Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Վաշինգտոնում է, որտեղ, ի թիվս այլ պետությունների նախագահների, մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահին ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը։ Երկու երկրների նախագահները քննարկել են Ղրիմում և Դոնբասում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ-Ուկրաինա ռազմավարական գործընկերային հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։
Նախագահներն առանձնահատուկ կարևորել են Ուկրաինայում կառավարության ձևավորման հարցը: ԱՄՆ նախագահը խոստացել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային՝ այդ երկրում կառավարության ձևավորումից հետո։
Կարդացեք նաև
Պորոշենկոյի և Բայդենի հանդիպման ընթացքում ավելի շատ անդրադարձ է կատարվել Ղրիմին և Դոնբասին։ Նախագահն ու փոխնախագահը քննարկել են հավանականությունը Դոնբասում միջազգային խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Իր խոսքում Բայդենը նշել է նաև, որ ԱՄՆ-ն 335 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ այդ երկրի անվտանգության ոլորտը ամրապնդելու համար։
Կողմերի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում ԱՄՆ Պետդեպի քարտուղար Ջոն Քերին կայցելի Ուկրաինա։