Մարտի 31-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի շնորհանդեսը: Լարային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է։ Քառյակի կազմում են Էրիկ Մանուկյանը (առաջին ջութակ), Անի Ադիկյանը (երկրորդ ջութակ), Ելենա Հայրապետյանը (ալտ), Էլյա Բալասանյանը (թավջութակ)։
Թանգարան-ինստիտուտի համերգասրահում շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին Ղազարոս Սարյանի Լարային կվարտետ թիվ 2 և Էդվարդ Միրզոյանի Լարային կվարտետ` թեմա և վարիացիաներ ստեղծագործությունները: Հանդիսատեսը կոլեկտիվին բաց չթողեց առանց «բիս»-ի:
Քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը շեշտում է, որ կոլեկտիվը մեկուկես տարի գործունեություն է ծավալում, հասցրել է «Դասական արվեստի տարածում» ծրագրի շրջանակում փետրվարի 20-ին համերգ ունենալ Ստեփանակերտում: Քառյակը վերջերս է անվանակոչվել հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի անվամբ:
«Մեր առաջին համերգին Սարյանի ստեղծագործությունն ենք նվագել: Մեր երկրում գնալով զարգանում է դասական երաժշտությունը, նույնիսկ երիտասարդ կոմպոզիտորներ կան, որ երաժշտություն են գրել մեզ համար, ցանկացել են, որ կատարենք»,-նշում է Էրիկ Մանուկյանը:
Համերգային երեկոյին ներկա էին նաև Ղազարոս Սարյանի ընտանիքի անդամները: Կոմպոզիտորի դուստրը` Սոֆիկ Սարյանը փաստում է` քառյակի ստեղծումը նշանակալի երևույթ է:
«Ղազարոս Սարյանի անունը կապված է ոչ միայն հայ կոմպոզիտորական արվեստի, այլև մեր կատարողական դպրոցի պրոֆեսիոնալ մակարդակի զարգացման հետ: Լինելով կոնսերվատորիայի ռեկտոր` նա շատ աչալուրջ և շահագրգիռ հետևում էր ամեն մի երաժշտի մասնագիտական կրթությանը: Նա գործիքավորման մեծ վարպետ էր»,-նշում նա:
Սոֆիկ Սարյանը գոհունակությամբ շեշտում է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ ծրագրեր է իրականացնում, մասնավորապես` անցկացնում է համերգներ, փառատոններ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:
«2010 թվականին մեծ հանդիսավորությամբ կազմակերպվեց Սարյան ֆեստ փառատոնը, որը նվիրված էր Ղազարոս Սարյանի 90-ամյակին: Այսօր ականատես ենք նրա անվան քառյակի ստեղծմանը: Շատ կարևոր է, որ Սարյանի ավանդները ապրում և նոր ծիլեր են տալիս: Մաղթենք այս երիտասարդներին մեծ հաջողություններ և բեղուն ստեղծագործական ճանապարհ»,-հավելում է կոմպոզիտորի դուստրը:
Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի առաջիկա ծրագրերում են համերգները Հայաստանի տարբեր մարզերում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
Շատ լավ է,որ շատանում են լարայինքառյակները։Բայց Հայաստանում մեռած է քննադատական վերլուծական միտքը։Մենք ունենք շատ խմբեր,բայց ինչպես են կատարում հայտնի չէ։Շատ երկրորդական կատարողներ են գալիս Հայաստան,որպես խոփան՝Դրա վառ օրինակն է վերջերս Ազգային կամերային նվագախմբի հետ ջութակահար Չիլինկիրյանի անպատրաստ ելույթը։Երևի մտածել է,որ հասկացող չկա։Դա վառ օրինակ էր,թէ ինչպես չի կարելի նվագել։Շարժումները արժանի էին Մայքլ Ջեքսոնին,որի համար և արժանացան “Բրավոի”