Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կանխել բնակչության նվազումը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 01,2016 12:43

Օրերս «Eurasia Daily Monitor» պարբերականում տպագրվել է ամերիկացի վերլուծաբան ՓՈԼ ԳՈԲԼԻ ուսումնասիրությունը, որում անդրադառնալով հետխորհրդային երկրներում ժողովրդագրական խնդիրներին` նա նշում է, թե մասնավորապես Հայաստանի բնակչությունը անկախանալուց հետո զգալիորեն կրճատվել է, եւ, ըստ մասնագետների կանխատեսումների առաջիկա մեկ-երկու տասնամյակում այդ միտումը կպահպանվի: Իսկ նման զարգացումը, ըստ վերլուծաբանի, կասկածի տակ է դնում հայերի` որպես ազգ, երկարաժամկետ գոյության հարցը:

Ժողովրդագետ ՌՈՒԲԵՆ ԵԳԱՆՅԱՆԸ թեպետ ձեռնպահ է մնում նման կտրուկ գնահատականներ տալուց, սակայն ահազանգում է, որ մեր երկրի դեմոգրաֆիկ վիճակը իսկապես խիստ վտանգված է:

  -Դեմոգրաֆիկ պատկերի վրա նախեւառաջ ազդում է ծնելիության մակարդակը, որը մեզանում վերջին տարիներին նվազման միտում է ցուցաբերում: Դատելով երկրի սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակից, ծնողների` քիչ երեխաներ ունենալու տրամադրվածությունից` մոտակա տարիներին Հայաստանում ծնելիությունը ոչ թե կավելանա կամ կպահպանվի նույն մակարդակում, այլ շատ ավելի կնվազի:

Հետեւանքն այն կլինի, որ ոչ հեռավոր ապագայում` թերեւս 10 տարվա ընթացքում, կարող ենք ունենալ երկրի բնակչության բացարձակ ապաբնակեցում: Այսինքն` մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին: Ծնվածները ներկայումս 12-13 հազարով դեռեւս գերազանցում են մահացածների թվին, բայց այդ տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Այնպես որ ծնվածների թվով պայմանավորված՝ բնակչության աճն այնքան էլ նկատելի չէ, որպեսզի կարողանանք խոսել դրական աճի մասին:

Մյուս կողմից էլ՝ եթե ծնելիության թվի գերազանցությունը մահացածների թվի նկատմամբ բնակչության քիչ թե շատ աճ է ապահովում, ապա գոյություն ունեցող արտագաղթը բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում Հայաստանի ժողովրդագրության մեջ` այն աստիճանաբար նոսրանում է: Այսօր Հայաստանի բնակչության թվաքանակը միգրացիայի բացարձակ մնացորդի եւ դրական բնական հավելաճի տարբերությամբ տարեկան նվազում է մոտ 25-30 հազարով: Այդ մեծությունը կսկսի շարունակաբար աճել ինչպես արտագաղթողների թվի ավելացման, այնպես էլ ծնելիության նվազման հետեւանքով:

  -Արտագաղթի մասին խոսելիս եւ վիճակագրական տվյալները ներկայացնելիս նկատի ունեք երկիրը մշտապես լքողների՞ն, թե՞ նաեւ ժամանակավոր` աշխատելու նպատակով արտերկիր մեկնողներին:

-Բացասական սալդոյի մասին խոսելիս` նկատի ունեմ միայն երկիրը մշտապես լքողներին եւ այլ երկրներում բնակություն հաստատողներին: Այսինքն` դրանք Հայաստանի այն քաղաքացիներն են, ովքեր դժվար թե երբեւէ վերադառնան հայրենիք եւ այլեւս այս երկրի քաղաքացիներ չեն:

Թեեւ աշխատանքային միգրացիա երեւույթը հաճախ վերածվում է հիմնական միգրացիայի: Եվ այս առումով դժվար է այդ երկուսը միմյանցից տարբերակել: Մենք դեռեւս չգիտենք` արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիները, ովքեր այստեղ գիրացված են որպես ժամանակավոր արտագաղթողներ, երբեւէ կվերադառնա՞ն Հայաստան, թե՞ նրանց նույնպես պետք է համարենք հիմնական արտագաղթողներ:

Փորձը ցույց է տվել, որ տեւական աշխատանքային միգրացիայից հետո մարդիկ վերջնականապես տեղափոխվում են եւ մշտական բնակություն հաստատում այն երկրում, որտեղ իրենց աշխատանքն է, որտեղ իրենք կարողանում են ապրուստի միջոց վաստակել: Այդ միգրանտներից շատերը հետագայում տանում են նաեւ իրենց ընտանիքի անդամներին:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930