Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տանը և տևել է 50 րոպե, որի ընթացքում կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախագահ Օբաման ԱՄՆ աջակցությունն է հայտնել Թուրքիային՝ այդ երկրի անվտանգությանը սատարելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու գործում։
Նախագահները քննարկել են նաև, թե ինչպես կարող են միահամուռ ուժերով ավելի արդյունավետ պայքար մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։
Նախագահների հանդիպումից հետո Էրդողանը ներկա է գտնվել Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին ԱՄՆ նախագահ Օբամայի անունից մատուցված ճաշին։