Հայ ժողովրդի հավատն առ Աստված հազարամյակների ծանր փորձություններով է անցել, դա ապացույցի կարիք բնավ չունի: Սակայն, նա անարժան որդոց պակաս երբե՛ք չի զգացել:
Կյանքը փոխել է իր առանցքը. սասանվել են ազգային և հոգևոր արժեքների հիմքերը, ուր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում գերակա է նյութական շահը: Առուծախն է այսօր ընդգծում հայի դիմագիծը, ակոսում՝ կյանքի ուղին. ամեն ինչ կարելի է գնել՝ պատիվ, արժանապատվություն, փառք ու կարողություն:
Երերում է միտքս, թվարկածներիս արդյոք ավելացնե՞մ ևս մեկը՝ հավատը: Եթե կար մի ժամանակ, երբ հավատը համարվում էր ամենասուրբը, վեհագույնը, անբասիրն ու անսակարկելին, ապա այսօր դժվարանում եմ հաստատ համոզմունքով ասել՝ հիմա էլ է այդպես: Իրականությունն այլ բան է հուշում. իշխանության և հասարակության միջև առկա անջրպետը խոստումներով անկարելի է ծածկել. վստահությունն է կորել: Մեր հոգևոր այրերը այլևս չեն վայելում ժողովրդի հարգանքը. հավատն է կորել:
Եվրոպական ապազգային չափորոշիչներին համապատասխանելու համար մեր իշխանավորները թույլ տվեցին տասնյակ կրոնական կառույցների մուտքը Հայաստան, որոնք, աղերս չունենալով հայ մշակույթի և առաքելական եկեղեցու հետ, բառի բուն իմաստով, ասպատակեցին Հայաստանը: Դրանց կործանարար հետևանքներն ակնհայտ են հասարակության բոլոր շերտերում:
Կարդացեք նաև
Սոցիալ-տնտեսական ծանր պայմանները դեռևս նահանջի քայլեր չեն անում, իսկ իշխանական վերնախավի խոստումներն էլ լոկ խոսքեր են, որ տասնամյակներ շարունակ շռայլորեն հրամցվում են մեր ժողովրդին, որի գերակշիռ մեծամասնության կենսակերպում այսօր դրված է միայն գոյատևելու խնդիրը: Ասել է, թե ապրելու համար մեր իրականության մեջ խաբելու կամ խաբված լինելու իրողությունը «յուրովի արդարացում է գտնում». ում ուզում են խաբում են, այնպես, ինչպես կամենում են:
Այն, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները Աստծո տաճարում՝ խորանի առաջ, համարձակություն կունենան խաբել ժողովրդին, դա կարելի է միայն սրբապղծություն համարել. անցյալ տարվա հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան Պատարագին էի մասնակցում, մոտեցա մոմ գնելու, իմ տված թղթադրամի մանրադրամը մոմավաճառն ամբողջությամբ չվերադարձրեց, չնկատելու տվեցի, մտածեցի՝ մոռացավ. սպասողները շատ էին:
Ամիսներ անց՝ Հարության տոնի Պատարագին կրկնվեց նույնը. մանրադրամն ամբողջությամբ չվերադարձրեցին: Իրողությունը գրավեց ուշադրությունս: Մեծ թղթադրամի մանրադրամի վերադարձը, գուցե ժամանակի խնդիր է, չեն հասցնում, չնայած՝ այդ օրերին նվազագույնը երեք հոգի է սպասարկում, իսկ ի՞նչ կասեն՝ մանրադրամի դեպքում…:
Եվ այսպես, արդեն քանիերորդ անգամ: Նույնը կրկնվեց նաև վերջերս՝ Ծաղկազարդին. մինչ անշտապ քայլերով հերթից դուրս գալս, նկատեցի՝ շատերի մանրադրամը չեն վերադարձնում:
Այստեղ ամենևին մանրադրամի չափը չէ, իմ և շատերի նյութական կարողությունը դրանից հաստատ չի տուժի: Դա այնքան քիչ է, որ ես եկեղեցու բակում օգնություն խնդրող մուրացիկին կամաչեմ անգամ տալ: Այստեղ երևույթը, իրողությունն է զարմանալի ու ցավալի՝ Առաքելական եկեղեցու սպասավորները ժողովրդին խաբում են անգամ Աստծո տաճարում՝ մայրաքաղաք Երևանի եկեղեցիներում: Տաճարի ներսում, ուր մեր ժողովրդի առ Աստված հավատի ու մխիթարության վերջին հյուլեն է պահվում, խաբելով վերջնականապես ոչնչացնում են հավատը տեսակի՝ մարդու նկատմամբ: Խաբելն ու խաբվելը մեզ համար դարձել է «սովորական» երևույթ, բայց հավատացեք՝ սա արդեն սրբապղծություն է:
Ազնիվ և ընդունելի կլինի մանրադրամը վերադարձնելիս՝ մոմավաճառն ասի. «Սա նվիրաբերեք եկեղեցուն», և ոչ թե ձևացնի, իբր խիստ զբաղված է, կամ պատահաբար է ստացվել, մոռացել է վերադարձնել, հերթը մեծ էր:
Այլևս միամտություն է կարծել, թե այս արևի տակ միայն Աստծո տաճարում է, որ մեր ժողովրդին չեն խաբում: Սարսափելի է տեսակիդ նկատմամբ հավատի կորուստը, հիասթափությունն անբացատրելի է….
Վեհափա՛ռ, հորդորեք վերադարձնեն հավատի վերջին հյուլեն՝ մանրադրամը: Հավատը վերջին ակորդն է, որ մեր ժողովրդին դեռ կառչած է պահում Հայրենի հողին: Գոնե Աստծո տաճարում թույլ մի՛ տվեք խաբեն ժողովրդին, նա դրան արժանի չէ:
Վեհափառ՛, հույսն այսպես հավատ չի՛ դառնա…
Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ
Մենք այնպիսի Վեհափառ ունենք, որ հենց ինքն էլ հրամայած կլինի՝ չվերադարձնել մանրադրամը: