«Իշխանությունները խոստումը կատարեցին եւ նախատեսված ձեւաչափերով իրականացվում են քննարկումներ: Համոզված եմ` Ընտրական օրենսգրքի այն տարբերակը, որը «կգա» Ազգային Ժողով, խիստ կտարբերվի մեր կարդացածից, որովհետեւ փոփոխություններ են իրականացվում»,-այսօր «Հայացք» ակումբում, խոսելով Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ մի շարք ձեւաչափերով ընթացող քննարկումների մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքով` իշխանությունները ոչ թե ձեւական քննարկումներ են իրականացնում, այլ ականջալուր են բարձրաձայնվող առաջարկներին. «Խնդրահարույց հարցերը, որոնք առաջ են քաշվել ընդդիմադիր գործընկերների եւ ՀԿ-ների կողմից, քննարկվում են: Շատ հարցերի լուծում տրվել է: Կարծում եմ` քննարկումներն արդյունք կտան: Ճիշտ է` ընդդիմադիրները էլի խնդիրներ կառաջադրեն, անգամ եթե բոլոր հարցերին լուծում տանք: Երբեմն իրենց երեխայի պես են պահում, քմահաճ են դրսեւորվում, կարծես թե իրենց համար ընդդիմանալը դարձել է գերխնդիր:
Խոսվում է ընտրակեղծարարությունների մասին, բայց իրականում մեզ պետք է, որ ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը վերականգնվի: Ամենաշատը ՀՀԿ-ին են պետք արդար ընտրությունները:
Խոսակցություններ եղան, որ այս քառօրյայի ընթացքում չքննարկենք Ընտրական օրենսգիրքը, քանի որ դեռ փոփոխություններ են արվում: Վերջնական տեսքի բերված Ընտրական օրենսգիրքը ընդդիմության, իշխանության եւ ՀԿ-ների կողմից ընդունելի կլինի»:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` հասարակությունը պետք է ընդունի եւ հասկանա, որ արդար ընտրությունների պատասխանատվությունը միայն իշխանությանը չէ. «Հասարակությունը եւս ընտրակեղծիքներ է թույլ տալիս, պարտադիր չէ միշտ իշխանությանը մեղադրել: Իշխանությունից ավելի ոչ մեկ չի մտածում մեր երկրի հեղինակության մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ