Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրելու իրավունք չունեն…

Ապրիլ 01,2016 15:10

Նրանք, ովքեր գոնե հեռակա ճանաչում էին Կարեն Վարդանյանին, սարսափելի ցավ ապրեցին, իմանալով երիտասարդի դաժան սպանության լուրը: Անմեղ, մաքուր, միամիտ, անշառ, ծայրահեղ ինտելեգենտ երիտասարդ… այսպես են մարդիկ բնութագրում նրան եւ պահանջում արդար եւ ծանրագույն պատիժ՝ ստահակ հանցագործների համար: «Դրանց կախել է պետք», «Քառատել», «Կիսլատա լցնել վրաները», «Խոշտանգումներով սպանել», «Ինչո՞ւ վերացրեցին մահապատիժը, նմանները ապրելու իրավունք չունեն»… Սա Ֆեյսբուքը հեղեղած կոչերն են՝ Կարենին ծեծելով սպանողների հասցեին:

Անկեղծ ասած՝ ինքս էլ նման ցանկություն ունեցա, եւ ինչպես ամեն անգամ, երբ որեւէ բան եմ կարդում կամ դիտում անմարդկային հանցագործություն կատարածների մասին, երազեցի ատրճանակ ձեռքբերելու կամ ծայրահեղ դեպքում գերմարդկային ուժ ունենալու մասին՝ նրանց բռունցքներով ու քացով շանսատակ անելու համար: Սակայն հիշեցի, որ այդպիսի ցանկություն ունենում եմ ոչ միայն այդպիսի հանցագործությունների մասին տեղեկանալիս, այլեւ՝ չափից դուրս լկտի, անպատկառ մարդկանց հանդիպելիս, կնոջ վրա ձեռք բարձրացնողի մասին լսելիս, փողոցում բարձրաձայն հայհոյանք տվողի տեսնելիս, ուրիշի գրպանը մտնող ձեռք հանդիպելիս…

Մաքրել հասարակությունը տականքներից՝ վերացնել հասարակական քաղցկեղի բջիջները՝ մարդկությանն առողջացնելու համար: Բոլոր մարդիկ էլ երբեւէ կանգնում են այս գաղափարի առջեւ, ու նրանց մեծ մասը, մի փոքր մտածելով, ընկրկում է. իսկ ո՞վ է որոշելու, թե ում եւ ինչու է պետք վերացնել: Ոչնչացնել մարդասպաններին. իսկ մի՞թե կաշառակերներն ու գողերը պակաս վնասատու չեն: Նրանց էլ վերացնենք, իսկ մի՞թե սեռական բռնության ենթարկողներն ավելի արտոնյալ են: Իսկ երեխաներին լքած ծնողնե՞րը, իսկ հարեւանի խոտի դեզը այրո՞ղը…

Իհարկե, կարելի է օրենքի վրա հղում անել՝ ծանր, միջին, թեթեւ հանցագործություններ… Սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ ծանր հանցագործություն կատարած, բայց խորապես զղջացող մեկն ավելի վտանգավոր է հասարակության համար, քան ռեժիմով սեփական կնոջն ու երեխաներին ստորացնող ու ծեծող, եւ դրանով հպարտացող մեկը: Ո՞վ կարող է կշռել՝ ո՞ւմ մեղքն է ավելի մեծ՝ անընդհատ ծաղրելով եւ նվաստացնելով ընկերոջն ինքնասպանության դրդող լկտի զինվորինը, թե պետբյուջեից միլիոնավոր դոլարներ գողացող պաշտոնյայինը, մեծ շահույթներ ստանալու համար բնապահպանական աղետի առջեւ կանգնացնողը թե միայնակ թոշակառուի մեկ ամսվա թոշակը գրպանից թռցնողը, զենքի վաճառքով զբաղվող եռանդուն հավատացյալը, թե անմեղ երեխային թմրամոլության թակարդը գցողը…

Նրանք բոլորն էլ քաղցկեղի բջիջներ են… սակայն ո՞վ է սուրբ: Կա՞ հասարակություն, որտեղ միայն սրբեր են ապրում: Հնարավո՞ր է ոչնչացնելով տականքներին՝ հիմնավորապես ազատվել մարդկային տականքությունից:

Այս հարցերի պատասխանները չունեցողներին առաջարկում եմ դիտել էկրանավորման առումով՝ ոչ այնքան հաջող, սակայն շատ հետաքրքիր սցենարով «Վերջին ընթրիքը» (The last sapper) ֆիլմը: Ըստ սցենարի՝ առաջադեմ երիտասարդների մի խումբ որոշում է ազատվել իրենց շրջապատի հետադեմ մարդկանցից, որոնք, ըստ նրանց, կանգնեցնում են հասարակության առաջընթացը: Ցիանիական կալիումի օգնությամբ նրանք հերթով սպանում են բոլոր նրանց, ովքեր, ըստ իրենց, արժանի չեն ապրելու, խանգարում են մարդկությանը… Բայց՝ մինչեւ ո՞ւր, մինչեւ ե՞րբ…

Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, այլապես մարդկությունը, որ դարեր շարունակ հանցագործներին կյանքից զրկելու իրավունք է ունեցել ինչպես պետական օրենքներով, այնպես էլ՝ կրոնական կամ չգրված կանոններով, վաղուց արմատախիլ արած կլիներ բոլոր չարագործությունները: Այնինչ չարը, կեղտը կա եւ ապրում է համայն մարդկության մեջ այնպես, ինչպես բարին եւ առաքինությունը, պարզապես անօրեն հասարակություններում այն ավելի հաճախ է ջրի երես դուրս գալիս:

Եվ վերջապես՝ ո՞ւմ է տրված իրավունք խլել որեւէ մեկից մի բան, որն ինքը չի տվել՝ Կյանքը: Կարենին սպանողներին այդ իրավունքը տրված չէր: Իսկ մե՞զ…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930