Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղում կանանց գինեկոլոգիական հետազոտություն անելը մի մեծ պրոբլեմ է». Խոսրով Հարությունյան

Ապրիլ 01,2016 17:16

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունը: Եվ ուշագրավ է, որ ՎՊ-ի հաշվետվությունը ներկայացնում էր պատգամավորներին ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Նա ասաց, որ առողջապահական ԾԻԳ-ի դրամաշնորհային ծրագրերին է վերաբերում: 2015-ի հունվարից մեկնարկած սկրինինգային հետազոտություններ են անցկացվել եւ Վերահսկիչ պալատը հայտնաբերել է, որ թերակատարում կա. «Ավելի քիչ քաղաքացիների են կատարել նմանատիպ հետազոտություններ: Պարզաբանումը հետեւյալն է, որ ինչպես Համաշխարհային բանկի կողմից, այնպես էլ ՀՀ առողջապահական համակարգում նման ծրագրի փորձ չունենալու պատճառով չեն կարողացել ավելի շատ մարդկանց ընդգրկել: Իրենք պարտավորություն են վերցրել, որ 2016-ի ընթացքում պակասը կլրացնեն»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքը տեղյակ է այդ խնդրին. «Սա սպեցիֆիկ հետազոտություն է պահանջում: Ինձ հետաքրքրում է՝ դասեր քաղե՞լ են, թե՞ չէ, ի՞նչ կարող էին անել, որ չեն արել»:

Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց՝ «Օրինակ, ամենավատ ցուցանիշը արգանդի պարանոցի քաղցկեղի հետազոտման կանխարգելման համար 105 հազար հետազոտություն է նախատեսվել իրականացվել, արել են 58 հազար: Իրենք պարզաբանել են, որ գյուղական բնակավայրերում ավելի դժվարացել են դա անել, մենթալիտետի հետ կապված՝ փորձը չունենալով էլ արդյունքը դա է եղել: Բայց զարկերակային ճնշման սկրինինգային հետազոտությունը գերակատարել են»:

Խոսրով Հարությունյանն էլ արձագանքեց. «Սարսափելի դժվար է: Մեծ պրոբլեմ կա մեր հասարակության մեջ, հիվանդությունների կանխարգելմանը մատների արանքով են նայում: Շատերը մինչեւ դանակը ոսկորին չի հասնում՝ բժշկի չեն դիմում, դրա համար այս ծրագիրը արժանանում է արհամարհանքի: Իսկ գյուղական բնակավայրերում կանանց գինեկոլոգիական հետազոտություն անելը մի մեծ պրոբլեմ է: Դա մեծագույն պրոբլեմ է, ամուսիններ են էնտեղ խառնվում, հազար ու մի պրոբլեմ է առաջանում»:

Հաշվետվությունը հանձնաժողովի անդամներն ընդունեցին ի գիտություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930