Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին սպանել է Պերմյակովը ու եղել է միայնակ. ստի դետեկտորի տեղեկությունները (Տեսանյութ)

Ապրիլ 01,2016 18:18

Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվեց Ավետիսյանների դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Այսօր դատարանը հրապարակեց ռուսական կողմի իրականացրած հոգեֆիզիոլոգիական (ՀՖՓ) փորձաքննության արդյունքները, այսպես կոչված ստի դետեկտորով բացահայտված տեղեկատվությունը, համաձայն որի՝ փորձել են պարզել, թե որքանո՞վ են իրական Վալերի Պերմյակովի ցուցմունքները, Ավետիսյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա քանի՞ կրակոց է արձակել, ի՞նչ դիրքերից, մարմնի ո՞ր մասերում:

Դատարանը դրվագ առ դրվագ հրապարակեց ՀՖՓ-ի արդյունքները Ավետիսյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամի սպանության պահով: Երբ սկսեցին ընթերցել այս փորձաքննության արդյունքները, Ավետիսյանների հարազատները, որոնք բոլորն այսօր ներկա էին դատական նիստին, վատացան, նրանցից մի քանիսը դուրս եկան դատարանի դահլիճից:

Այս փորձաքննությունը եւս բավական խրթին էր, թեեւ ակնհայտ էր, որ Պերմյակովի ցուցմունքների ու ստի դետեկտորով ստացված տեղեկությունների միջեւ հակասություններ կային, օրինակ՝ ընտանիքի հոր՝ Սերյոժայի, որդու՝ Արմենի ու հարսի՝ Արաքսյայի դեպքում Պերմյակովը թաքցրել էր՝ թե ո՞ր դիրքերում ու քանի՞ կրակոց է արձակել:

Ստի դետեկտորով հաստատվել է, որ բոլորին սպանել է Պերմյակովը ու միայնակ: Պերմյակովն իր ցուցմունքներում ասել էր, որ Արաքսյան, տեսնելով իրեն, վերցրել է հեռախոսը, սկսել է զանգել, սակայն սա չէի հաստատվել հոգեֆիզիոլոգիական փորձաքննության արդյունքներով:

Նմանապես Պերմյակովը իր ցուցմունքներում թաքցրել էր տեղեկատվությունն այն մասին, որ տան երրորդ սենյակում գտնվող Արմեն Ավետիսյանին սպանել է երկու կրակոցով, 2-րդ կրակոցով է վերջ տվել նրա կյանքին: Արմեն Ավետիսյանը, լսելով կրակոցների ձայներ,  հավանաբար բացել է դուռը, վազել երկրորդ սենյակ՝ 1-ին կրակոցի ժամանակ: 2-րդ կրակոցի ժամանակ նա պառկած է եղել հատակին, ու Պերմյակովն այլ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Permyakov_dat_2 Permyakov_dat_001 Permyakov_dat_002 Permyakov_dat_003

Լրագրողները, լսելով փորձաքննության արդյունքները, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանին խնդրեցին ավելի հասկանալի դարձնել դատարանում հնչեցվածը: Երամ Սարգսյանը նախ պարզաբանեց, որ ՀՀ Քրեադատավարական օրենսգրքով ստի դետեկտոր կոչված փորձաքննություն նախատեսված չէ, մենք չունենք, մինչդեռ Ռուսաստանում իրականացվում ու համարվում է որպես ապացույց:

«Կարեւորությունն այս գործի համար ինչքանով է. փորձ է կատարվում հնարավորինս օբյեկտիվ տվյալներ ստանալ, բազմաթիվ հարցեր են տրվում՝ նրա սրտի աշխատանքի, մաշկի ռեակցիաների, նրա ընդհանրապես ֆիզիոլոգիական ռեակցիաների միջոցով փորձ է արվում պարզել, թե իրականում ճի՞շտ է ասում կոնկրետ հարցի պատասխանը, թաքցնո՞ւմ է տեղեկությունը, թե՞ ոչ: Հիմա եթե սա համադրենք իր ցուցմունքների հետ, ո՞րն է գործի առանձնահատկությունը. դեպքի վայրում այլ անձինք, ըստ էության, ոչ մեկը չի կարող ասել, թե ի՞ նչ է եղել, բացի իրենից:

Հաջորդ փաստական տվյալը, որ կարող ենք փորձել արժանահավատությունը գնահատել՝ դա ստի դետեկտորն է: Հիմա տեսեք ինչ է պարզում ստի դետեկտորը, տիրապետում է տեղեկությունների, որը ինքը մտել է այդ տուն, սպանել է ներսում գտնվող բոլոր անձանց, որ ինքն է դա կատարել:

Հաջորդ տվյալը, որ բոլորիս հետաքրքրում է՝ միայնա՞կ է կատարել, թե՞ ոչ սպանությունը: Ըստ ստի դետեկտորի, ինքը տիրապետում է տեղեկությունների, որ ինքը միայնակ է կատարել հանցագործությունը: Տեսեք ձեւակերպումը, որ ինքը «տիրապետում է տեղեկությունների», ի՞նչ է նշանակում, որ համապատասխան ազդակներ եղան, որ ըստ իրեն, հենց այդպես է: Այստեղ օբյեկտիվ իրականությունը մենք պիտի փորձենք սահմանազատել, բայց, ըստ իրեն, ինքը միայնակ է կատարել ու այդ տվյալ ֆիքսվել է կամ ասենք ներսում դիրքերի հետ կապված, թե ում ինչ դիրքում է սպանել:

Օրինակ՝ այստեղ առանձնացնեմ հենց Արմեն Ավետիսյանի հետ կապված դրվագը, որ ինքը նախկինում իր ցուցմունքներում երբեք չի ասել, որ Արմեն Ավետիսյանին գետնին ընկած վիճակում վերեւից եւս մեկ անգամ կրակել է, բայց ստի դետեկտորի ժամանակ այս տվյալն ինքն արդեն հայտնել է, հետագայում գործի նյութերով, մյուս փորձաքննություններով պարզվել է, որ իրականում Արմեն Ավետիսյանն առաջին կրակոցից հետո ընկել է գետնին, հետագայում մեջքի կողմից Պերմյակովը նրա վրա ընկած վիճակում կրակոց է արձակել:

Այստեղ հակասություններ կան, փորձագետները նշում են, որ նա տիրապետում է տեղեկության, որ աղջկան նույնպես սվին-դանակով է վնասել, այստեղ է, որ մենք պետք է տարբերակենք օբյեկտիվ իրականությունն ու իր ընկալումները: Այս պահին իր մոտ համոզմունք կա, որ ինքը սվին-դանակով է հարվածել, բայց գործի մյուս տվյալներով այդ փաստերը հերքվում են:

Միակ տվյալն այստեղ այն է, որ նա հարվածել է Սերյոժա Ավետիսյանին, որի ընթացքում նաեւ վնասվածք է ստացել մայրը՝ Արաքսյա Պողոսյանը: Հնարավոր է, որ այդ իրավիճակում իր մոտ այլ տպավորություններ են եղել այս պահի դրությամբ, բայց պետք է մյուս հանգամանքների հետ համադրենք, որպեսզի պարզենք:

Մի հակասություն էլ կա Սերյոժա Ավետիսյանի՝ պապիկի հետ կապված. Փորձագետները նշում են, որ ինքը բռնություն, ըստ էության, չի գործադրել իր տեղեկություններով, բայց մենք ունենք դատագենետիկական փորձաքննությունների եզրակացություններ, որտեղ փաստարկ կա, որ խզակոթի վրա առկա է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ի հետքը ու նրա քունքի հատվածում վնասվածք կա, ինչի համադրությամբ ի հայտ է գալիս, որ նա քունքի հարվածում վնասվածք ստացել է:

Այնտեղ նաեւ տատիկի՝ Հասմիկ Ավետիսյանի արթնանալու կամ փորձ անելու, որ անկողնուց դուրս գա, մենք ունենք դեպքի վայրի զննությունը, որ ոտքերն արդեն իսկ անկողնուց ներքեւ են եղել, այս տվյալ փորձաքննությամբ նույնպես հաստատվում է, որ փորձ է արել դուրս գալ, ոտքերը դուրս են եղել »:

Ստի դետեկտորով բոլորին հուզող, ամենակարեւոր հարցերի պատասխանները տրվել են՝  Պերմյակովն է մտել է այդ տուն, միայնակ է կատարել հանցագործությունը, բոլորին սպանել է ինքը: Իսկ թե նպատակային է մտել Ավետիսյանների տուն, թե՞ ոչ, փորձագետների մոտ տեղեկություններ կան, որ մինչ այդ տունը մտնելը ինքը փորձել է այլ տներ մտնել: Այսինքն` նպատակային հենց այդ տուն չի եկել, սվին-դանակը ամրացված է եղել ինքնաձիգի վրա ՝ նախքան տուն մտնելը: Սվին-դանակը չի հանել երեխային վնասելու ժամանակ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930