Այսօր դատարանն ավարտեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով բոլոր փաստաթղթերի հրապարակումները, ընթերցվեցին 26 հատորները: Դատարանը, որն արդեն իսկ հրապարակել էր Վալերի Պերմյակովի օրագիրն ու «Օդնոկլասնիկ» ցանցում մոր, եղբոր հետ երկխոսությունները, այսօր հրապարակեց նրա գրառումներից մեկը, որտեղ դարձյալ Պերմյակովը իրեն պատկերացնում է պատերազմական իրավիճակում: «Տանկը հետ մղեցինք, իմ վրա կրակոցներ չկան: Շնորհակալություն, սիրում եմ ձեզ…»:
Դատարանը հրապարակեց նաեւ դատահոգեբուժական-հոգեբանական փորձաքննության արդյունքները, ըստ բժշկական փաստաթղթղերի, նրա մոտ առկա է պրիմիտիվություն, մանկամտություն, «ֆանտազյորություն», բռնկվող է, ցածր իրավագիտակցություն ունի, անտեղի կարող է ժպտալ, սակայն նրա հուզական վիճակը չի ազդել կատարած արարքի վրա, նա մեղսունակ է: Ըստ բժշկական փաստաթղթերի՝ դեռ 2014 թվականին Չիտայում 3 ամսով նրան արգելվել է զենք կրել: Փաստաբան Լուսինե Սահակյանի մեկնաբանմամբ, պատճառը եղել է այն, որ ուրիշի կյանքը նրա համար արժեք չունի:
Փաստաբանները միջնորդել էին դատարանին որպես վկա հրավիրել Պերմյակովի զորացրված ծառայակից ընկերներին ու նրա անմիջական ղեկավար՝ սպա Նիկիշինին, որը եւ Չիտայից Պերմյակովին ընտրել ու բերել էր Գյումրու 102-րդ ռազմաբազա: Դատավոր Հարություն Մովսիսյանն այսօր տեղեկացրեց, որ դատարան վկայակոչված վկաներից 5-ի հասցեն ճշտել են, սակայն չի հաջողվել ճշտել Տարասովի ու Նիկիշինի հասցեները: Նիկիշինը այլ զորամաս է տեղափոխվել ծառայության: Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հարցրեց. «Ի՞նչ է նշանակում հասցեն հնարավոր չէ ճշտել, եթե քրեական հետապնդման հարց առաջ գար տվյալ անձի նկատմամբ, ո՞նց էինք գտնելու»:
Հաջորդ դատական նիստը կշարունակվի եկող ուրբաթ օրը, դատարանը կուսումնասիրի գործում առկա իրեղեն ապացույցները ու կլսի Վալերի Պերմյակովի ցուցմունքները:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ