«Մեդիալաբ» կայքը հրապարակել էր մի ծաղրանկար, որն ակնարկում էր մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի, Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Ոտնլվայի արարողության կատարման ոչ համոզիչ ձեւը: Վերջերս կաթողիկոսի ստորադասներից մեկը հայտարարել է, որ ծաղրանկարիչը եւ այն հրապարակողը ծաղրում է հավատը եւ մեր եկեղեցու ծեսերը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու այն չափազանցված փութաջանության մասին, որով որեւէ հիմնարկի աշխատողները կանգնում են իրենց ղեկավարի «թասիբին»: Օրինակ՝ եթե որեւէ ոչ բարենպաստ բառ գրվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, ապա պարտադիր է, որ նրա «գրասենյակը» կանացի ոճով «մահացու հակահարված» տա գրողին: Դե, Վլադիմիր Պուտինի մասին չեմ ասում` ՌԴ նախագահը հայկական համացանցում աշխատողների մի ամբողջ «բրիգադ» ունի, որն իր պարտքն է համարում արձագանքել ցանկացած, իր կարծիքով, «հակառուսական» հրապարակման: Հետաքրքիր է՝ «հակառուսականության» չափը եւ հակահարվածի «ուժգնությունը» անձամբ պարոն Վոլինկի՞նն է որոշում, թե՞ ավելի ցածր պաշտոնյաները:
Բայց այդ ամենը քիչ թե շատ նորմալ երեւույթ է` «գաղափարական ճակատի մարտիկները» պատասխանում են հետեւյալ ոճով` «դու ո՞վ դառար, որ համարձակվում ես խոսել մեծն Վարդանիկի կամ մեծն Պուտինի մասին»: Մայր աթոռի աշխատակցի պարագան այլ է: Նա չի ասում՝ իմ շեֆը լավն է, նրան բան չասեք, ինչպես նախորդ երկու դեպքում է: Նա, ըստ էության, ասում է՝ իմ շեֆը, չնայած սովորական մահկանացու է, բայց մարմնավորում է ձեր հավատը, եւ ծաղրել նրան նշանակում է՝ ծաղրել Աստծուն, առաքյալներին, մարգարեներին, հրեշտակներին: Այդ մոտեցմանը ես դեմ եմ: Ինչպես իմ հոդվածը կամ իմ թերթը կարող է մեկին դուր գալ, մյուսին դուր չգալ, եւ երկրորդ դեպքում ընթերցողն իրավունք ունի ինձ հետ վիճելու, ինձ քննադատելու եւ ինձ ծաղրելու, այդպես էլ ցանկացած հոգեւորականի, այդ թվում՝ կաթողիկոսի գործունեությունը կարող է մեկին համոզիչ թվալ, մյուսին՝ անհամոզիչ, վստահելի կամ ոչ վստահելի: Ցանկացած մահկանացուի մասին կարող են գրվել հոդվածներ, նկարվել ծաղրանկարներ, պատրաստվել հաղորդումներ:
Ուրիշ հարց, թե ինչ պետք է անել՝ համոզիչ եւ վստահելի լինելու համար: Այդ հարցը վերաբերում է, իհարկե, բոլորիս՝ թե հոգեւորականներին եւ թե աշխարհականներին: Դա ծանրագույն խնդիր է, որովհետեւ մարդկանց մեծամասնությունը ոչ մեկին եւ ոչնչին, բացի փողից, չի հավատում: Ելքը, հավանաբար, մեկն է՝ անկեղծ լինել. այն պահից, երբ ուղիղ եթերը եւ տեսագրությունը դարձել է առօրյա երեւույթ, կեղծելն այլեւս անհնարին է: Դու կարող ես աշխարհիկ կամ եկեղեցական «բեմերին» հրաշալի բառեր արտասանել, գեղեցիկ ծեսեր իրականացնել, բայց եթե կադրում խոշոր պլանում հայտնվում են քո աչքերը, դիտողը հեշտությամբ կարող է հասկանալ՝ արդյո՞ք քո մտքերն ու բառերը նույն տեղում են, թե՞ առաջինը «թեւածում է» բոլորովին այլ՝ շատ ավելի ցածր ոլորտներոմ: Դա պարզ է նույնիսկ անփորձ աչքի համար:
…Իսկ ծաղրանկարներից թող Էրդողանը վիրավորվի:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կաթողիկոսը եւ նրա ստորադս պաշտոնյաները «չեն հասկանում» կրոնի ու հավատի (հավատքի) տարբերությունը: Կաթողիկոսներից 7-ը, սկսած Առաքելական եկեղեցու հիմնադիր եւ Հայքի առաջին արտաքին կառավարիչ (արքեպիսկոպոս՝ կաթողիկոս) Գրիգորիոս (Պարթև) Ֆոստիրը, օտարազգիներ են եւ Հայոց պետականության ավերիչներ:
Թշնամու կողմից գրավված հայոց տարածքներում կան լիքը ծպտյալ հայեր, որոնք թշնամու կրոնն են ընդունել, բայց հայ էությունը պահպանել են իրենց հոգու խորքում: Աստվածը բոլոր ազգերի համար մեկն է, բայց ամեն ազգ ունի իր սեփական յուրահատուկ միակ ազգային ճանապարհը դեպի այդ միակ Աստվածը: Ինչո՞ւ մենք ունենք շատ որակով ազգային լեզու, ազգային երգ ու պար, եւ ընդհանրապես ազատության պայմաններում մեր ազգային արարիչ միտքը ոչնչով պակաս չէ այլ ազգերի շնորհքներից, բայց սեփական ազգային հայոց հոգեւոր ուղի դեպի Աստված չունենք, ավելի ճիշտ ունենք, բայց թշնամու կողմից գրավված հայոց հոգեւոր տարածքներում մենք բոլորս էլ ստիպված ծպտյալ հայեր ենք: Եթե վաղը թշնամին արգելի հայոց լեզուն ու գրերը, մենք է՛լ ավելի խո՞րը ծպտյալ պետք է դառնանք: Կարծում եմ, քանի դեռ մենք մեր հոգեւոր ուղին չենք վերականգնել դեպի Աստված, Աստծո ամենազորությունից չենք կարող օգտվել որ դառնանք ազատ ու կմնանք անվերջ գրավված թշնամիների կողմից ու այդ թշնամի բայց ազատ ազգերի հետեւից գնացող: Հայը չի կարող անկեղծ լինել Աստծո հետ, եթե հայերեն չի զգում, իսկ ուրիշի կրոնը հայերեն չի կարող լինել ամբողջովին, դրա համար էլ անկեղծ չի ստացվում, դե Աստված էլ հային ուշադրություն չի դարձնում: Համ էլ Աստվածս որն ա, պետք է ասել Արարիչ: