Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարային համալսարանի թիմը դարձավ քառակի չեմպիոն

Ապրիլ 01,2016 10:20

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց ՀՀ միջբուհական 17-րդ առաջնությունը, որին մասնակցում էին առաջատար բուհերի թիմերը: Տղամարդ-կանց առաջնությունում արդեն չորրորդ անգամ բացարձակ հաղթողի պատվաբեր կոչումը նվաճեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմը`
առաջին կարգայիններ Արտավազդ Հայրապետյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Հայկ Վարդանյան (մագիստրատուրա 2-րդ կուրս), Արամ Պլուզյան (ԱԷԿ-2), Գագիկ Մարտիրոսյան (ՍԳ-2) կազմով:

Թիմի մարզիչն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀԱԱՀ-ում գործող` Հայաստանի շախմատի պատմության թանգարանի հիմնադիր-տնօրեն Ռաֆայել Չատինյանը:
Մրցակցությունը իրապես խիստ էր ու լարված, եւ մինչեւ վերջին տուրը հաղթողի դափնին նվաճելու լուրջ ու հիմնավորված հույսեր ունեին ե´ւ ագրարայինցիները, ե´ւ սլավոնական համալսարանի թիմը: ՀԱԱՀ երիտասարդները վերջին տուրում հանդես եկան շատ համախմբված, իրենց բնորոշ բարձր մարտունակությամբ ու երկրորդ հորիզոնականը նվաճած տնտեսագիտական համալսարանի թիմին գերազանցեցին երկու միավորով:
Հաղթանակը համոզիչ էր, նաեւ` օրինաչափ: 2004 թվականից սկսած` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շախմատի թիմը ՀՀ միջբուհական մրցումներում հիմնական «եղանակ ստեղծողներից» է: 2008, 2010, 2012 թվականներին համանման մրցույթներում նույնպես հաղթող է ճանաչվել: «Վահանյանի գավաթ» միջազգային մրցաշարում ՀԱԱՀ հավաքականը կիսել է 1-3 տեղերը:

Թիմը միջբուհական մրցաշարերում երեք անգամ նվաճել է նաեւ արծաթե, երկու անգամ` բրոնզե մեդալներ: Գոհացնող են նաեւ ուսանողների անհատական մրցապայքարի արդյունքները. 2010-ին Վարդգես Թովմասյանը գրավել է առաջին տեղն ու արժանացել ոսկե մեդալի: 2014-ին նույն հաջողությունը կրկնել է նաեւ Արտավազդ Հայրապետյանը: Նա 2013, 2014 թվականներին նվաճել է Երեւանի չեմպիոնի կոչումը: Թիմի տղաների արդյունքները գոհացնող էին նաեւ անհատական առաջնությունում, որտեղ 48 մասնակցի շարքում Հայկ Վարդանյանը երրորդն էր, Արտավազդ Հայրապետյանը` չորրորդը:
Ակնհայտ է, որ ՀԱԱՀ-ում սիրում են իմաստուն խաղը, և հրաշալի միջավայր է ստեղծված զարգացման ու տարածման համար: Իսկ թիմի մարզիչն անհամբերությամբ է սպասում այն ժամանակներին, երբ ուսանող կդառնան դպրոցական վաղ հասակից խաղի նրբություններն ուսումնասիրած երիտասարդները, ու որակական միանգամայն նոր իրավիճակ կստեղծվի, մրցակցային տեսակետից ավելի բարդ ու անհամեմատ ավելի հետաքրքիր:

 
Անի Խուդավերդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930