Կարեն Վարդանյանն անհետ կորելուց առաջ բարձր տրամադրություն է ունեցել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարենի մտերիմ ընկերներից՝ Ֆիլիպ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ օրերս «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որ հ/կ-ի գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանի մասին մարտի 17-ից տեղեկություններ չունեն, նա անհայտ կորել է:
Մարտի 31-ին ոստիկանությունը հայտնաբերեց Կարենի դին, եւ նրան սպանության մեջ մեղադրվողներին ձերբակալեցին, որոնցից մեկը Գեւորգ Զոհրաբյանն է, որը Կարենի հարեւանն էր, որի անունով էր իր բնակարանը ձեւակերպել Կարենը:
Ֆիլիպ Արզումանյանը մեր զրույցում ասաց, որ Կարենն առաջին անգամ չէր խաբեության զոհ դառնում: «Նա միշտ թաքցնում էր, չէր ուզում իմանայինք այդ խնդիրների մասին եւ բնակարանի հետ կապված էլ չգիտեինք՝ ինչ է կատարվում»:
Արդյոք Կարենը երբեւէ պատմո՞ւմ էր իր ընկերներին հարեւան Գեւորգ Զոհրաբյանի եւ մյուսների մասին, այս հարցին էլ Ֆիլիպ Արզումանյանը պատասխանեց, որ իրենց ուղղակի տեղեկություններ էին հասնում, որ ինչ-որ մարդիկ են գնում Կարենի բնակարան.«Ես իր մոտ մի քանի անգամ բնակարանի հարցը բարձրացրել եմ, ինքն ասում էր, թե ոչինչ չգիտի, չի կարող վաճառել բնակարանն՝ ինչ-որ պատճառներով: Բացի սրանից, մենք այլ տեղեկություն չենք ունեցել: Չէինք կարծում, որ ինքն այդ կարգի խաբեության զոհ կդառնա»:
Կարդացեք նաև
Ֆիլիպ Արզումանյանը պատմեց, որ երբ ինքը մարտի 13-ին Հայաստան էր վերադարձել, նույն օրը հանդիպել էր Կարենին. «Ինքը եկավ ու շատ լավ տրամադրություն ուներ: Անհետանալուց հետո, երբ բոլորս զբաղված էինք նրան գտնելու գործով, բոլորն էլ, ովքեր մինչ այդ տեսել էին նրան, նկատել էին, որ նա շատ բարձր տրամադրություն է ունեցել: Իսկապես, ասում էր, որ պիտի Դուբայ գնա: Սա հստակ տեղեկություն էր, պլանավորում էր գնալ, նույնիսկ ֆոտոապարատ էր վերցրել, զանգել, ասել էր՝ օդանավակայան պիտի գնամ շուտով»:
Ֆիլիպ Արզումանյանը նաեւ ասաց, որ Կարենն իր բնակարանի հետ կապված միշտ ասում էր՝ «Չգիտեմ տան հետ ի՞նչ է կատարվում, ես ոչ մի բան հստակ չեմ ծրագրել»: Կարենի ընկերոջ խոսքերով՝ «Նրանք խաբում էին Կարենին, ասում՝ գնալու ես Դուբայ, բայց վերջում տարան ուրիշ ուղղությամբ: Կարենը դրանց հետ կապված երբեք կասկածելի բան չի ասել, ինքն ընդհանրապես քննարկում չի արել որեւէ մեկի հետ: Նա այդպիսին էր, շատ գրագետ մարդ էր, նրա էրուդիցիան բարձր մակարդակի վրա էր, շատ խորագիտակ էր, բայց միամիտ էր: Ցավալի կորուստ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ