Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժախցերի առաստաղներից կաթում են վերևի հարկում տեղակայված խցերի սանհանգույցների կոյուղաջրերը. ՄԻՊ տարեկան հաղորդում

Ապրիլ 01,2016 12:23

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) ներկայացրել է տարեկան հաղորդում`  2015-ի ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Այն ներառում է նաև հատուկ տարեկան զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում (ՔՀԿ) և հատուկ դպրոցներում գրանցված անմխիթար վիճակին: Մասնավորապես 2015-ին ՔԿՀ-ներում կրկին գրանցվել են գերբնակեցման, վատ վերաբերմունքի, պահման, սանիտարահիգիենիկ և կոմունալ-կենցաղային անբավարար պայմանների խնդիրներ: Օրինակ`հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացրել, որի ընթացքում բռնություն են կիրառել այնտեղ պահվող անձանց նկատմամբ, ինչի պատճառով վերջիններս սկսել են ճիչեր արձակել, հարվածել դռներին, այրել սրբիչներ:

2015-ին դատապարտյալներն ու կալանավորված անձինք կրկին գանգատվել են խցերում առկա միջատներից:

Խնդրահարույց են նաև սանիտարահիգիենիկ պայմանները. «Կոշ» ՔՀԿ-ում լուծված չէ կոյուղու խնդիրը, արձանագրվել է, որ «Գորիս» բաց ուղղիչ հիմնարկում սենյակները դռներ չունեն, դրանց փոխարինում է փայտին ամրացված ցանցը և կտորից վարագույրը: Արտաքնոցը գտնվում է կիսապատ փայտե տնակում, որը կառուցել էին դատապարտյալները: «Նուբարաշեն» ՔՀԿ-ում պատժախցերի առաստաղներից կաթում են վերևի հարկում տեղակայված խցերի սանհանգույցների կոյուղաջրերը և այլն:

Անմխիթար սանիտարահիգիենիկ և շենքային պայմաններ են արձանագրվել նաև հատուկ դպրոցներում: Օրինակ` Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում ննջարանների պահարաններում առկա ատամի մածուկը ժամկետանց է եղել (2011թ.), երեխաները` անխնամ և կեղտոտ վիճակում:

ՄԻՊ զեկույցում մտահոգություն կա նաև դատախազության՝ հետաքննության և նախաքննության մարմինների, ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը ևս ՄԻՊ մտահոգության առարկան է:

Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ կա նաև մարտի 1-ի 10 զոհերի մահվան վերաբերյալ գործերին: ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում, որ այս գործերով չի պահպանվել հրապարակայնությունը՝ չնայած դրանց հանրային հնչեղությանը և կարևորությանը: Խնդրահարույց է նաև այդ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը:

ՀՀ զինված ուժերում գրանցված միջադեպերը ևս մտահոգության տեղիք են տալիս: 2015-ին գրանցվել է 46 դեպք, որից 27-ը վերաբերում է սահմանային միջադեպերին, 1-ը՝ սպանության, 6-ը` ինքնասպանության, 7-ը՝ դժբախտ պատահարներին, 2-ը՝ հիվանդություններին, 1-ը՝ ականի պայթյունին և 2-ը՝ ավտովթարներին:

Ըստ ՄԻՊ տարեկան հաղորդման` 2015-ին կրկին արձանագրվել են ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների սահմանափակման որոշ դեպքեր, այդ թվում` ոչ իրավաչափորեն հավաքի ցրում, հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում, նրանց ազատ տեղաշարժի սահմանափակում, իսկ որոշ դեպքերում՝ անհարկի բերման ենթարկում: Մասնավորապես ընդարձակ անդրադարձ կա հունիսի 22-ի լույս 23-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի հետ կապված ոստիկանության գործողությունների կապակցությամբ:

Իրավապաշտպանների, լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման, նրանց նկատմամբ բռնության կիրառման դեպքերը և մեղավորներին պատժելու ուղղությամբ ոստիկանության ոչ բավարար քայլեր ձեռնարկելը ևս մտահոգիչ են:

Սոցիալական ոլորտում ևս մարդու իրավունքների խախտումներ են գրանցվել: Օրինակ` պաշտպանն առաջարկում է վերականգնել գործազրկության նպաստը, քանի որ դրա վերացումը հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին:

Կրթական ոլորտում գոյություն ունեցող խնդիրներից առավել հրատապ են տնօրենների կողմից մանկավարժների իրավունքների խախտման, ինչպես նաև աշակերտների շրջանում անօրինական դրամահավաքության խնդիրները: ՄԻՊ-ը մտահոգված է բուհերում ուսանողական խորհուրդների քաղաքականացվածությամբ:

Նշենք, որ 2015-ին ՄԻՊ-ը ստացել է 5214 դիմում-բողոք, որից 1428-ը՝ գրավոր, 3453-ը՝ բանավոր: Ստացված բողոքներով իրավական խորհրդատվություն է տրամադրվել 3786 անձանց: Գրավոր ստացված 1428 դիմումից ՄԻՊ կողմից քննարկման են ընդունվել 928-ը, որոնցից դրական լուծում են ստացել 498-ը: Կայացվել է 91 խախտման որոշում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Եզրակացություն.
    Ապահով Հայաստանում չկա մի ոլորտ, որ աղտոտված չլինի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930