«Քանի որ մթնոլորտը թունավոր է, ես եկել եմ իմ անձնական մածունով»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Քիչ առաջ, խորհրդարանում մեկնարկեց «4+4+4» ձեւաչափով քննարկման երկրորդ փուլը: Հանդիպումն այսօր ընթացավ «6+6+4» ձեւաչափով: Իշխանական կողմը կրկին ներկայացել էր վեց հոգով, իշխանությանը համարժեք էին ներկայացել քաղհասարակության ներկայացուցիչները: Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին նաեւ Լեւոն Բարսեղյանը, Ստեփան Դանիելյանը: ՀԱԿ-ից երկու ներկայացուցիչ էր մասնակցում, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից մեկական: Երկու ներկայացուցիչ էր մասնակցում նաեւ ՀՅԴ-ից:
ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հանդիպումից մի փոքր ուշացավ: «Մեր շարքերում կորուստներ կան`ի դեմս ՕԵԿ-ի եւ «Ժառանգության»,- մինչ նրա գալը`դիմելով Լեւոն Զուրաբյանին հեգնական դիտարկում արեց Նաիրա Զոհրաբյանը: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ կես ժամ առաջ է խոսել Հովհաննես Մարգարյանի հետ, նա հավաստիացրել է, որ գալու է: «Լեւոնը երաշխավորում է, որ ՕԵԿ-ը չի կորել»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: «Եթե ճանապարհին «Ժառանգությունից» մարդ չի հանդիպել»,- հումոր արեց քաղհասարակությունը ներկայացնող Դանիել Իոաննիսյանը:
Իշխանական կողմից հետաքրքրվեցին`ի՞նչ ձեւաչափով է հանդիպումն ընթանալու: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Լեւոնն է որոշում: Ինքն ընդդիմության առաջնորդն է: Ռոտացիոն կարգով»: «Մի հատ էլ ասա`ձայնագրենք»,- Նաիրա Զոհրաբյանի հեգնանքը շարունակեց Հրայր Թովմասյանը: Ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ ձայնագրողները շատ են եւ շարունակեց. «Մեկ ժամից պարզ կլինի, թե ինչ ձեւաչափ է: Մի ժամ էլ կքննարկենք`ով ում ոնց նայի…»
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ