Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվացում է նկատվում Միացյալ Նահանգներից Հայաստան ուղարկվող գումարների առումով. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 01,2016 12:18

Տրանսֆերտները առայժմ շարունակում են նվազել։ Երեկ Կենտրոնական բանկը հրապարակեց այս տարվա փետրվարին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առեւտրային նպատակով Հայաստան կատարած փոխանցումների վերաբերյալ տվյալները։ Ըստ այդմ, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ դրանք պակասել են գրեթե 6 մլն դոլարով։ Անկումը բաժին է ընկել բացառապես ռուսական շուկային, որտեղից մուտքերը կրճատվել են գրեթե 8 միլիոնով։

Ռուսական շուկայից ստացվել է 39,7 մլն դոլար։ Անհամեմատ փոքր է՝ 21,8 մլն դոլար, զուտ ներհոսքը։

Դա նշանակում է, որ ստացված գումարի զգալի մասը դարձյալ վերադարձել է (հասնում է 17,9 մլն դոլարի)։ Թեեւ փետրվարին այս առումով որոշակի դրական միտումներ այնուհանդերձ դրսեւորվել են։ Արտահոսքը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ավելի քան 1 մլն դոլարով կրճատվել է։

Համաձայն ԿԲ տվյալների, բանկային համակարգի միջոցով ստացված ոչ առեւտրային փոխանցումները փետրվարին եղել են 62,2 մլն դոլար։ Հունվարի համեմատ արտաքին փոխանցումներն ավելացել են 15,4 միլիոնով։

Տրանսֆերտների նվազումը նախորդ տարվա կտրուկ անկման համեմատ մեղմացել է, թեեւ շարունակում է զգալի լինել։ Փետրվարին ֆիզիկական անձանց ուղարկած գումարները 2015թ. նույն ամսից պակաս են եղել 8,8 տոկոսով։

Ընդհանուր առմամբ տարեսկզբի երկու ամիսներին այս հատվածից բանկային համակարգի միջոցով Հայաստան է մտել շուրջ 109 մլն դոլար, որը գրեթե 13,4 միլիոնով քիչ է նախորդ տարվա մակարդակից։

 

Ռուսական շուկայից ստացվող տրանսֆերտային հոսքերի նման կտրուկ փոփոխությունը պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ վերջին մեկուկես տարում ռուբլու դիրքերը ամերիկյան արժույթի նկատմամբ թուլացել են առնվազն 2,5 անգամ։ Տարեսկզբի երկու ամիսներին դոլարի գինը ռուսական շուկայում տատանվում էր հիմնականում 75-80 ռուբլու շրջանակներում։

Ակտիվացում է նկատվում Միացյալ Նահանգներից Հայաստան ուղարկվող գումարների առումով։ Փետրվարին դրանք 1 միլիոնով գերազանցել են նախորդ տարվա մակարդակը։ Ի տարբերություն ռուսական շուկայի, այս դեպքում առկա է դրական դինամիկա նաեւ 2014թ. համեմատ։ Այն հասնում է 2,2 մլն դոլարի։

Ընդհանուր առմամբ տարեսկզբի երկու ամիսներին Միացյալ Նահանգներից ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 16,7 մլն դոլար, ինչը 768 հազարով ավել է նախորդ տարվանից։ Ռուսական շուկայի համեմատ ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտների զուտ ներհոսքի մակարդակը չափազանց բարձր է։ 16,7 միլիոնից արտահոսքը եղել է ընդամենը 1,7 մլն դոլար։ Այսինքն՝ այն տատանվում է 10-11 տոկոսի սահմաններում։ Այն դեպքում, երբ Ռուսաստանի մասով արտահոսքը ավելի քան 43 տոկոս է։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930