Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը «դեղին քարտ»՝ դատախազին

Ապրիլ 01,2016 15:15

Մարտի 31-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացավ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչներ Գագիկ Ալավերդյանի, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյանների, Արտակ Մանուչարյանի գործով դատավարության հերթական նիստը: Նրանք մեղադրվում են այն բանի մեջ, որ 2015թ. հունվարի 17-ին առեւանգել են Աչաջրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին:

4 ամբաստանյալները գտնվում են կալանքի տակ: Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով, Արտակ Մանուչարյանը 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Գագիկ Ալավերդյանը 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Հ. Ղալթախչյանը Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդին է:

Նախորդ՝ մարտի 22-ի դատական նիստում քրեական գործով մեղադրող, Տավուշի մարզի դատախազի տեղակալ Ներսես Չիլինգարյանը դատարանից 2 օր ժամանակ խնդրեց Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների, Գագիկ Ալավերդյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդության նկատմամբ դիրքորոշում արտահայտելուն նախապատրաստվելու համար: Լ. Սիմոնյանը իր միջնորդության մեջ նշել էր, որ իր պաշտպանյալների հանդեպ սահմանված խափանման միջոցը՝ կալանքը, դատարանի կողմից բազմիցս երկարաձգվել է, նրանց կալանքի ժամկետները լրացել են, նրանք անազատության մեջ գտնվում են ապօրինի եւ վկայակոչելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռը՝ միջնորդել էր 3 ամբաստանյալներին դատարանի դահլիճում անհապաղ կալանքից ազատ արձակել:

Մարտի 31-ի նիստին Երեւանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Իջեւան էին բերվել 4 ամբաստանյալները, մայրաքաղաքից ներկայացել էին ամբաստանյալների պաշտպաններ Լիպարիտ Սիմոյանը եւ Ավագ Լալայանը, սակայն ներկա չէր մեղադրող Ներսես Չիլինգարյանը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանն ասաց, որ իրենք կապվել են Ն. Չիլինգարյանի հետ, որը հայտնել է, թե ՀՀ գլխավոր դատախազության դատախազներից մեկը պետք է մասնակցի մարտի 31-ի նիստին, դատարանի աշխատակիցները կապ են հաստատել գլխավոր դատախազության նշված դատախազի հետ, վերջինս էլ ասել է, թե Ն. Չիլինգարյանը պետք է մասնակցի այդ նիստին:

Դատավորը հիշեցնելով, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է Ն. Չիլինգարյանի միջնորդությամբ, նրա բացակայությունը համարեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ հայտարարեց, որ դատարանն այդ կապակցությամբ գրավոր կդիմի դատախազություն՝ այսուհետեւ դատաքննությանը Ն. Չիլինգարյանի մասնակցությունն ապահովելու համար:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից տեղեկացանք, որ վերոհիշյալ դատախազը ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Արիս Բարսեղյանն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930