Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետների մշակած ծրագրով հնարավոր կլինի արդիականացնել եւ օգտագործել «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը

Ապրիլ 01,2016 16:46

«Գրեթե 15 տարի է՝ քննարկվում է այն հարցը, որ գոյություն ունեցող պետական կլոր օդանավակայանը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ չի կարող օգտագործվել ժամանակակից ավիացիայի գործառույթների համար։ Սակայն մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ի սկզբանե «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնավոր շենքի կառուցումը սխալ որոշում է եղել եւ բերել է տարբեր խնդիրների»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» «Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքի արդիականացման նոր նախագիծը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Նա նշեց, որ նոր շենքի կառուցումը շահավետ չի եղել ու այդ պատճառով 160 միլիոն դոլարի չափով ներդրում է կատարվել. «Այդ ներդրումից հետո մենք ունեցել ենք մոտավորապես 6 դարպաս, որոնց միջոցով մտնում ենք օդանավեր։ Երկրորդը՝ ձեւավորվել է մի իրավիճակ, որ առ այսօր Հայաստանից դուրս թռչելու տոմսերի գներն ավելի բարձր են, քան մեր կողքի հանրապետություններում»։

Անահիտ Թարխանյանը հիշեցրեց, որ երկար տարիներ է՝ ինչ ասում են, թե հին մասնաշենքը չի կարող օգտագործվել. «Սակայն մեր նախագիծը ցույց է տալիս, թե ինչքան հարմարավետ եւ ինչքան պարզ է իրականացնել «Զվարթնոցի» արդիականացումն իր պահուստային տարածքների շնորհիվ»։

Խոսելով նախագծի մասին՝ ճարտարապետն ասաց, որ հին մասնաշենքում այժմ մեքենաները կանգնեցվում են օդանավակայանի տակ։ Դա պետք է հանվի, քանի որ դա միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նախապայմաններից մեկն է. «Անմիջապես տարածքներ կազատվեն, որոնք թույլ կտան ապահովել օդանավակայանի բնականոն աշխատանքը։ Ընդամենը փակելով դրսի եւ ներսի օղակներն ապակիներով, եւ մեկ հարկ մեջտեղում կառուցելով, մենք ստանում ենք մոտավորապես լրացուցիչ 28.000 քառակուսի մետր։ Դա բավականացնում է, որպեսզի մենք կարողանանք նորմալ աշխատանք իրականացնել»։

Անահիտ Թարխանյանը նաեւ տեղեկացրեց, որ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 270 միլիոն դոլարի ներդրում. «160 միլիոն դոլար արդեն ներդրվել է, 110-ն էլ ծրագրված է։ Դրա շնորհիվ ընդամենը 7 դարպաս կլինի։ Դա էլ այն պարագայում, որ մեր հաշվարկներով 25-30 միլիոն դոլարով «Զվարթնոց»-ում 11 դարպաս կարող ենք ստանալ»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930