Լրահոս
Օրվա լրահոսը

40 մլն ֆունտ ստերլինգ Համասյանի համա՞ր

Ապրիլ 01,2016 18:02

Գլոբալիզացիան սահմաններ չի ճանաչում

Ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը հերթական անգամ ապացուցում է, որ հանուն «Չելսիի»՝ ինքը պատրաստ է ամենաանսպասելի զոհողությունների ու շռայլությունների: Մասնավորապես, ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, Աբրամովիչը պատրաստվում է 40 մլն ֆունտ ստերլինգ (մոտ 60 մլն դոլար) վճարել հայ դաշնակահար Տիգրան Համասյանի համար: Ըստ The Sun թերթի՝ «Աբրամովիչը խելքը թռցրել է: Իհարկե, համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ սուպերակումբներն օգտվել են ֆուտբոլի հետ կապ չունեցող մարդկանց ծառայություններից՝ խորհրդանշական կերպով նրանց ընդգրկելով հիմնական կազմ (ինչպես, օրինակ, Պիկասոյին՝ Մադրիդի «Ռեալ» եւ կամ Քամյուին՝ ֆրանսիական «Ռեյմս»): Սակայն 40 միլիոնն ահռելի գումար է նման մտահղացման համար»:

Ինչպես նշել է ակումբի նախագահ Բրյուս Բաքը՝ գաղափարն իրենն է, ինչին հավանություն է տվել ակումբի սեփականատերը: «Չելսին» արիստոկրատների թիմ է, և Համասյանի պես բարձրակարգ արվեստագետի հայտնվելն ակումբում մեզ միայն բարիք կբերի»,-նշել է Բաքն ու հավելել, որ գործարքի իրականացման դեպքում թիմի երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում զգալիորեն կավելանա: «Տղաներն անհամբերությամբ են սպասում ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն, Ջոնն ու Հարրին (Թերրին ու Կեհիլը) արդեն ձեռք են բերել Համասյանի կատարմամբ ձայնագրությունները, որոնք արդեն նրանց մշտական ուղեկիցներն են դարձել: Իսկ ակումբի կոմերցիոն տնօրեն Քրիս Ալեքսանդերի կարծիքով՝ Համասյանի ներկայությունն էապես կնպաստի ակումբի ֆինանսական վիճակի բարելավմանը»:

Գործարքն առայժմ բանակցությունների փուլում է, բայց, ինչպես տեղեկացնում է լոնդոնյան ակումբի տնօրեն Եվգենի Տենենբաումը, բոլոր հիմքերը կան՝ լավատես լինելու համար: «Ճիշտ է, Համասյանը նաև լրացուցիչ պայմաններ է դրել (ըստ The Guardian-ի՝ հայ դաշնակահարն առաջարկել է «Չելսիի» փոխարինողների կազմում ընդգրկել հայաստանցի երկու շնորհալի ֆուտբոլիստների ևս՝ փորձաշրջան անցնելու համար, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում), այնուամենայնիվ, մենք լիահույս ենք, որ գործարքը կկայանա»:  Իսկ Բաքն ասել է, որ դա իրենց կողմից իրականացվող նմանատիպ առաջին, բայց ամենևին էլ ոչ վերջին գործարքն է լինելու (ըստ որոշ աղբյուրների՝ արիստոկրատների թիրախում երկրորդը հնդիկ հայտնի դերասան և պրոդյուսեր Աբխիշեկ Բաչանն է): «Թող ոչ ոք չկասկածի, որ սա աննախադեպ և բացառիկ արդյունավետ մենեջմենթի սկիզբն է միայն: Մեր ժամանակներում լայնամասշտաբ հաջողությունների կարելի է հասնել միայն գործունեության հիմքում ունենալով գլոբալիզացիայի և մշակույթների սինթեզի անշրջելիության սկզբունքը: «Չելսին» մեծ ակումբ է, բայց մեզ ավելին է անհրաժեշտ. մենք ուզում ենք լինել նաև սպորտի և մշակույթի անհավատալի սինթեզի արմատավորողները»,- եզրափակել է Բրյուս Բաքը:

Ինքը՝ Համասյանն ասել է, որ լոնդոնյան ակումբն արդեն վաղուց սպորտային բրենդի պես մի բան է դարձել, և հաճելի կլիներ նրա ծրագրերի մի մասը կազմել, բայց որպես հայ արվեստագետ, իր համար առաջնային են այլ արժեքներ ևս՝ ակնարկելով երիտասարդ հայ ֆուտբոլիստների՝ «Չելսիում» փորձաշրջան անցնելու հեռանկարը:

Մնում է միայն ավելացնել, որ Համասյանի՝ «Չելսի» տեղափոխվելու տրանսֆերը, կայանալու դեպքում, կդառնա հայկական ֆուտբոլի պատմության ամենաթանկ գործարքը՝ գերազանցելով Հենրիկ Մխիթարյանի տրանսֆերը, որը կազմում էր ընդամենը 27 մլն եվրո:

Կարեն ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ուժեղ ապրիլի 1 էր:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930