Լրահոս
Օրվա լրահոսը

1միլիոն դրամանոց ալկոտեստերները չեն կարող բացառել հարբած վարորդ-ոստիկան կոռուպցիոն դրսեւորումները

Ապրիլ 01,2016 21:57

Ալկոտեստերների ձեռքբերումից հետո հարբած վարորդների թիվն ավելացել է

Վերջերս Aravot.am-ն  անդրադարձել էր ՀՀ ոստիկանության կողմից 2015 թվականին ձեռք բերված թանկարժեք ալկոտեստերներին՝ արտաշնչած օդի նմուշում ալկոհոլի խտությունը չափող սարքերին: Հիշեցնենք, որ ոստիկանությունը գնման պայմանագիր է կնքել «Լեգիոն-9» ՍՊԸ-ի հետ, որը ստեղծվել է կրկին 2015 թվականին: Հիշեցնենք նաեւ, որ ոստիկանությունը ձեռք է բերել 45 հատ ալկոտեստեր, յուրաքանչյուրի համար վճարելով՝ պետգնումներով 1միլիոն 98 հազար դրամ:

Այս թանկարժեք գնումները բացահայտել էր «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, որի մասնագետները մտահոգություն էին հայտնել, որ պետական փողերի անարդյունավետ ծախս է եղել, եւ ինչո՞ւ չեն ձեռք բերել նույն սարքից ավելի էժանը: Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում էր ներկայացրել Aravot.am-ին  :

Մենք փորձեցինք պարզել, թե նման թանկարժեք, ինչպես ոստիկանությունից էին վստահեցրել՝ պրոֆեսիոնալ սարքերը որքանո՞վ են նպաստել  հարբած վարորդների թվի կրճատմանը եւ արդյոք ճանապարահային ոստիկաններին  թանկարժեք սարքով ապահովելն ավելի շատ զգոնություն է հաղորդում վարորդներին, որպեսզի հարբած չնստեն ղեկին: Նշենք, որ ոստիկանությունը ալկոտեստերներ է գնել նաեւ 2014 թվականին:

Եվ այսպես, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, 2013 թվականին մեքենաների ոչ սթափ վիճակում վարելու համար 2745 վարչական արձանագրութուն է կազմվել, 2014-ին՝ 3466, 2015 ին՝ 6418, 2016-ին՝ 926:

Ինչպես ցույց են տալիս պաշտոնական թվերը, հարբած վարորդների թիվը չի նվազել, մի բան էլ կրկնակի աճել է: Նշենք, որ առաջին անգամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար խմածության 0,2-ից մինչեւ 0,5 աստիճանի դեպքում վարչական տուգանքը 150 հազար դրամ է, 0,5 աստիճանի առաջին խմածությունը ղեկին արձանագրելու դեպքում՝ 200 հազար դրամ է, իսկ երբ նույն վարորդի մոտ 2-րդ անգամ է արձանագրվում ոչ սթափ վիճակ՝ մեկ տարով զրկվում է վարորդական իրավունքից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը (լուսանկարում) մեզ վստահեցրեց, որ թանկարժեք սարքեր գնելու նպատակն այն է, որպեսզի ճանապարհային ոստիկանի կողմից սխալվելու հավանականությունը նվազագույնի հասցվի, դրա համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ, ճշգրիտ եւ ժամանակակից սարքավորումներ:

Ահարոնյանը մեզ ասաց, որ սարքերը մատակարարողին առաջադրվել էր սարքերն այնպիսի ծրագրով ապահովվել, որպեսզի բացառվի դրանց աշխատանքում որեւէ միջամտություն: Այսինքն՝ քանի որ խմածության տարբեր աստիճանի դեպքում տուգանքի տարբեր չափեր են սահմանվում, ուստի այդ ծրագրավորումն անհարժեշտ էր, որպեսզի, ասենք՝ վարորդի՝ 0,1 խմածությունը 0,2 արձանագրելու հնարավորություն չլինի:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այդ թանկարժեք սարքերը ձեռք բերելով հնարավո՞ր է բացառել կոռուպցիոն դրսեւորումները ճանապարհային ոստիկանների կողմից, ասենք՝ ճանապարհային ոստիկանը «բռնացրել է» խմած վարորդին, այդ պրոֆեսիոնալ սարքն արձանագրել է 0.5 ատիճանի խմածություն, հետեւաբար նրան սպասվում է 200 հազար տուգանք, այս գումարը վճարելուց   խուսափելու համար, մի քանի անգամ քիչ գումար դնելով ոստիկանի գրպանն, ազատվի խոշոր տուգանքից:

Այս առնչությամբ ոստիկանությունից հետեւյալ պատասխանը տվեցին՝ «Մենք խոսում ենք տարբեր երեւույթների մասին, խոսքը խմածության չափը ճշգրտորեն արձանագրելու սարքի որակյալ լինելու մասին է: Ձեր կողմից հիշատակած վիճակները կապ չունեն գործիքը կա, թե՝ ոչ: Նման երեւույթները բացառելու համար ոստկանությունն ունի վերահսկման հստակ մեխանիզմներ: Ձեր կողմից նշված երեւույթը հնարավոր է միայն վարորդի համաձայնությամբ, ավելի կոնկրետ՝ վարորդն է ճանապարհային ոստիկանին առաջարկում: Իսկ այս դեպքում, երբ խոսքը օրինակարգ վարորդի մասին է, ապա ոստիկանության գլխավոր խնդիրն է՝ որպեսզի որեւէ ծառայող չկարողանա այդ սարքի միջոցով սխալ արձանագրություն կազմել, ինչի հետեւանքով տուժելու է մեր քաղաքացին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930