Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հեգնում է Արամ Մանուկյանին. «Ես կարող եմ թղթի վրա մի բան նկարել» (Տեսանյութ)

Ապրիլ 01,2016 21:35

Թեժ բանավեճ «4+4+4» ձեւաչափի քննարկման ժամանակ

Ընտրական օրենսգրքի նախագծի «4+4+4» ձեւաչափի բովանդակային քննարկումների առաջին հարցը ID-քարտերով ընտրություններին մասնակցության հարցն էր: Նախ` հստակեցնող հարց հնչեց քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կողմից` ընտրողների ցուցակում պետք է լինեն միայն այն մարդիկ, որոնք ունեն ID, թե՞ ընդգրկված են լինելու բոլորը, բայց քվեարկելու իրավունք ունենալու են  միայն ID քարտ ունեցողները:

«Եթե քվեարկության այն համակարգն է, որը նախատեսված է,  դա ոչինչ չի նշանակում իրենց ցուցակում լինելը, որովհետև եթե չունեն նույնականացման քարտ, չեն կարողանալու քվեարկել»,- պարզաբանեց ԸՕ-ի նախագծի հեղինակներից Հրայր Թովմասյանը:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հետաքրքրվեց`ի՞նչ ճակատագիր է սպասվում ընտրություններից մեկ օր առաջ Հայաստան ժամանած քաղաքացուն:

Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը հստակեցրեց` ID քարտին չտիրապետող անձը չի կարող քվեարկել: Ընտրողների ռեգիստրում լինել-չլինելը բնավ էական չի, քանի որ չի կարողանալու քվեարկել:

Նա նաեւ ասաց, որ իր համար բավական տարօրինակ է այն, որ տվյալ հարցի վերաբերյալ անցած քննարկման ժամանակ կողմերը միասնական դիրքորոշում չեն ունեցել, յուրաքանչյուրն իր կարծիքն է հրապարակել:

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ նախորդ նիստին ժամանակ էլ այս հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշում չկար եւ հետաքրքրվեց` եկե՞լ են միասնական դիրքորոշման. «Մենք կողմնակից կլինենք, եթե դա տեխնիկապես հնարավոր լինի, դա թանկ հաճույք է և ճիշտ կլինի, որ  մենք բոլոր քաղաքական ուժերով համատեղ դիմենք դոնոր հասարակությանը. այդ պահին պարզվեց որ ձեր թիմում չկա միասնական կարծիք, մի մասը կողմ է, մի մասը՝ դեմ»:  Պատասխան չհնչեց:

Լևոն Զուրաբյանը հստակեցրեց ՀԱԿ-ի դիրքորոշումը. «Մենք ոչ թե դեմ ենք նույնականացման քարտերին, միասնական փաստաթղթով քվեարկությանը, մենք դեմ ենք ցանկացած էլեկտրոնային համակարգի ներմուծմանը ընտրական գործընթացներում»: ՀԱԿ-ում նման դիրքորոշումը բացատրում են ընտրակեղծիքների նոր` էլեկտրոնային մեխանիզմի «ներդրմամբ»: Մասնագետներն իրենց բացատրել են, որ լուրջ եւ վստահելի էլեկտրոնային համակարգեր հնարավոր է ներդնել երեք տարում:

Հրայր Թովմասյանը կոչ արեց Գրիմերին մեկնաբանել ամբողջական, «որովհետև դա լոկոլ փոքրիկ սարք է, դրա համար երեք տարի պետք չէ»:

ԲՀԿ-ն կողմ է, որ միանման քվեարկության փաստաթուղթ լինի:

«Քննարկումները մտել են անհասկանալի փուլ, ով ինչ մտածում ասում է, միասնական կարծիք չկա»,-դիտարկում հայտնեց Դավիթ Հարությունյանը` արձագանքելով Լեւոն Բարսեղյանին, որը դեմ էր նույնականացման քարտերով քվեարկությանը: Նա հորդորեց հիմք ընդունել այն, որ էլեկտրոնային սարքերը գրանցման համար են, քվեարկության համար չեն, եւ դրանք չեն փոխարինելու անձնագրի կամ որեւէ բանի, դրանք ի լրումն են:

Այս ողջ ընթացքում ՀՅԴ-ական Աղվան Վարդանանը եւ Արմեն Ռուստամյանը հորդորում էին`«բանը մի անգամ ասել»: Արմեն Ռուստամյանն առաջարկեց անգամ քննարկման ժամկետ սահմանել: ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն էլ հորդորեց մանրուքների մեջ չմտնել, քննարկման ձեւաչափն ունի 5+1+1 առաջարկներ: Այս կոչերին միացավ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

Ի վերջո, հաջողվեց անցնել հաջորդ` ցուցակների մաքրման հարցին: Արամ Մանուկյանը ներկայացրեց վրացական փորձը:

Մանրամասները`տեսանյութում:

«Ես կարող եմ թղթի վրա մի բան նկարել, բայց…»,- հեգնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Ես նկարո՞ղ եմ, չեմ հասկանում, չի կարելի տենց, չի կարելի հեգնել»,- բորբոքվեց Արամ Մանուկյանը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ Արամ Մանուկյանը ստում է, երբ 105 տոկոսով կայացած ընտրությունների մասին է խոսում ու ընդհանրապես, իրեն անհայտ թվեր է ներկայացնում: «Ես նկարիչ եմ, շատ լավ նկարիչ եմ, բայց այստեղ վիճակագրական տվյալներ են ներկայացված: Ու մի հեգնեք»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930