Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդեսը սկսեց դպրոցի միակ առաջին դասարանցին՝ դիմելով «Ի՞նչ է նշանակում հայրենիք» հարցով

Ապրիլ 01,2016 12:01

Սա Հայաստան է, և վերջ:

Լեոնիդ Ազգալդյան

1993 թվականի գարնանը կայացավ Քարվաճառի ազատագրումը, որին զուգահեռ մաքրվեցին նաև Պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղավնո, Հոչանց և Շալուա գետերի ավազանները՝ Լաչինի շրջանի հյուսիսային տարածքը:

Հեշտ չէր հայրենի երկրի ազատագրումը, այն թանկ արժեցավ. հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքի գնով այդ արեցին, հարյուրավորներ էլ վիրավորվեցին, մաքառեցին, տեսան մարտական ընկերոջ նահատակությունը:

Այսօր վերստին հայացած մեր երկրում գործում են դպրոցներ, նոր սերունդն է տեր կանգնել պապերի ու հայրերի ազատագրած սուրբ հողին: Այդ օրերին ազատագրված գյուղերից է պատմական Վակունիսը, որն ունի դարերի պատմություն, միջնադարում եղել է շեն ու հայաշատ բնակավայր, ունեցել է եկեղեցի, որը կիսաքանդ վիճակում այսօր էլ գոյություն ունի:

Գյուղի մուտքի մոտ կանգուն է խաչքար, որի վրա փորագրված են 11 հայորդու արդեն սրբացած անուններ՝ Վուրգ Ոսկանյան, Գևորգ Ավետիսյան, Լավրենտ Նազարյան, Վահան Սիմոնյան, Հրայր Եղիազարյան, Զոհրակ Գևորգյան Ալբերտ Ազարյան, Վալերիկ Ավետիսյան, Վահագն Բաբայան, Մելսիկ Աթանեսյան, Վոլոդյա Կարապետյան:

Qarvachar-4 Qarvachar-2 Qarvachar-1

23 տարի առաջ՝ մարտի 31-ին Սիսիանի ջոկատներից մեկը, դուրս գալով Լաչինից, շարժվեց դեպի հյուսիս՝ անցնելով 40կմ. պետք է ամրանար այս գյուղում: Այդ օրերին թշնամին ճողոպրում էր, որ շուտ դուրս գա Լաչինի շրջանից շրջապատման մեջ չմնալու համար:

Մոտ 30 հոգուց կազմված ջոկատը «Ուրալ» մեքենայով և մեկ «Վիլիս»-ով հասնում է Վակունիս: Գյուղի դիմաց լայն ու հարթ մարգագետին է՝ աջում ձորակ, իսկ ձախում՝ բլրակներ: Նշված խաչքարի մոտ՝ որպես հուշարձան մնացել է նաև մի վառված ռազմական մեքենա՝ Սիսիանի ջոկատի տղաներին է: Հասնելով այստեղ՝ մեր ազատամարտիկներն անսպասելի ընկնում են հրետակոծման և գնդակոծման տակ: Վառվում է նաև մեքենան, որի մոտ փորձել էին պատսպարվել հանկարծակիի եկած զինվորները: Անսպասելի ու անհավասար մարտում Սիսիանի ջոկատը տալիս է կորուստներ՝ մարտիրոսվում է նաև հրամանատար Վուրգ Ոսկանյանը:

10 տարուց ավելի է, ինչ Վակունիսի դպրոցը կոչվում է Վուրգի անունով, և ամեն տարի մարտի 31-ին այս կրթօջախի աշակերտները ոգեկոչում են հերոսներին՝ ասելով, որ իրենք են արդեն տերը սրբացած հայրենիքի:

Հերոսներին նվիրված ցերեկույթին ներկա էին Սիսիանի ջոկատի ազատամարտիկներ՝ զինվորական եղբայրներ Ժորա և Մկրտիչ Դիլանյանները, հերոսամարտի օրը ծանր վիրավորված ազատամարտիկ Մելսիկ Դանիելյանը (բնակվում է Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում), նահատակ-ազատամարտիկ Լավրենտ Նազարյանի թոռը, Վակունիսի, հարևան բնակավայրերի բնակիչներ: Հանդեսը սկսեց դպրոցի միակ առաջին դասարանցի Լենա Մարգարյանը՝ դիմելով իր ավագ ընկերներին «Ի՞նչ է նշանակում հայրենիք» հարցով: Երեխաներից յուրաքանչյուրը տվեց իր պատասխանը, իսկ պարի խմբակի (պարուսույց՝ Դիանա Ալեքսանյան) սաներն իրենց գեղեցիկ ելույթով ասացին, որ այս պարն էլ է հայրենիք:

Դպրոցի սաները ներկայացրեցին հերոսների կենսագրականները, հանդես եկան ասմունքով, ռազմահայրենասիրական երգերով, պարերով, բեմական խաղով՝ նկարագրելով ռազմաճակատում գտնվող զինվորների ծնողների հոգեվիճակը:

Մոտ մեկ ժամ տևած ցերեկույթն ավարտվեց «Թիփի բորան, մութ գիշերին…» երգով, որը կատարեցին բոլոր աշակերտները:

Հանդեսի վերջում փոքրիկ Լենան վերջապես ստացավ իր հարցի պատասխանը զինվորական Մկրտիչ Դիլանյանից, ով ասաց՝ հայրենիքը հենց այս երեխաներն են, ովքեր այսքան լավ ոգեկոչեցին հերոսներին, այստեղ բնակվողներն են, որ իսկական հերոսներ են և շարունակում են տղերքի կիսատ թողածը:

-Հողն ազատագրելն ավելի հեշտ է, քան պահելը, շենացնելը, տեր մնալը, -հավելեց ազատամարտի մասնակից և երկար տարիներ Հայոց բանակում ծառայություն անցած պահեստի փոխգնդապետը և շարունակեց. -Պարտավոր ենք յուրաքանչյուր տարի այսօրը լինել Վակունիսում, հիշել մեր մարտական ընկերներին, ովքեր մարտիրոսվեցին ու վիրավորվեցին այսօրվա համար, որ փոքրիկ Լենան իմանա՝ որն է իսկական հայրենիքը:

Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի աշխատակից Արաքսյա Այվազյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին, ուսուցիչներին, կազմակերպիչներին գեղեցիկ ելույթների համար:

Պահեստի փոխգնդապետ, ազատամարտիկ Ժորա Դիլանյանը նույնպես իր շնորհակալությունը հայտնեց դպրոցականներին, վակունիսցիներին, քաշաթաղցիներին՝ հիշելով, որ տարիներ առաջ, երբ այստեղ մարտի 31-ին կայացավ համերգ հայտնի երգիչներ Արսեն Գրիգորյանի (Մրոյի), Մկրտիչ Մկրտչյանի, Դավիթ Ամալյանի, Լեյլա Սարիբեկյանի, այլոց մասնակցությամբ, Մրոն ասել է. «Եկել էինք, որ հայրենասիրություն քարոզեինք, սակայն գնում ենք՝ տանելով հայրենասիրություն այս փոքրիկներից»:

Դպրոցի տնօրեն Հեղինե Բախշյանը գոհ էր իր սաներից: Շնորհակալություն հայտնեց մարտիրոս-տղաների մարտական ընկերներին, որ պահպանում են կապը դպրոցի հետ, օժանդակում, մասնակցում միջոցառումներին: Վստահեցրեց նաև, որ շարունակելու են տղաների գործը:

Նահատակ-ազատամարտիկ Լավրենտ Նազարյանի դստեր որդին Տիգրան Դիլանյանը, ով «Պատանի երկրապահ» ակումբի անդամ է, սովորում է Երևանի Մ. Գորգիսյանի անվ. դպրոցի 8-րդ դասարանում, առաջին անգամ էր այցելել Վակունիս: Շնորհակալ եղավ դպրոցի անձնակազմից, որ մեծարեցին իր պապին ու նրա ընկերներին: Ասաց հպարտության զգացումով է գնալու այստեղից՝ տպավորված նաև բնության գեղեցկությամբ:

Հերթական անգամ հրաժեշտ տվեցի Վակունիսի դպրոցին, որտեղ սովորում են լավագույն երեխաներ, հավատում եմ, որ կգա օրը, և այստեղ 20-ի փոխարեն տասնապատիկ ու հարյուրապատիկ աշակերտներ կսովորեն լավագույն պայմաններում և Վուրգի ու մնացած մարտիրոսների հոգիները կգտնեն իրենց անդորրը: Իսկ նրանց հետնորդները մշտապես հպարտ կլինեն, ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է Վուրգի որդին՝ Սուրենը. «…Հպարտ եմ Վուրգ Ոսկանյան անուն և ազգանունի համար, շնորհակալ մարտիրոս տղաների արածի համար…»:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930