Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարող ենք պաշտոնական գրազ գալ». Ուրիխանյանը՝ Հովհաննես Սահակյանին

Ապրիլ 01,2016 16:51

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Վահե Էնֆիաջյանի նախագիծը, որով առաջարկվում է ԱԺ պատգամավորներին հնարավորություն տալ ոչ միայն մասնակցել, այլեւ տարբեր գերատեսչություններում կազմակերպել տարբեր հարցերի հետ կապված քննարկումներ. «Օրինակ, գյուղնախարարության հետ կապված հարցում ենք ուղարկել, որի առթիվ առկա է խնդիր հանրության մեջ: Պատշաճ հիմնավորում եմ ներկայացնում եւ պահանջում եմ հարցի շուրջ համապատասխան մասնագետներով կազմակերպել քննարկում՝ ոլորտի ղեկավարների հետ: Մենք շատ ժամանակ հարցումներ ենք ուղարկում, ուղարկում են պատասխաններ եւ դրանով ամեն բան ավարտվում է: Այս դեպքում մենք ավելի խիստ ենք հսկելու, ոչ թե պետն է իր միջավայրում ամեն ինչ որոշելու»:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, որակյալ եւ հետեւողական պատգամավորը այսպես ավելի արդյունավետ կաշխատի:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց. «Պատգամավորն իրավունք ունի մասնակցել Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին եւ կառավարության դռնբաց նիստերին: Երբեւէ մասնակցե՞լ եք»:

Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, որ մասնակցել է խորհրդարանական ձեւաչափերում. «Ես աշխատում եմ խորհրդարանում, իմ լիազորությունները սույն նախագծով նախատեսում եմ ընդլայնել: Խոսքը վերաբերում է պատգամավորի սեփական նախաձեռնությամբ եւ սեփական հայեցողությամբ հարցերի քննարկմանը»:

Հարակից զեկուցող Գագիկ Մելիքյանն ասաց, որ պատգամավորն արդեն օժտված է բավականին մեծ լիազորություններով, չնայած լիազորություններն ընդլայնելուն դեմ չեն. «Այժմ պատրաստվում է Կանոնակարգ օրենքում փոփոխությունների փաթեթ: Դա ընդամենը 1-2 ամսվա խնդիր է: Ավելի նպատակահարմար կլինի առաջարկությունով հանդես գալ նոր Կանոնակարգ օրենքում փոփոխություն մտցնելու: Սրա հրատապությունը չենք զգում»:

Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքեց. «Ո՞նց կարող եմ հիմա ձեզ անհարմար վիճակի մեջ գցել: Հիմա եթե ասեմ՝ եկեք էս մի նախագծին էլ մի քվեարկեք, լավ կլինի՞»:

Հիշեցնենք, որ Գագիկ Մելիքյանը, խոսքով ընկած՝ Էդմոն Մարուքյանի նախագծին դեմ չքվեարկեց եւ նախագիծն ընդունվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Գագիկ Մելիքյանը Տիգրան Ուրիխանյանին պատասխանեց՝ եթե չքվեարկեմ էլ, էլի այս նախագիծը չի անցնի:

Ուրիխանյանի խոսքերով՝ սա լավ բան է, ինչո՞ւ չեք ընդունում, արդեն մեկ անգամ հետաձգել եմ: Հովհաննես Սահակյանն ասաց, որ եթե նախագիծն ընդունվի, պետական մարմիններն ամբողջ օրը մի պատգամավորի մի դիմումով պետք է կազմակերպեն քննարկումներ:

Ուրիխանյանը դժգոհեց, որ շուրջ 30 օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնք տապալել է ՀՀԿ-ն՝ դեմ քվեարկելով. «Դրանք բոլորը հիմնավորվում են, թե արդեն կարգավորված է, լավ բան է, բայց նպատակահարմար չէ: Մի անգամ չլսեցի իմ նախագծերի հետ կապված բացասական փաստարկված դիրքորոշումներ»:

Հովհաննես Սահակյանը քննադատեց նախագիծը՝ նշել եք՝ պարտավոր է պետական մարմինը պատգամավորի ասածով քննարկում կազմակերպել:

«Կարող ենք պաշտոնական գրազ գալ, նայել, որ այդպես չէ»,- ասաց Ուրիխանյանը: Հովհաննես Սահակյանն էլ պատասխանեց. «Ես ձեր ապրիլմեկյան կատակները կարող եմ կիսել, գրազ գաք, հետո ասեք՝ չէ, կատակ էր: Մենք դեմ ենք»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ 6 դեմով չանցավ: Գագիկ Մելիքյանը, հաշվի առնելով, որ Ուրիխանյանը արու զավակ է ունեցել, նրա խնդրանքն ընդունեց ու չքվեարկեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930