես դրական սպասումներ պետք չէ ունենալ: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել վերջին շրջանում ցուցաբերված ագրեսիվ պահվածքից. դրա նախադրյալները չկան»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Պարոն Սաֆրաստյանի կարծիքով Ադրբեջանի այդ ագրեսիվ պահվածքը ռազմավարական նշանակություն ունի. « Ալիևը նպատակ է դրել փոխել ստատուս քվոյի իրադրությունը, որը գոյություն ունի ԼՂ կարգավորման հարցում: Կա ևս մեկ գործոն. ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը նաև որոշակի ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի պահվածքի վրա: Ադրբեջանը կձգտի, հաշվի առնելով « ավագ եղբոր» խորհուրդները, ավելի սրել իրադրությունը Հարավային Կովկասում՝ նպաստելով թուրքական ծրագրերի իրականացմանը, այսպիսով որպես գործիք օգտագործելով Ադրբեջանին»:
Արևելագետն անդրադարձավ նաև փախստականների վերաբերյալ Թուրքիայի և Եվրոպայի միջև եղած որոշմանը. «Եվրոպան ծանր իրավիճակում է հայտնվել փախստականների պատճառով, իսկ Թուրքիան աշխարհագրական դիրքից ելնելով «բանալի» է: Եվրոպական երկրների ղեկավարները պահանջում էին, որ Եվրամիությունը Թուրքիայի առաջ հստակ պահանջ դնի, և Թուրքիան փակի ելքի սահմանը: Բայց Թուրքիան այլ լուծում առաջարկեց. նա ոչ թե սահմանն է փակում, այլ եվրոպական երկրներում հայտնված ոչ ցանկալի փախստականները ետ են վերադառնում Թուրքիա: Եվ ահա այս ծրագրի համար նա ստանում է միլիարդներ և դեռ կշարունակի ստանալ: Սակայն չպետք է կարծել, որ եվրոպացիները միամիտ են. Եվրոպան էլ ունի իր հաշվարկները: Մոտակա ամիսներին այս գործարքը ուժի մեջ կլինի, բայց երկար կյանք չի ունենա»:
Պարոն Սաֆրաստյանը ավելացրեց նաև, որ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ծրագրում է հրատարակել «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակը, որը կթարգմանվի ռուսերեն և անգլերեն լեզուներով. «Առաջին հատորն արդեն լույս է տեսել. հին շրջանի մասին է, իսկ երկրորդը կլինի միջին դարերի մասին: Այն ներկայացնում է տարածաշրջանի հարևանների պատմությունը մեր տեսանկյունից: Առաջին անգամ մեր պատմության մեջ մենք սկսում ենք ստեղծել մեր հարևանների պատմությունը՝ ելնելով մեր տեսակետից: Մեր գրված պատմությունը հիմնվում է ահռելի գիտահետազոտական աշխատանքների վրա , որ կատարել են մեր գիտնականները հազարամյակների ընթացքում: Մենք ոչ միայն այդ երկրների հարևաններն ենք եղել, այլև դրանց մաս ենք կազմել: Հայերն ուսումնասիրել են այդ երկրները, ստեղծել են հզոր ժառանգություն, և դա գիտական շրջանառության մեջ չի դրվել: Մենք հանդես ենք եկել որպես արևելագետներ, օրինակ՝ Օսմանյան կայսրությունում մեր հեղինակները կարևոր աշխատություններ են ստեղծել այդ կայսրության մասին: Պատմություն գրում է նաև Ադրբեջանը, մի երկիր , որն ունի գոյության մի քանի տասնամյակի պատմություն»:
Կարդացեք նաև
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ