Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Իշխանափոխության դեպքում էլ, կասկածում եմ, որ մարտի 1-ը կբացահայտվի»

Ապրիլ 01,2016 16:26

ՀՀ քրեակատարողական հիմնարկների գերհագեցվածության, սանիտարահիգիենիկ և շենքային պայմանների ապահովման հետ կապված խնդիրները մշտապես հայտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) զեկույցներում: 2015-ի տարեկան զեկույցի հաղորդման մեջ ևս այս խնդրի վերաբերյալ մտահոգություն կա:

Ինչպես տեղեկացրել ենք օրինակ` «Կոշ» ՔԿՀ-ում լուծված չէ կոյուղու խնդիրը, արձանագրվել է, որ «Գորիս» բաց ուղղիչ հիմնարկում սենյակները դռներ չունեն, դրանց փոխարինում է փայտին ամրացված ցանցը և կտորից վարագույրը: Արտաքնոցը գտնվում է կիսապատ փայտե տնակում, որը կառուցել էին դատապարտյալները: «Նուբարաշեն» ՔՀԿ-ում պատժախցերի առաստաղներից կաթում են վերևի հարկում տեղակայված խցերի սանհանգույցների կոյուղաջրերը և այլն:

Aravot.am-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց` ՀՀ իշխանությունները չունե՞ն համապատասխան միջոցներ, թե՞ չունեն ցանկություն այդ խնդիրները լուծելու համար:

Պարոն Իշխանյանը պատասխանեց. «Եթե փոխելու ցանկությունը, նպատակը կա էլ, ապա դա հարյուրերորդական տեղում է: Իրականում այս ոլորտը բացարձակ անուշադրության է մատնված, քանի որ ցանկության դեպքում հնարավոր է էապես իրավիճակը բարելավել: Միշտ էլ կարելի է միջոցներ գտնել ու նոր ՔՀԿ-ներ կառուցել, նոր աշխատողներ ընդգրկել: Բայց նույնիսկ առանց այդ միջոցների կարելի է գերբնակեցման հետ կապված խնդիրը լուծել: Օրինակ` այդքան կալանքներ որպես խափանման միջոց չկիրառել, այդքան խիստ պատիժներ չտալ: Ասենք` աղավնիներ գողանալու մտադրության փորձի համար 3 տարի ազատազրկման չենթարկել»:

Ըստ իրավապաշտպանի, եթե ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգը ինքնուրույն և անկախ լինեին, ապա երբ լիմիտը լրանում է, քրեակատարողական հիմնարկ մարդ չէին ընդունի:

Պարոն Իշխանյանի համոզմամբ` իշխանությունների համար հանցագործների իրավունքների պաշտպանությունը այնքան էլ էական չէ, ազատազրկվածներին համարում են երկրորդ կարգի մարդիկ:

Ավետիք Իշխանյանը այս առիթով հիշեց Ուինսթոն Չերչիլի հետևյալ խոսքերը. «Ցույց տվեք ինձ ձեր բանտերը, և ես կասեմ, թե դուք ինչ հասարակության մեջ եք ապրում»:

Այս տարվա զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձել է նաև մարտի 1-ի զոհերի մահվան գործերի քննության ողջամիտ ժամկետների խնդրին: Պարոն Իշխանյանից հետաքրքրվեցինք` բարձրացվածը քաղաքակա՞ն, թե՞ իրավական հարթությունում գտնվող խնդիր է, իրավապաշտպանը պատասխանեց. «Օմբուդսմենը ոչ միայն քաղաքական խնդիր բարձրացնելու իրավունք չունի, այլև համոզված եմ, որ քաղաքական խնդիր չի բարձրացրել, այլ զուտ իրավական հարթությունում է մնացել: Բայց իմ մեկնաբանմամբ` սա քաղաքական խնդիր է: Ինձ որևէ մեկը չի կարող համոզել, որ նույնիսկ ոչ պատշաճ պրոֆեսիոնալ մարմինները չէին կարող բացահայտել տասը զոհերից գոնե յոթի մահվան պատճառները: Իմ համոզմամբ` որևէ բացահայտում չի լինի: Նույնիսկ իշխանափոխության դեպքում էլ եմ կասկածում բացահայտումների հետ կապված, քանի որ ցանկացած բացահայտում նշանակում է իրավապահ մարմինների հավատարմությունը, իսկ Հայաստանում 1990-ականներից ավանդույթ է ձևավորված, որ իշխանությունների հենարանը իրավապահ մարմիններն են»:

ՄԻՊ զեկույցում ծավալուն անդրադարձ կա նաև Բաղրամյան պողոտայում հունիսի 22-22-ին տեղի ունեցած բռնություններին, նաև լրագրողների նկատմամբ, և այդ գործերով քննության ձգձգմանը: Պարոն Իշխանյանը այս խնդիրը ևս քաղաքական համատեքստում է դիտարկում ու պնդում. «Այլ բնույթի իշխանություն պիտի լինի, որ այդ հարցերը լուծի»:

Մեր այն հարցին` հետևաբար ի՞նչ դերակատարություն ունի օմբուդսմենի ինստիտուտը, եթե հասարակական հնչեղություն ունեցող հարցերում չի կարող վերականգնել քաղաքացիների իրավունքները, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Օմբուդսմենը որոշ դեպքերում միայն անհատների իրավունքները կարող է վերականգնել, որոնք լուրջ քաղաքական հարցերի հետ չեն առնչվում, բայց ոչ խոշոր հարցերի դեպքում: Շատերը չեն գիտակցում, որ այս ինստիտուտը դատական համակարգ չէ, այլ քվազի դատական համակարգ»:

Ըստ պարոն Իշխանյանի` օմբուդսմենի ինստիտուտը արդյունավետ է աշխատում այն երկրներում, որտեղ կա անկախ դատական իշխանություն, իրավական պետություն, և օմբուդսմենը լրացուցիչ աջակցություն է ու մեծ հեղինակություն է վայելում:

Ավետիք Իշխանյանը մեզ մոտ օմբուդսմենի ինստիտուտը «չեղածից ավելի լավ է համարում», ու միևնույն ժամանակ նշում, որ այդ ինստիտուտի ստեղծումը ոչ թե ՀՀ հասարակության կամ իշխանության ցանկությունն էր, այլ՝ ԵԽ պահանջ:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930