Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան. «Ադրբեջանը կարող է վերածվել Իսլամական պետության»

Ապրիլ 01,2016 17:51

Մտավորականների խորհուրդն այսօր կազմակերպեց հերթական քննարկումը` «Աշխարհաքաղաքական վերափոխումները Մերձավոր Արևելքում. Հայաստանին ուղղված մարտահրավերները թեմայով»: Մասնակիցները փորձագետների հետ միասին ներկայացրեցին այս համատեքստում ՀՀ-ին սպառնացող վտանգները` դժգոհելով, որ Հայաստանը պետական մակարդակով հետամուտ չէ աշխարհում եւ հատկապես տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Տարածաշրջանում իրավիճակն օր օրի թեժանում է: Զարմանալի է, թե ինչպես ՀՀ-ն չունի հստակ ձեւավորված արտաքին քաղաքականություն: Մինչ օրս Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների, այդ թվում` հայերի բնաջնջման հետ կապված հստակ հայտարարություն չի արվել: Ընդ որում, հայերի բնաջնջումը կատարվում է նույն սցենարով, ինչ 1915թ.-ին: Անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ է Հայաստանը Թուրքիայի հետ, մեր դիրքորոշումը ցեղասպանության հետ կապված պետք է լինի հստակ: ՀՀ-ն պետք է պետական մակարդակով ձեռնարկի միջոցներ` Սիրիայի քրիստոնյաներին պաշտպանելու համար»,-նկատեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը:

FILE8500

Նրա խոսքով. «Հայաստանում կծրագրվեն ռազմական հեղաշրջումներ, սադրանքներ կլինեն, ուստի անհրաժեշտ է վերահսկել ՀՀ-ում գործող իրականում թուրքամետ կազմակերպություններին, որոնք նաեւ ադրբեջանական ուժերին են պաշտպանում: ՀՀ նախագահին նաեւ կոչ եմ անում կազմակերպել հայերի պաշտպանության հարցը Թուրքիայում: Բացի այդ, այսօր գործարարները Հայաստանում աշխատում են գումար եւ արտահանում այն: Եթե բիզնեսը հակապետական է, չի ծառայում մեր ներքին անվտանգությանը»:

Խոսելով սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում Ռուսաստանի դերակատարումից, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշեց, որ ահաբեկչությունն, այնուամենայնիվ, իր բնում չոչնչացավ. «Գրոհայինները տարածվում են աշխարհում: Եթե ասում ենք, որ «Ալ Քաիդա»-ն չարորակ ուռուցք է, ապա «Իսլամական պետությունը» սպառնում է ողջ աշխարհին: Այդ խմբավորումն իր սեւ գործն արեց Իրաքում եւ նույնը կարող է անել Մերձավոր Արեւելքի մյուս հայկական համայնքներում: Որոշ մասնագետներ ասում են, թե Հայաստանին այս ամենը չի սպառնում, բայց Ադրբեջանը կարող է վերածվել «Իսլամական պետության», եւ չգիտենք` դրանից հետո ինչ կկատարվի: ԻՊ-ն, եթե պետք եղավ, Թուրքիային էլ կտապալի եւ ահաբեկիչների համար դեպի Հարավային Կովկաս ճանապարհ կբացի: Բացի այդ, Թուրքիան կարող է ահաբեկիչներին ուղղորդել դեպի Կովկաս եւ Հայաստան»:

Aram-sargsyanh_2

Պարոն Նավասարդյանը հավելեց, որ Հայաստանի օլիգարխիկ վերնախավի քաղաքականությունը պակաս վտանգավոր չէ Թուրքիայից եւ ԻՊ-ից:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին` նկատելով, որ գործընթացի վրա առանձնակի ազդում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակը. «Եթե մինչեւ վերջերս Ալիեւն ինչ-որ չափով իր սեփական շահերից ելնելով էր իրականացնում իր քաղաքականությունը, ապա այս պահին Էրդողանն է հանձնարարականներ տալիս Ալիեւին: Մի կողմ քաշվել եւ չհասկանալ, թե ինչպես է դա անդրադառնալու մեր բանակցային գործընթացի վրա, սխալ է»:

Հավելենք, որ քննարկումների արդյունքում ձեւավորված առաջարկները Մտավորականների խորհուրդը պատրաստվում է ներկայացնել պետական մարմիններին:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930