Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր որոշել Սահմանադրական դատարանը ընտրացուցակների վերաբերյալ. Որոշման ամբողջական տեքստը

Ապրիլ 01,2016 20:38

«Ընտրական օրենսգրքի» նախագծի քննարկումների ընթացքում հաճախ է վկայակոչվում Սահմանադրական դատարանի որոշումը ընտրացուցակների վերաբերյալ: Հիշեցնենք, 2012 թվականին ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Ընտրական օրենսգրքի» այն դրույթը, որով արգելվում է ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը։ ՍԴ-ն որոշել էր, որ այդ դրույթը չի հակասում Սահմանադրությանը: Որոշման ամբողջական տեքստը՝ ստորեւ:

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

5 մայիսի 2012 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վ. Գրիգորյանի,

պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը 28.04.2012թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից օրենքով սահմանված կարգով ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված` ՀՀ Ազգային ժողովի 29 պատգամավորների (ավելի քան մեկ հինգերորդի) դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները, հետազոտելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, օրենսդրության այլ ակտեր, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ ընտրական օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2011 թվականի մայիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2011 թվականի հունիսի 14-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի հունիսի 26-ից:

Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում»:

Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է. «1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն`… 3) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից»:

Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է.

«1. Վստահված անձն իրավունք ունի`… 2) անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից»:

 

2. Դիմող կողմը` ՀՀ Ազգային ժողովի թվով 29 պատգամավորներ (համաձայն ներկայացված ձևաթղթի), գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` «…այն մասով, որ մասով որ դրանցով նախատեսված են ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակման սահմանափակումներ», հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Վկայակոչելով ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավունքի մի շարք նորմեր` դիմողների հիմնական փաստարկները հանգում են նրան, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների գաղտնիացումը և դրանցում պարունակվող տեղեկությունների հրապարակման բացարձակ սահմանափակումները հակասում են տեղեկություններ փնտրելու և ստանալու` մարդու հիմնարար իրավունքներին, ինչպես նաև հանգեցնում են ազատ ընտրական իրավունքի սահմանափակմանը: Կողմը գտնում է, որ ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը չի կարող դիտվել որպես գաղտնի ընտրական իրավունքի բաղադրատարր և արդարացված չէ նաև ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վկայակոչմամբ նման նորմերի անհրաժեշտության հիմնավորումը:

Դիմող կողմը գտնում է, որ վեճի առարկա դրույթներով «… նախատեսված արգելքը բացարձակ է», այն տարածվում է նաև տեղեկատվությունը դատարաններին տրամադրելու վրա, բացառում է այդ ցուցակների նկատմամբ դատական վերահսկողությունը և խոչընդոտում է անձանց իրավունքների խախտումների դեմ արդյունավետ պաշտպանության միջոցների իրավունքի իրացմանը:

Դիմողների կարծիքով, վեճի առարկա դրույթներով նախատեսված արգելքը «…բացառում է ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով (ինչպես նաև` հանրաքվեի) իշխանության իրականացման փաստի ապացուցման հնարավորությունը»:

 

3. Պատասխանող կողմն առարկելով դիմող կողմի փաստարկներին` գտնում է, որ ընդհանրապես անհիմն է տվյալ հարցին անդրադառնալ միջազգային իրավունքի և ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ տեղեկատվության ազատության իրավունքը բացարձակ չէ և Սահմանադրության 43-րդ հոդվածի հիմքով դրա սահմանափակումը պայմանավորված է նաև այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ: Հետևաբար, ըստ պատասխանողի` ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման սահմանափակումն իրավաչափ նպատակ է հետապնդում:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ հիմնավոր չեն դիմող կողմի փաստարկները դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման առումով: Եթե ՀՀ նախորդ ընտրական օրենսգրքում այս հարցի առնչությամբ կար որոշակի անհստակություն, ապա նոր օրենսգրքի 31 և 33-րդ հոդվածների` վեճի առարկա դրույթներում դիտորդներին, զանգվածային լրատվության միջոցներին, վստահված անձանց քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ այդ ցուցակներին ծանոթանալու և ինքնուրույն քաղվածքներ կատարելու իրավասությամբ օժտելն ինքնանպատակ չէ: Բնականաբար, դա դիտվում է որպես նրանց վերահսկողական գործառույթի իրականացման անհրաժեշտ մաս: Իսկ այդ իրավասուբյեկտները պարտավոր են հանրային վերահսկողության իրենց առաքելությունը պատշաճ ձևով կատարել, ինչը պատասխան կլինի նաև դիմող կողմի բերած վերջին փաստարկին ու ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքի յուրատեսակ ընկալմանը:

Կողմը նաև գտնում է, որ տվյալ հիմնախնդիրը չի կարող քննության առարկա դառնալ` շրջանցելով ՀՀ Սահմանադրության 23 և 42-րդ հոդվածների պահանջները: Մտացածին ու անհիմն է համարվում նաև ստորագրված ցուցակներում պարունակվող տեղեկատվության նկատմամբ պետական մենաշնորհի առկայության վերաբերյալ հարցադրումը:

 

4. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա դրույթների սահմանադրականության հարցն անհրաժեշտ է քննության առնել դրանց համակարգային ամբողջականության մեջ: ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասը հրապարակման ենթակա չի համարում ընտրողների ստորագրած ցուցակները, դրանք չեն կարող նաև լուսապատճենահանվել, լուսանկարվել և տեսանկարահանվել: Միաժամանակ, օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև 48-րդ հոդվածի 14-րդ մասն արտոնում են համապատասխան իրավասուբյեկտներին քվեարկության արդյունքների վերահաշվարկի և բողոքարկման գործընթացում ծանոթանալ այդ ցուցակներին և ինքնուրույն քաղվածքներ կատարել:

Նման իրավակարգավորումը հիմք է տվել սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորներին պնդելու, որ առկա է «…ստորագրված ցուցակների բացարձակ գաղտնիացում» կամ «բացարձակապես գաղտնի է պահվում ընտրություններին վերաբերող ամենակարևոր տեղեկությունները` ընտրություններին մասնակցած անձանց իրական մասնակցության մասին տեղեկությունները»: Շեշտվում է նաև, որ «Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթներով նախատեսված արգելքը բացարձակ է, և այն տարածվում է նաև նման տեղեկատվությունը դատարաններին տրամադրելու վրա»: Ելնելով նման պնդումներից` դատողություններ են արվում նաև ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջների անտեսման մասին:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների բուն նախաշեմին նման դիմում ներկայացնելու փաստը և հատկապես պատգամավորների կողմից առկա իրավակարգավորման բնույթի ու բովանդակության համանման մեկնաբանությունները և դրանց մեծ հասարակական հնչեղություն հաղորդելը կարող են տարակարծիք մոտեցումների տեղիք տալ իրավակիրառ պրակտիկայում` հատկապես քվեարկությունների արդյունքների բողոքարկման փուլում, ուստի անհրաժեշտություն է առաջանում անդրադառնալ վեճի առարկա նորմերի սահմանադրաիրավական բովանդակությանը և դրանից ելնելով` գնահատել այդ նորմերի սահմանադրականությունը:

 

5. Ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման սահմանափակումը բազմիցս քննարկման առարկա է դարձել միջազգային իրավական պրակտիկայում: Իրավակարգավորման հնարավոր տարբերակների ու սահմանափակման շրջանակների ընտրությունը համարվում է տվյալ երկրի օրենսդիր մարմնի իրավասությանը վերաբերող խնդիր: Առանձին երկրներում այդ ցուցակներում պարունակվող տեղեկատվությունը պաշտպանվում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքներով, կամ այն մատչելի է համարվում միայն ծառայողական նպատակներով օգտագործման համար: Կան նաև օրինակներ, երբ այդ ցուցակներից պատճենահանումն արգելվել է դատարանի որոշմամբ:

Տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը, որոնց կողմից են մշակվել այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները: Բոլոր դեպքերում ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը փնտրվում է ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրավաչափ սահմանափակման ու նաև այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման համատեքստում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման մոտեցումը համահունչ է նաև ՀՀ Սահմանադրության 27 և 43-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությանը:

ՀՀ սահմանադրական դատարանը դեռևս իր` 16.04.2003թ. ՍԴՈ-412 որոշման մեջ կոնկրետ իրավական դիրքորոշում է արտահայտել այդ հարցի վերաբերյալ, շեշտելով, որ «…պաշտպանում է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստի կողմից 2002թ. հոկտեմբերին վավերացված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն: Սակայն դա չի ենթադրում օրենքով սահմանված կարգով ստուգումների ժամանակ ընտրական ցուցակներին ծանոթանալու անթույլատրելիություն»: Նման իրավական դիրքորոշումը վկայում է, որ ստորագրած ընտրական ցուցակների վրա բացարձակ արգելք դրվել չի կարող, ինչն արտացոլվեց նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 33 և 48-րդ հոդվածներում ամրագրված նորմերում` այդ ցուցակներին ծանոթանալու և դրանցից քաղվածքներ կատարելու վերաբերյալ:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ և բացատրական զեկույց» 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) փաստաթղթի 4-րդ կետի (գաղտնի ընտրական իրավունք (c)-րդ ենթակետում շեշտվում է. որ «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», իսկ Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «…քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»: Միաժամանակ քվեարկած անձանց ցուցակի հրապարակումն արգելելու պահանջի խախտումը գնահատվում է որպես քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում: Ի դեպ, այդ փաստաթուղթը նախ ընդունվել է Եվրախորհրդի Ժողովրդավարական ընտրությունների խորհրդի կողմից (Ցուցումները` 03.07.2002թ., Բացատրական զեկույցը` 16.10..2002թ.), հետագայում հաստատվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի 1320(2003) բանաձևով և հավանության է արժանացել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 13-ի 114-րդ նիստում ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի մասին» հռչակագրով` գնահատելով դրանում ամրագրված ցուցումները որպես եվրոպական ընտրական ժառանգության հիմնարար սկզբունքների արտացոլում:

ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը և Վենետիկի հանձնաժողովն այս հարցին անդրադարձել են նաև մի շարք այլ փաստաթղթերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի` ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ CDL-EL(2010)003, 2010թ. փետրվարի 3-ի համատեղ դիտողություններում կրկին անդրադառնալով ընտրական հարցերով կանոնագրքի Բացատրական զեկույցի նշված 54-րդ կետին` վերահաստատել է դրանում արտահայտված դիրքորոշումը: 2010թ. դեկտեմբերի 22-ի CDL-AD(2010)043 զեկույցում հիմնավորվում է, որ ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային հսկողության, դրանց հրապարակայնության ապահովման պահանջները վերաբերում են քվեարկությանը նախորդող ժամանակահատվածին: Նշվում է, որ ընտրացուցակները պետք է մատչելի լինեն ողջամիտ ժամանակահատվածում և վայրերում, որպեսզի ընտրողներին հնարավորություն տրվի ստուգելու իրենց վերաբերյալ անձնական տվյալները, իսկ ընտրական գործընթացի մասնակիցները կարողանան դրանք ուսումնասիրել և անհրաժեշտ հսկողություն իրականացնել: Ընտրողների գրանցման գործընթացի նկատմամբ մոնիտորինգի ԵԱՀԿ/ԺՄԻԳ CDL-EL(2009)015 փաստաթղթում նշվում է. «Ընտրողների գրանցման գործընթացի թափանցիկությունը հանրային վստահության ապահովման առանցքային միջոց է: Այս գործընթացի թափանցիկությունն ապահովում է ընտրողների ցուցակների մատչելիությունը մինչև ընտրությունը»: Հատուկ կարևորվում է նաև ընտրողների անհատական տվյալների պաշտպանության հանգամանքը:

 

6. Նշված մոտեցումներն իրավաչափ, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին ու ՀՀ Սահմանադրությանը համահունչ համարելով հանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող դիտվել որպես ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության ու անմիջական ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի իրացման արգելք: Առավել ևս դա վերաբերում է ընտրական իրավունքի դատական պաշտպանությանը, ինչի առնչությամբ մտահոգություն են արտահայտել սահմանադրական դատարան դիմած պատգամավորները: Արդարադատության իրականացումը դատարաններին պարտավորեցնում է դատական ընդդատության շրջանակներում քննության առարկա դարձնել ցանկացած տեղեկատվություն, ինչն ունի ապացուցողական նշանակություն իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրաիրավական առումով «հրապարակման ենթակա չեն» կամ «չպետք է հրապարակվի» արտահայտություններին իրավակիրառական պրակտիկայում չի կարող այնպիսի տարածական մեկնաբանություն տրվել, ինչը կխոչընդոտի ազատ ընտրությունը կամ կարգելափակի ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը` ընտրական իրավունքի պաշտպանության համատեքստում, ինչպես նաև դրանց չհրապարակման սահմանափակումը որևէ կերպ տարածվի նման տեղեկությունները դատարաններին տրամադրելու վրա: Տվյալ արտահայտությունները վերաբերում են հրապարակային տպագրությանը` քվեարկության գաղտնիության երաշխավորման և ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների համատեքստում: Սակայն որևէ սահմանափակում չի կարող խոչընդոտել ընտրական գործընթացի վերահսկմանն օրենքով սահմանված կարգով մասնակցող իրավասուբյեկտների գործունեությունը, ինչի արդյունավետ իրականացումով է մեծապես պայմանավորված հանրային վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ: Խնդիրն այն է, թե նրանք ինչպիսի իրավագիտակցությամբ ու արդյունավետությամբ են իրականացնում այդ առաքելությունը: Պրակտիկան վկայում է, որ հաճախ անվստահության պատճառը վերահսկողական գործառույթի ոչ պատշաճ կատարումն է, ինչին կոնկրետ օրինակներով անդրադարձել է սահմանադրական դատարանն իր նախորդ որոշումներում:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քվեարկության արդյունքների առնչությամբ վեճի շրջանակներում ստորագրված ընտրական ցուցակներին ծանոթանալը և համապատասխան քաղվածքներ կատարելն օրենքով նախատեսված սուբյեկտների, տվյալ դեպքում` դիտորդի, վստահված անձի, զանգվածային լրատվական միջոցի ներկայացուցչի ու դիմողի (համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 48-րդ հոդվածի 14-րդ մասի) իրավունքն է: Իսկ ներկայացված փաստերի հիման վրա այդ ցուցակներում տեղ գտած խախտումներին իրավական գնահատական տալը համապատասխան ընտրական հանձնաժողովների ու դատարանի պարտականությունն է: Հետևաբար, ընտրական իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված գործընթացների շրջանակներում վերահսկողական համապատասխան իրավասությամբ օժտված իրավասուբյեկտների համար ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որևէ տեղեկատվության մատչելիությունը չի կարող արգելափակվել` առավել ևս նման տեղեկատվությունը դատարաններին տրամադրելու առնչությամբ: Այս սկզբունքային մոտեցումն է դրված վեճի առարկա նորմերի իրավակարգավորման հիմքում և, մասնավորապես, անհիմն է այն պնդումը, որ «Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասով, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթներով նախատեսված արգելքը բացարձակ է, և այն տարածվում է նաև նման տեղեկատվությունը դատարաններին տրամադրելու վրա»:

Խնդիրն ընտրություններում քվեարկության գաղտնիության սկզբունքի և ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանության իրավաչափ հավասարակշռության ապահովումն է: Դա հնարավոր է ու անհրաժեշտ, երբ ընտրախախտումների հայտնաբերման և ուսումնասիրման շրջանակներում ցանկացած իրավաչափ գործողության կատարման ընթացքում օրենքով սահմանված կարգով վերահսկման գործընթացին մասնակից իրավասուբյեկտների համար մատչելի են արդեն իսկ ստորագրված ընտրացուցակները: Դա ենթադրում է ոչ միայն իրենց իրավասությունների պատշաճ իմացությամբ դրանց ծանոթանալն ու քաղվածքներ կատարելը, ինչպես նախատեսված է ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 33 և 48-րդ հոդվածներով, այլև հնարավոր խախտումներ արձանագրելու դեպքում ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում քվեարկության արդյունքների հավաստիության վիճարկման հնարավորություն` ՀՀ ընտրական և վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով: Ուստի ընտրական հանձնաժողովների պարտականությունն է ընտրական գործընթացի վերահսկմանն օրենքով նախատեսված կարգով մասնակցող իրավասուբյեկտների համար ընտրական իրավունքների պաշտպանության շրջանակներում այդ ցուցակներին լիարժեք ծանոթանալու պայմաններ ստեղծելը: Դա հատկապես անհրաժեշտ է դատական քննությունը ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների պահանջներին համապատասխան երաշխավորելու ու հնարավոր ընտրախախտումները վերացնելու համար: Իսկ ընտրական գործընթացի վերահսկմանը մասնակցող իրավասուբյեկտների շրջանակի և նրանց գործունեության կարգի սահմանումն օրենսդիր մարմնի իրավասության հարցն է:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` օրենսգրքում ամրագրված և սույն որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ կետի, համառոտ ձևով ենթադրում է, որ այդ դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես ընտրական իրավունքի սահմանափակում ու գործնականում արգելափակել ընտրախախտումների բացահայտման առնչությամբ ցանկացած իրավաչափ գործողության կատարման ընթացքում ընտրական գործընթացը սահմանված կարգով վերահսկող իրավասուբյեկտների համար ընտրողների ստորագրած ցուցակների մատչելիությունը` որպես ընտրական իրավունքի պաշտպանության, այդ թվում` դատական կարգով, անհրաժեշտ երաշխիք:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

5 մայիսի 2012 թ.

ՍԴՈ-1027

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    ,,Կարող են, եթե, համաձայն այսինչ հղումի, այսուհանդերձ, առ այն հղումի,, եւ այլն եւ այլն! Այս ձեւերի ու գեր-գրագետ երկարաշունչ ճոռոմաբանության փոխարեն միթե կնեղանայինք եթե մարդավարի ,,հա,, կամ ,,չէ,, ասվեր? Կամ ասենք՝ – ,,թույլատրվում է հրապարակել միայն չստորագրված ցուցակները,, կամ՝ ,,չի կարելի ոչ մի դեպքում,, կամ այլ հասկանալի մի բան: Այս զորավոր թղթով գնա ու ապացուցիր դիմացիդ պնդաճակատ զորքին, որ իրավացին ինքդ ես եւ ոչ իրենք: Մասնագոթական դեմագոգիան նույնիսկ ինչ որ սահման է ենթադրում …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930