ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Գյումրիում տեղի ունեցած բնակարանային գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Քրեական գործի շրջանակներում մարտի 31-ին իրականացվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործը վերաբերում է 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած գողությանը։ Նախնական տվյալներով՝ 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցված բանալիով բացել է քաղաքացի Գ.Հովհաննիսյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բնակարան և գաղտնի հափշտակել տարբեր տեսակի ոսկյա զարդեր, կանխիկ գումար, բնակարանի սեփականատիրոջ ՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում 2015 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով: Գ.Հովհաննիսյանը ճանաչվել է որպես տուժող և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը և նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
2015թ. նոյեմբերի 6-ին որոշում է կայացվել կասեցնել քրեական գործով վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ) կասեցնելու մասին:
2016թ. մարտի 29-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնից գրություն է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ Գ.Հովհաննիսյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերի գտնվելու հնարավոր վայրերի մասին և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել գողոնի գտնվելու հնարավոր վայրերի հասցեները։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:
Միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ մի շարք անձանց բնակարաններում, նրանց վարձակալած սպասարկման օբյեկտներում, ավտոմեքենաներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք 30.03.2016 թվականին բավարարվել են:
Խուզարկությունների կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
31.03.2016 թվականին կատարված խուզարկությունների արդյունքում Գյումրի քաղաքի բնակիչ, 56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ։
Նշանակվել է դատամատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ և 31.03.2016 թվականին ստացված թիվ 82/12 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ներկայացված գործարանային արտադրության «Նագան» մոդելի 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակը պիտանի է՝ կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է ակոսափող հրազեն:
Բնակարանային գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 56-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Որպես կասկածյալ՝ 56-ամյա տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ:
Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում Է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե