Երևանում «Նորմա» օպերան երկու բեմադրություն է ունեցել՝ 1975 թ. և 2001 թ.։
«Oպերային թատրոնն իրականություն կդարձնի երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի բոլոր ծրագրերը»,- Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
«Մենք կորցրինք մեր ավագ եղբորը, մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարին՝ Գեղամ Գրիգորյանին,- շարունակեց նա.- շատ ծրագրեր ունեինք: Բայց կյանքն այլ կերպ որոշեց… Ապրիլի 4-ին կլինի «Նորմա» օպերայի վերականգնված տարբերակի պրեմիերան, որը երևի թե առաջին ծրագրերից էր, որ նախատեսել էինք իրականացնել Գեղամ Գրիգորյանի հետ»:
Անդրանիկ Արզումանյանի խոսքով՝ Գեղամ Գրիգորյանի հիշատակին կնվիրվի ոչ միայն այս օպերան, այլև տարվա բոլոր պրեմիերաները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կլինի Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Ա. Արզումանյանը պատասխանեց, որ մարդկայնորեն ճիշտ չէ նման հարց քննարկել, երբ դեռ անփոխարինելի կորստից ընդամենը մեկ շաբաթ է անցել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը մահացել է այս տարվա մարտի 23-ին:
Օպերային թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն էլ իր հերթին նշեց, որ դեռ չի գիտակցում, որ այն, ինչ տեղի է ունեցել Գեղամ Գրիգորյանի հետ, իրական է. «Ես պատիվ եմ ունեցել աշխատելու նրա հետ: Չնայած կարճ ժամանակին՝ շատ բան եմ սովորել նրանից: Գ. Գրիգորյանը միայն լավ երգիչ չէր, նա շատ լավ երաժիշտ էր, մեծ գիտելիքներ ուներ: Նրա ցանկությունն էր «Նորմա»-ն ներկայացնել: Մենք կանենք այդ պրեմիերան՝ հարգելու նրա հիշատակը»,- ասաց Ջ. Մարչիանոն:
«Նորմա» օպերայի բեմադրիչն է Բորիս Հայրապետյանը (Ռուսաստան). դիրիժորական վահանակի մոտ կլինի Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա): Գլխավոր դերերում ներկայացումների տարբեր օրերին հանդես կգան Մարինե Դեինյանը և Դիանա Հարությունյանը (Նորմա), Հայկ Տիգրանյանը, Պողոս Բեազբեկյանը և Հովհաննես Ներսեսյանը (Օրովեզո), Սարգիս Աղամալյանը, Հովհաննես Նազարյանը և Լիպարիտ Ավետիսյանը (Պոլիոն) և այլ արտիստներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ