Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին պետականացնելու շուրջ ծավալվող իրադարձությունների ամբողջական պատկերը

Ապրիլ 01,2016 11:27

Դիարբեքիրի Սուր գավառի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին պետականացնելու մասին Թուրքիայի Նախարարների խորհրդի կայացրած որոշումը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայի հայկական համայնքում և քաղաքացիական որոշ նախաձեռնությունների շրջանում։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս» լրատվական կայքը։

Տեղի ունեցածի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ նշելով, որ Նախարարների խորհրդի որոշումն անհրաժեշտ է վերանայել։ Հարցը քննարկելու համար Արամ Աթեշյանը հանդիպում է պահանջել Թուրքիայի Հասարակական աշխատանքների և բնակելի տարածքների շինարարության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըից։

Այս գործով զբաղվող իրավաբան Ալի Էլբեյօղլուն, մեկնաբանելով որոշումը, ասել է. «Այս որոշման իրականացումը չպետք է թողնել կառավարության նախաձեռնությանը։ Որոշումը վիճարկելու ենք դատարանում։ Նախարարների խորհրդի որոշումը պետք է վերանայվի նույն խորհրդի մեկ այլ որոշմամբ»։

Դիարբեքիրի և շրջական տարածքների մի շարք կառույցների պետականացման որոշումն ընդունվել է Դիարբեքիրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում։ Նախարարների կայացրած «Հրատապ պետականացման» որոշումը, Սուրբ Կիրակոս եկեղեցուց բացի, տարածվում է նաև հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու, Հայ կաթոլիկ եկեղեցու, ասորական Մարիամ Աստվածածին եկեղեցու, բողոքական եկեղեցու և մի շարք այլ կառույցների վրա։

Նախարարների խորհրդի կայացրած որոշումից հետո թեմային անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր հայազգի Գարո Փայլանը մարտի 29-ին խորհրդարանի նիստում այս թեմայի վերաբերյալ հարց էր ուղղել կառավարությանը, որին պատասխանել էր Թուրքիայի Հասարակական աշխատանքների և բնակելի տարածքների շինարարության նախարար Ֆաթմա Գյուլդեմեթ Սարըն։

Նախարարի պատասխանը հետևյալն էր. «Սուրում վերականգնողական աշխատանքներ կատարելու ֆոնին որոշում է կայացվել նաև «Հրատապ պետականացման» մասին։ Սակայն, ինչպես նշեցիք (դիմում է Փայլանին,-խմբ.), «Հրատապ պետականացման» որոշումը չի նշանակում, որ մեկ ակնթարթում պետականացվելու է ամբողջ տարածաշրջանը։ «Հրատապ պետականացմամբ», առաջին հերթին, մեր նպատակն է փոխզիջման հասնել քաղաքացիների հետ։ Փոխզիջում չլինելու պարագայում սա մի լուծում է, որը կիրականցվի որպես ամենավերջին ելք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930