«Երեւույթն իսկապես տհաճ է, որովհետեւ մենք պայմանավորվեցինք ԶԼՄ-ներից դուրս քննարկում կազմակերպել՝ անկաշկանդ մթնոլորտում: Այնտեղ 2 հոգի հայտարարեցին, որ ուզում են իրենց համար ձայնագրեն: Այնուամենայնիվ, ջենթլմենական պայմանավորվածությունը, կարծում եմ, յուրաքանչյուր տղամարդու համար շատ ավելի մեծ իրավական եւ հիմնավոր հիմք պետք է ունենա, քան թե գրավոր պայմանավորվածությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այսպես մեկնաբանեց «4+4+4» ձեւաչափով քննարկման ձայնագրությունը հրապարակայնացնելը:
Նա հիշեցրեց, որ ՀԿ-ները խնդրել էին իրենց համար ձայնագրել: Ասել էին՝ մեզ համար է. «Մեր ասվածի մեջ լրագրողները չեն մտնում, եթե այդպես էր, կարելի էր թույլ տալ, որ ԶԼՄ-ները շատ ավելի գեղեցիկ նյութ սարքեին»:
Հովհաննես Սահակյանն ասաց, որ ձայնագրությունը հրապարակելը չի ազդի գործընթացի վրա. «Մենք այս ընթացքում շատ բաների միջով անցանք: Մեկ անցակետում մնացին, հետո 4 հոգու փոխարեն 3-ով ներկայացան, հետո փորձեցին մի ամբողջ 3 ժամ ընթացակարգ հաստատել: Մենք առավելագույն համբերատարությամբ փորձեցինք քննարկումները կազմակերպել, որովհետեւ մեզ համար կարեւոր են քննարկումները, ոչ թե ձեւը»:
Նա հորդորեց 4+4+4 քննարկման մասնակիցներին այսուհետեւ զերծ մնալ նման երեւույթներից. «Ինձ համար եթե տղամարդը տղամարդու հետ պայմանավորվում է, դա ավելի բարձր ուժ ունի, քան գրավորը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կարո՞ղ է այսուհետեւ բաց լինեն քննարկումները՝ նա պատասխանեց. «Ինձ համար էական չի, որեւէ մեկը դեմ չարտահայտվեց, բայց եթե այսպիսի սկզբունք որդեգրվեց, պետք էր պահել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ