Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների եւ Վերահսկիչ պալատի նախագահները լինեն ապակուսակցական եւ ազատվեն իրենց «զնաչոկներից»՝ կրծքանշաններից:
Ըստ Էդմոն Մարուքյանի, այս անկախ հանձնաժողովների նախագահները պետք է որեւէ կերպ կաշկանդված չլինեն. «Պատկերացրեք, ես տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահն եմ եւ վարույթ եմ հարուցել մի խոշոր ընկերության նկատմամբ, որը պատկանում է իմ կուսակից ընկերոջը: Հետո այդ մարդկանց ես տեսնում եմ իրար հետ քաղաքում գինի խմելուց: Հիմա կարող եք ասել՝ հա, եթե դիմում գրի, էդ մարդը դուրս գա կուսակցությունից, ինչ-որ բան կփոխվի՞: Ես կարծում եմ, որ օրենքի մակարդակով մենք պետք է դա արձանագրենք: Շահերի բախման խնդիր կա»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գաղափարն ընդունեց:
Կարդացեք նաև
Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ ձեւական բնույթ կունենա դա, դիմում կգրեն՝ կուսակցությունից դուրս կգան, բայց ի՞նչ ազդեցություն դա կունենա:
Էդմոն Մարուքյանն էլ պատասխանեց. «Ես խորը զարմանք եմ ապրել, երբ մի պետական միջոցառման ժամանակ նշված հանձնաժողովների նախագահներից եմ տեսել՝ կուսակցական տարբերանշանով: Ես հարց եմ տվել՝ դուք անկախ հանձնաժողով եք ներկայացնում, ինչպե՞ս եք այդպես գալիս, ասել են՝ օրենքը չի՛ արգելում: Դա ինձ համար շոկ է եղել, որովհետեւ ինձ համար դա սկզբունքային հարց է: Դա նույնն է, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը լինի կուսակցական ու «զնաչոկով» ման գա: Այլ բան է, որ գիտենք, թե ով ոնց է նշանակվում: Եկեք սկզբունքն արձանագրենք»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ նախագիծն Էդմոն Մարուքյանը հետաձգի, բայց ասաց, որ դեմ չեն գաղափարին. «Իմ խորին համոզմամբ, այս նախագիծն այս պահին ձեւական բնույթ է կրելու: Եթե կուսակցական հավաքների ժամանակ գինի խմելով եք մտահոգված, էլի կարող են թեյ կամ սուրճ խմել, գինի խմել եւ այդտեղ ամենեւին կուսակցական պատկանելությունը կապ չունի»:
Արփինե Հովհաննիսյանը մի շարք երկրների օրինակ բերեց, որտեղ օրենքի պահանջ չկա, որ այդ հանձնաժողովների նախագահները պետք է ապակուսակցական լինեն:
Էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց. «Ուրիշ երկրների օրինակն եք բերում, ուրիշ երկրներում զոդման էլեկտրոդների մուտքի խոչընդոտ չկա, փամփերսի ներմուծման խոչընդոտ չկա»:
«Կուսակցության նշանը որ հանեց՝ կլուծվի՞»,- հարցրեց Արփինե Հովհաննիսյանը:
Մարուքյանն էլ պատասխանեց. «Չի լուծվի, բայց քայլ է, որ պետք է անենք»
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ